Լրահոս
Օրվա լրահոսը

Քրգործ չի հարուցվել

Հոկտեմբեր 15,2008 00:00

Պարզվում է, որ մարդուն ոստիկանություն ապօրինաբար բերման ենթարկելու փաստը դժվար ապացուցելի է:

Սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները «կարմիր բերետավորների» աջակցությամբ հերթական անգամ հարձակվել էին Հյուսիսային պողոտայում անժամկետ հացադուլ հայտարարած մի քանի կանանց եւ պողոտայում քաղաքական զբոսանքի դուրս եկած մարդկանց վրա: Այդ «օպերացիայի» ընթացքում Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել ՀՀ ԱԳ նախկին նախարարի մամուլի նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինիս ասելով, դա տեղի էր ունեցել երեկոյան ժամը 22:45-ի սահմաններում, երբ ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը սկսել էր գոռգոռալով խոսել իր հետ եւ հրելով մոտեցրել դեպի այն խումբը, որտեղ կանգնած էին եղել Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, նրա տեղակալը եւ ոստիկանության այլ ներկայացուցիչներ: Կենտրոնի ոստիկանապետն իր աշխատակիցներին հրամայել էր Վլ. Կարապետյանին ձերբակալել եւ տանել բաժին: ՀԱԿ ներկայացուցչին քաշքշելով նստեցրել էին ոստիկանական մեքենա ու տարել բաժին, որտեղ պահել էին 25-30 րոպե՝ առանց իրավական որեւէ հիմնավորման, բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու, նրան նաեւ թույլ չէին տվել հեռախոսով կապվել փաստաբանի հետ եւ ապա՝ էլի առանց բացատրության, բաց էին թողել: Ի պատասխան «Panorama. am»-ի թղթակցի հարցին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել էր, թե՝ «Վլ. Կարապետյանին տարել են բաժին՝ անձը ճշտելու համար»: «Կարծում եմ, հարկ է Կենտրոնի ոստիկանության բաժնի պետից այդ գործողությունների իրավական գնահատականը պահանջել»,- այդ օրը հայտարարել էր ԱԳ նախկին նախարարի նախկին խոսնակը: Նա հետեւողական էր գտնվել եւ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Կենտրոնի ոստիկանապետի գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով: Սույն դիմումը գլխավոր դատախազը վերահասցեագրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Քրգործ այս փաստի առիթով դեռ չի հարուցվել, բայց երեկ ՀՔԾ քննիչ Հեկտոր Սարդարյանը Վլ. Կարապետյանին հրավիրել է ծառայություն՝ նրանից գործի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով: Բանն այն է, որ Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանը ՀՔԾ-ում բացատրություն է տվել, թե Վլ. Կարապետյանին, որին, իբր, չի ճանաչում, ընդամենը բացատրել է, որ «չարտոնված հավաք թույլատրելի չէ»:

ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը Վլ. Կարապետյանին բերման ենթարկելու մասին լռել է, իսկ Կենտրոնի ոստիկանապետ Ա. Մեհրաբյանն ընդհանրապես հերքել է, թե ՀԱԿ ներկայացուցիչը բերման է ենթարկվել: Վլ. Կարապետյանի ասելով, ինքը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսել, քանի որ մինչ այդ ոստիկանության աշխատակիցներն արդեն իրեն բերման ենթարկելու փաստը բացատրել էին «անձը ճշտելու» հանգամանքով:

ՀԱԿ ներկայացուցիչը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ստեղծված իրավիճակում ինքը երկու տարբերակ ունի. կամ՝ ճնշում գործադրել, որպեսզի հարցը իրավապահ համակարգի շրջանակներում լուծում ստանա եւ պատժվեն մեղավորները, կամ՝ նրանց գործողությունների օրինականությունը վիճարկել դատական կարգով. «Ես վստահ չեմ, որ այն վիճակում, որում գտնվում են մեր դատարանները, ինձ խնդրի լուծման արդյունավետ միջոց կառաջարկվի, բայց ես ունեմ համբերություն եւ համարում եմ, որ սա կարեւոր նախադեպ է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, եւ անհրաժեշտ է մինչեւ վերջ գնալ՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: Հատկապես այս երեք ոստիկանները, որոնք ի ցույց դրեցին իրենց մարդկային ստորությունը՝ գրավոր փաստաթղթում ստեր գրելով, արժանի չեն պաշտոններ զբաղեցնելու: Պետք է ամեն ինչ արվի, որ նրանք հեռացվեն իրենց պաշտոններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել