Երեկ լրացավ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության՝ իշխանությունների հետ առճակատման մեկ տարին
Ինչպես հայտնի է՝ հանրապետության միակ անկախ հեռուստաընկերությունը մեկ տարի շարունակ հետապնդվում էր, քանի որ «սխալվել» ու հեռարձակել էր հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: Դրանից անմիջապես հետո իշխանությունները փորձեցին «կարգի հրավիրել» հեռուստաընկերությանը. հեռացրին բոլոր գովազդատուներին, ակնհայտորեն «գործ սարքելով» հեռուստաընկերության գլխին՝ հսկայական տուգանքների ենթարկեցին, փորձեցին խլել հեռուստաաշտարակը: Այն պաշտոնյաները, ովքեր իրենց լուման ունեցան «ԳԱԼԱ»-ին հալածելու գործում, երեկ մեկ անգամ եւս խայտառակվեցին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որտեղ բացվեց հեռուստաընկերությանը նվիրված ցուցահանդես: Այս ամբողջ ընթացքում «Ասպարեզը» հավաքել էր ԳԱԼԱ-ին նվիրված նյութերը՝ մամուլի հրապարակումները, «վնասատուների» նկարները եւ այլն: Ակումբի առաջին հարկի պատերին կարելի է տեսնել Ռոբերտ Քոչարյանի, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի, Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի ջղաձգված դեմքերը պատկերող լուսանկարները, իսկ Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանի լուսանկարի տակ գրված է նրա հայտնի նախադասությունը. «ես զզվիմ գը «ԳԱԼԱ»-ից»:
Ցուցահանդեսի բացման ժամանակ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Մեզ ցուցահանդես բացելու առաջարկություն արել է լրագրող Համլետ Մոսինյանը, ասելով, որ հարկավոր է սա պատմություն դառնա, ոչ թե մոռացվի-գնա, միամիտ ենթադրությամբ, թե «ԳԱԼԱ»-ի խնդիրը լուծվել է: Ես քանիերորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ սա միայն «ԳԱԼԱ»-ի խնդիրը չէ, բոլորին է վերաբերում, եւ էս կռիվը հավերժական է: Շատերն ինձ քննադատում են հետեւողական քննադատությունների համար, բայց դա ոչ թե հիշաչարություն է, այլ ներդրում՝ հանուն ապագայի: Մենք պարտավոր ենք անընդհատ հիշել ու հիշեցնել ամբողջ պատմությունը, անընդհատ ցույց տալ այն վնասատուներին, որոնք փորձեցին այս դեպքում անհաջող ձեւով ոտնահարել մեր ազատությունները՝ խոսքի ու մամուլի ազատությունը, մյուսներին թող դաս լինի, հանգիստ չենք թողնելու սրանց՝ մինչեւ ամենավերջին պաշտոնանկումը: Սա է մեր ցուցահանդեսի հիմնական թիրախը, եւ այս ցուցահանդեսը մնալու է այնքան, որքան կա ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Չմոռանան այն առճակատումը, որը տվեց հեռուստաընկերությունը եւ նրա կողքին մի քանի տասնյակ հազար մարդ, երբեւէ գուցե ստացվի այնպես, որ այդ նախադեպային մեկ օրինակը իսկապես նախադեպ լինի մնացած բոլոր հեռուստաընկերությունների համար, որոնք եթերազրկվեցին եւ որոնք, դժբախտաբար, չեն կարող մինչեւ օրս ազատորեն գործել, իրենց լրատվական քաղաքականությունը մշակել եւ վարել այնպես, ինչպես խմբագրակազմը, լրագրողներն են կամենում եւ ոչ թե ինչպես կամենում է, օրինակ, Վիկտոր Սողոմոնյանը (Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղարը-Ն.Ա.), որի հեռախոսազանգից հետո այս առճակատումը սկսվեց: Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ին, երբ «ԳԱԼԱ»-ն անոնս տվեց, որ երեկոյան եթեր է հեռարձակվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ, մինչ ելույթի եթեր արձակվելը, այս երիտասարդը հորդորեց եթեր չտալ ելույթը, եւ երբ մերժում ստացավ, սկսվեց այս ճակատամարտը, թե՝ չփոշմանեք: Մենք որպես լրագրողական կազմակերպություն, չենք փոշմանել, որ այս կռիվը եղել է ու մենք մեր պարտքն ենք կատարել: Եթե փոշմանող կա, ապա հենց էս ջահելն է, որ փոշմանեց եւ այն կատարածուները, որոնք հլու-հնազանդ լծվեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերազրկելու հանձնարարականի իրականացմանը»: