Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԸ

Հոկտեմբեր 15,2008 00:00

«Չի գտնվի որեւէ հրամանատար, որն այն ժամանակ այդպես մտածեր: 1993թ., երբ սկսվեց ազատագրման գործընթացը, յուրաքանչյուր հրամանատար իր առջեւ խնդիր էր դրել՝ ինչպե՞ս խաղաղ բնակչությանը պաշտպանել ռմբակոծությունից եւ ստեղծել անվտանգության գոտի՝ մեր պաշտպանությունը ծավալելու համար: Ես գտնում եմ, որ ոչ մի պաշտոնյա այսօր չի կարող նստել իր սենյակում եւ որոշումներ կայացնել, թե ինչքան հող եւ ում պետք է հանձնի: Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ ունի զիջելու»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը: Սույն հայտարարությունը նա արել է՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որ 1992-93թթ. նրանք, ովքեր ազատագրում էին տարածքները, գիտեին, որ հետագայում դրանք հանձնելու են ԼՂ-ի կարգավիճակի դիմաց: Արթուր Աղաբեկյանը խոստացել է տարիներ հետո հրապարակել 1994թ. աշնանը իր եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ Ֆիզուլիում տեղի ունեցած զրույցը: «Ոչ մի թիզ հող՝ թշնամուն»,- սա է Արթուր Աղաբեկյանի կարգախոսը: Իսկ եթե Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, համարձակվի ԼՂ հարցում իր աշխատասենյակում որոշում կայացնել, ապա «ՀՅԴ-ն իր գործողությունները կծավալի մինչեւ որոշում կայացնելը»,- խոստանում է Արթուր Աղաբեկյանը: Վերջինիս հետ բանավիճող ՊՆ մեկ այլ նախկին փոխնախարար՝ ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը գտնում է, որ եթե աշխարհը որոշեց, ապա այդ տարածքները պետք է վերադարձվեն, քանի որ Հայաստանը չունի հակազդելու որեւէ հնարավորություն. «Կտրված է ժողովրդի եւ իշխանության կապը, իշխանությունը տարանջատված է ժողովրդից, կորսված է վստահությունը, մինչդեռ սրանք են այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է հակազդեցություն»: Պաշտպանության մասին նոր օրենքը ժամանակավրեպ է, քանի որ Հայաստանը ներկայում գտնվում է ռազմաքաղաքական այնպիսի իրադրության մեջ, որում աննպատակահարմար է կատարել զինված ուժերի կառավարման համակարգի փոփոխություն: Սա Վահան Շիրխանյանի տեսակետն է ԱԺ-ում քննարկվելիք պաշտպանության մասին օրենքի վերաբերյալ: Վ. Շիրխանյանի կարծիքով, այդ օրենքը փաստացի ենթադրում է բանակի կառավարման ռուսական համակարգից անցում արեւմտյանի: Արթուր Աղաբեկյանի մատուցմամբ՝ օրենքը նախատեսում է, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքացիական անձ, պետք է ներկայացնի կառավարող քաղաքական ուժը, որպեսզի քաղաքական ուժերը նաեւ պաշտպանության բնագավառի համար կրեն կոնկրետ պատասխանատվություն: Ա. Աղաբեկյանը նշել է նաեւ, որ բարձրացվում է Գլխավոր շտաբի դերը, իսկ շտաբի պետը դառնում է հանրապետության ամենաբարձրաստիճան զինվորականը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել