Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՆԻԿԱԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"Այն «Մարտի 1»-ի գործով տվել է որպես վկա հարցաքննված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն
Ավետիս Ավագյանը:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան իրավունք ունի հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց եւ «հրաժարվել նյութեր ու տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրգործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ»: Վկան նաեւ իրավունք ունի հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։ Սակայն «Մարտի 1»-ի գործով հարցաքննված տուժողներից ու վկաներից խիստ քչերն են օգտվել իրենց այդ իրավունքներից: Մինչդեռ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը, որը օգոստոսի 15-ին հարցաքննության է գնացել փաստաբան Լուսինե Սահակյանի հետ՝ լիարժեք օգտվել է իր իրավունքներից: Եվ դրա հետեւանքը ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ա. Գրիգորյանի հարցերին նրա պատասխաններն են, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

– Քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ Դուք ունեցել եք առնչություն ՀՀ նախագահի 19.02.2008թ. կայացած ընտրություններից հետո՝ 2008-ի փետրվարի 20-ից առ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում օրենքի խախտմամբ կազմակերպված լայնածավալ հրապարակային միջոցառումների՝ հանրահավաքների, նստացույցերի, երթերի կազմակերպմանը։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր դերակատարությունը այդ գործում։

– Օգտվելով իմ իրավունքից՝ հրաժարվում եմ իմ վերաբերյալ ցուցմունքներ տալուց։

– Ձեւակերպենք հարցը այլ կերպ: Ո՞ւմ կողմից են կազմակերպված եղել ՀՀ նախագահի 19.02.2008թ. կայացած ընտրություններից հետո՝ 2008 թվականի փետրվարի 20-ից առ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում օրենքի խախտմամբ կազմակերպված լայնածավալ հրապարակային միջոցառումները, ինչպիսի՞ն է եղել ընդդիմության առաջնորդների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գուրգեն Եղիազարյանի, Շանթ Հարությունյանի եւ այլոց դերակատարությունը։

– Օգտվելով իմ իրավունքից՝ ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց։

– Դուք իրավունք ունեք հրաժարվել Ձեր կամ Ձեր մերձավորների վերաբերյալ ցուցմունքներ տալուց, իսկ այլ անձանց վերաբերյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Ի՞նչ առումով է Ձեզ վերաբերվում վերոհիշյալ հարցը, որին հրաժարվեցիք պատասխանել։

– Եթե ես պատասխանեմ այդ հարցին, ապա դա կնշանակեր, որ ես տեղյակ եմ կամ անտեղյակ եմ այդ հարցի վերաբերյալ, եւ այդ առումով այդ հարցը վերաբերվում է ինձ, եւ ես հրաժարվում եմ դրան պատասխանելուց։

– Որտե՞ղ եք եղել 2008-ի մարտի 1֊ին, այցելե՞լ եք արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, եթե այո, ապա ո՞վ է այնտեղ եղել եւ ի՞նչ գործունեությամբ է զբաղվել։

– Հարցը վերաբերվում է ինձ, օգտվելով իմ իրավունքից՝ ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց։

– Ո՞վ է կազմակերպել եւ ղեկավարել Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում օրենքի խախտմամբ կազմակերպված հանրահավաքը, այն անցկացնելու որոշումը ո՞վ է կայացրել։

– Հարցը վերաբերվում է ինձ, օգտվելով իմ իրավունքից՝ ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց։

– Քննության տրամադրության տակ կան ապացույցներ, որ Դուք տեղյակ եք եղել 2008-ի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում օրենքի խախտմամբ տեղի ունեցող հանրահավաքի եւ դրան զուգորդած զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ դադարեցման մանրամասների վերաբերյալ, մասնավորապես, որ այդ ամենը դադարեցվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

– Հարցը վերաբերվում է ինձ, օգտվելով իմ իրավունքից՝ ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց։

– Քննության տրամադրության տակ կան ապացույցներ, որ Դուք տեղյակ եք եղել Ալեքսանդր Արզումանյանի եւ Արարատ Զուրաբյանի՝ իրավապահ մարմիններից թաքնվելու վայրի մասին, թաքնվելուն աջակցելու համար վերջիններիս նորություններ եք հայտնել, ձեռնամուխ եք եղել վերջիններիս նոր բջջային հեռախոսներով եւ ՏIM-քարտերով ապահովելու գործին։ Դա ո՞ւմ ցուցումով եք կատարել, ինչո՞ւ են նրանք դեռ մինչեւ ընտրությունները բնակարան վարձակալել, ո՞ւմ միջոցով։ Ի՞նչ կասեք այդ ամենի կապակցությամբ։

– Ձեր հարցը վերաբերվում է իմ ենթադրյալ գործողություններին, օգտվելով իմ իրավունքից՝ ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց։

Հ. Գ. Եվ այնուամենայնիվ՝ եղել են հարցեր, որոնց Ավետիս Ավագյանը պատասխանել է: Ասենք, հարցին, թե ինչպիսի՞ն են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի տվյալները ընտրությունների արդյունքների մասին՝ նա պատասխանել է. «Ինձ պաշտոնապես հրապարակված արդյունքները վստահություն չեն ներշնչում։ Դրանով ցանկանում եմ եզրափակվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել