Հոկտեմբերի 1-ից խանութներում վաճառվող հացը պետք է լիներ մակնշված, տոնավաճառներում պետք է տեղադրված լինեին ՀԴՄ-ներ, իսկ բենզալցակայաններում՝ հանրային զուգարաններ:
Յուրաքանչյուր շաբաթ մեր կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները տասնյակ որոշումներ եւ օրենքներ են ընդունում, սակայն այդ օրենքների մեծ մասն այդպես էլ մնում է թղթի վրա, եւ դրանց գոյության մասին մոռանում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ դրանց հեղինակներն ու պետական պաշտոնյաները: Հարյուրավոր օրենքների նախագծեր էլ կառավարության հավանությանն արժանանալուց հետո ուղարկվում են ԱԺ ու տարիներով «քնում» են այնտեղ: Օրինակ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունների համաձայն, այս տարվա հոկտեմբերի 1-ից խանութներում վաճառվող հացերը պետք է լինեն պարտադիր հայերեն մակնշմամբ, որտեղ պետք է նշված լինի հացի քաշը, գինը եւ տեղեկություններ արտադրողի մասին: Սակայն այսօր մայրաքաղաքի ցանկացած խանութում վաճառվում է անհայտ ծագման հաց, որի քաշի, բաղադրության կամ արտադրողի մասին սպառողը չի կարող տեղեկանալ: Օրենքի խախտման համար սահմանված է մինչեւ 100 հազար դրամ տուգանք, սակայն Երեւանի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Մեխակ Ղազարյանի հավաստմամբ, առ այսօր հստակեցված չէ, թե ով է իրավասու կիրառել այդ տուգանքը՝ իրենց տեսչությո՞ւնը, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինները: Այսինքն՝ ցանկացած տնտեսվարող կարող է իր խանութում ազատ վաճառել մակնշում չունեցող հաց, ու վստահ լինել, որ դրա համար չի տուգանվի: Մ. Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հիմա իրենք պատրաստում են որոշման նախագիծ, որպեսզի այդ լիազորությունները վերապահվեն իրենց տեսչությանը: Ինչ վերաբերում է օրենքի խախտման դեպքերին, ապա, պարոն Ղազարյանի հավաստմամբ, իրենց տեսչության աշխատակիցներն ամեն օր մայրաքաղաքի խանութներում ստուգումներ են իրականացնում եւ մակնշումների հետ կապված խնդիրներ հայտնաբերում են հիմնականում մայրաքաղաքի ծայրամասային խանութներում:
Այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել մեկ այլ որոշում, ըստ որի՝ մայրաքաղաքի բոլոր բենզալցակայաններում դրանց տերերը պետք է տեղադրեին հանրային զուգարաններ: Այս առաջարկը կառավարություն էր ներկայացրել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Սակայն որոշումը կառավարության հավանությանն արժանանալուց հետո անուշադրության մատնվեց, քանի որ առ այսօր որեւէ բենզալցակայանում հանրային զուգարան գոյություն չունի, ավելին՝ դրանց տերերը նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց սեփական միջոցների հաշվին հասարակության համար պետք է զուգարաններ կառուցեն: Այս առնչությամբ Էկոնոմիկայի նախարարության ճյուղային եւ տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչության պետ Հայկ Միրզոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք գրավոր դիմել են մարզպետարաններին, որոնք պետք է համայնքներին հանձնարարեին ապահովել խնդրի կատարումը: Հ. Միրզոյանն ասաց նաեւ, որ պատրաստվում են շրջայցեր կատարել՝ ստուգելու, թե որքանով են համայնքները հետեւողական այդ հարցում:
Անուշադրության մատնվեց նաեւ տաքսիների լիցենզավորման մասին մեծ աղմուկ բարձրացրած օրենքը, որը պետք է կյանքի կոչվեր դեռեւս 2005-ին, սակայն այդ տարի օրինագիծն անգամ ԱԺ-ում քննարկման չդրվեց: Միայն հաջորդ տարի՝ 2006-ին օրինագիծն ընդունվեց, սակայն դրանից ոչինչ չփոխվեց, քանի որ տաքսիները շարունակեցին աշխատել նախկինի նման՝ առանց լիցենզավորման: Նախորդ տարի տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշեց տաքսիների լիցենզավորման նոր կարգ մշակել եւ կառավարությանը ներկայացրեց օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, ըստ որի՝ մինչեւ 2007-ի օգոստոսի 1-ը հանրապետության բոլոր տաքսիները պետք է ունենային դեղին պետհամարանիշներ, հաշվիչ սարքեր, ազատ լինելու կամ պատվիրատու ունենալու մասին հավաստող լուսարձակներ, իսկ թափքի կողային մասում՝ շախմատաձեւ տարբերանշան: Տաքսիների վարորդների մի քանի ցույցերից եւ նախագահին ու վարչապետին ուղղված դիմում-բողոքներից հետո որոշվեց վերանայել ժամկետները: Այս անգամ էլ լիցենզավորվելու համար տաքսու տերերին ժամանակ տրվեց մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը, հակառակ դեպքում նրանք կպատժվեին. առաջին անգամ՝ 20 հազար, երկրորդ անգամ՝ արդեն 40 հազար դրամով, իսկ հետո վարորդը կզրկվեր տաքսի վարելու արտոնագրից: Արդեն 7 ամիս է, ինչ այս որոշումն ուժի մեջ է մտել, սակայն տաքսիների մեծ մասը դեռ աշխատում է առանց լիցենզավորման ու հաշվիչ սարքերի, եւ դրա համար մինչ օրս որեւէ տաքսի ծառայության ղեկավար կամ վարորդ չի տուգանվել, ինչը նշանակում է, որ այս անգամ էլ մեր կառավարությանը չհաջողվեց, իրենց խոսքերով «բավականին մեծ ստվեր ունեցող» բիզնեսը հարկային դաշտ բերել: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս օրենքը ԱԺ-ում անցել է միայն առաջին ընթերցմամբ, եւ տաքսիների լիցենզավորման հարցը պարզ կլինի, երբ օրենքը կընդունվի նաեւ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը» միակը չէ, որը տարիներով քննարկվում է թե կառավարությունում, թե ԱԺ-ում, սակայն վերջնակետի չի հասնում: 2004-ին ընդունվել է նաեւ ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքը, որի նպատակը տնտեսվարողների ստվերային եկամուտները հարկային դաշտ բերելն էր: Շուրջ 4 տարի օրենքն անուշադրության էր մատնվել: Այս տարի կառավարությունը որոշեց, որ տոնավաճառներն ու առեւտրի բոլոր կետերը պարտադիր պետք է ՀԴՄ տեղադրեն եւ օգտագործեն դրանք: Մի քանի անգամ ժամկետներ սահմանելուց եւ դրանք երկարաձգելուց հետո, ՀԴՄ-ների տեղադրման վերջնաժամկետ սահմանվեց այս տարվա հոկտեմբերի 1-ը: Դատելով նրանից, որ այսօր «Հրազդան» տոնավաճառում կամ «Ֆիրդուսի» շուկայում ոչ մի ՀԴՄ չի տեղադրվել, կարելի է եզրակացնել, որ այս օրենքը եւս ձախողվածների շարքում է:
Թերեւս հարկ է, որ մեր պետությունը ստեղծի օրենքների կատարումը վերահսկող կոմիտե կամ վարչություն, որը այս կամ այն գերատեսչությանը կպարտադրի օրենքով սահմանված ժամկետում կատարելու իր վրա դրված պարտավորությունները: