Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղքը գցեց Քոչարյանի վրա

Հոկտեմբեր 15,2008 00:00

Ըստ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի՝ Դավիթ Հովհաննեսի եւ Արտեմ Հարությունյանի մրցանակների պատասխանատուն ՀՀ երկրորդ նախագահն է:

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին գրականագետ, «Նոր դար» գրական ընկերության ղեկավար Աբգար Ափինյանն ու Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Ա. Ափինյանն իր խոսքը սկսեց Գրողների միությանը վերաբերող «Նոր դարի» հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի գրողների միության իշխող սկզբունքը համահարթեցման գազոնային քաղաքականություն է: Միությունում իսպառ ոչնչացված է գրական քննադատությունը, միությունն ընդունում է միայն մեկ կարծիք՝ դիֆերամբ ու փառաբանություն, այն էլ իրենց ցուցակում հայտնված մարդկանց հասցեին: Ստեղծված է թայֆայական մթնոլորտ, որը չի հանդուրժում ճշմարիտ խոսքը: Քննադատության ամեն մի փորձ խստորեն պատժվում է… Օրինակ, ՀԳՄ վերջին քննարկումներից մեկը վերածվել է տուրուդմփոցի… Պետմրցանակակիր մի ձախողակ՝ Արտեմ Հարությունյանը, հայտարարեց, որ իր գրչակից Սասուն Գրիգորյանի գիրքը տանելու է զուգարան, վերջինս էլ սպառնաց ջարդել մրցանակակիր գրողի գլուխն ու այդպես ավարտվեց գրական այդ քննարկումը… ՀԳՄ-ում իշխում է վախի ու ստրկամտության մթնոլորտ… Ամեն ինչի պատասխանատուն ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն է»:

Հ. Գրիգորյանի խոսքերով՝ այն, ինչ ներկայացրեց Ա. Ափինյանը՝ բացահայտ սուտ է. «Ես չեմ էլ ուզում պատասխանել, որովհետեւ այնքան բացահայտ սուտ է, որ չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: Այնքան սուտ է, որ ինքն իր ասածից ժպտում է… Ինչ վերաբերում է «Նոր դար» ամսագրին, վերջինս տարեցտարի կորցրեց իր դեմքն ու տաղանդավոր մարդիկ հետզհետե լքեցին այն»: Հ. Գրիգորյանը նաեւ ասաց, որ ՀԳՄ-ում ոչ միայն չի բացակայում քննադատությունը, ինչպես Ափինյանն է պնդում, այլեւ դրա ավելցուկ կա: Դիմելով Ա. Ափինյանին՝ ՀԳՄ քարտուղարը նշեց, որ չէր խառնվի այս պատմությանը, եթե վերջինս բոլոր գրողներին վիրավորած չլիներ. «Դու ասում ես Լեւոն Անանյան, բայց նա միանձնյա գոյություն չունի, նա որեւէ հարց ինքնագլուխ չի որոշում: Նրա բոլոր որոշումները, որոնցում դու նրան մեղադրում ես, կատարվում են նախագահության, վարչության համաձայնությամբ: Լեւոն Անանյան անունը խիստ պայմանական է»: Հ. Գրիգորյանը հավելեց, որ կհարգեր Ա. Ափինյանին, եթե վերջինս վերածվեր իսկական օպոզիցիոն գրական հոսանքի. «Նա վերածվել է ծայրաստիճան վիրավորական մեղադրողի: Նա մեղադրում է սպանության, գողության, թալանի մեջ»:

Ի պատասխան՝ Ա. Ափինյանն ասաց. «Պարոն Գրիգորյան, ես խնդրում եմ ամեն բառի համար պատասխան տալ: Այդ ո՞ւմ եմ սպանության մեջ մեղադրել»: «Լեւոն Անանյանին: Դատարան ուղղված ձեր բոլոր նամակների մեջ…»,- հնչեց պատասխանը: ՀԳՄ քարտուղարն, անդրադառնալով «Նոր դարից» վերցրած սենյակների պատճառով Ա. Ափինյանի բարձրացրած աղմուկին, հայտարարեց. «Ափինյանն ունի համակիրների մի խումբ որոնք, պարզապես, ուզում են Լեւոն Անանյանին հանել: Պարոն Ափինյան, դուք ունե՞ք ձեր պատճառները, դե ասեք…»: «Նոր դարի» ղեկավարն էլ՝ «Ասե՛մ, Լեւոն Անանյանը պետական մրցանակ է տվել հետեւյալ բանաստեղծություններին՝ «Հացով, պ…-ով, 06-ով», կամ «Մանկահասակ երկու քած/, մեկը՝ նիհար, մեկը գեր/, մոր կոշիկները հագած՝ /բոզության են դուրս եկել/… Կամ էլ Դավիթ Հովհաննեսի գրած այս բանաստեղծությանը՝ «Բանաստեղծ եմ, բանաստեղծ,/ սեր եմ երգում, անրջում,/ իսկ ինչ լինում է երկրում, փաթթել եմ իմ կույս առնուն»/… Չեմ հասկանում, նախագահ Քոչարյանը ինչքա՞ն քաջություն ունեցավ ստորագրելով այդ մրցանակը»: Հ. Գրիգորյանը փորձեց արդարանալ. «Շատ կներեք, բայց մրցանակը Գրողների միությունը չի տալիս: Դա պետական մրցանակ է, որը տվել է պետությունը եւ որի տակ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունն է»:

Երբ ՀԳՄ-ից հեռացված անդամներին թվարկելիս Ա. Ափինյանն ասաց, որ 35 թվից հետո վերջինը Չարենցն էր, ապա՝ ինքը, Հ. Գրիգորյանը նետեց. «Չարենցը չի հեռացվել, նրան գնդակահարել են՝ այ այսպիսի անհանդուրժողականության մթնոլորտներ ստեղծելու պատճառով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել