Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՌՆԱԼՈՎ «ՀԻՄԱ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ»

Հոկտեմբեր 15,2008 00:00

\"\"Այս արտահայտությունը մեջբերում է «Մարտի 1»-ի քրգործի նյութերից

«Մարտի 1»-ի մայր գործի մի մասն էլ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի ելույթներն են հանրահավաքների ժամանակ: Դրանցով, ըստ երեւույթին, պիտի ապացուցվի, թե նրանք իրոք զանգվածային անկարգություններ են կազմակերպել եւ յուրացրել պետական իշխանությունը: Ելույթների ձայնագրությունը դարձյալ իրականացրել է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը:

Եվ այսպես՝ փետրվարի 20-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում Արարատ Զուրաբյանը մասնավորապես հայտարարել է. «Մենք չենք կարող հավատալ նրանց, ովքեր խոսում են արտաքին ճանապարհները բացելու մասին, բայց փակում են իրենց երկրի ներսի ճանապարհները: Ուշադիր նայեք՝ Մաշտոցի պողոտայով հիմա ոչ մի երթուղային տաքսի չի անցնում: Նույնիսկ նրանք իրենց այսօրվա եկամուտը կորցրել են, բայց ամեն ինչ արել են, որ այստեղ մարդ չհավաքվի: Բայց ես համոզված եմ՝ րոպե առ րոպե մեզ միանում են մեր նոր ընկերները, եւ ես համոզված եմ, որ մենք այստեղից հեռանալու ենք միայն հաղթանակի դեպքում»:

Փետրվարի 21-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, ըստ 35-րդ հատորում առկա արձանագրության նշումի՝ «ՀՀ արտաքին գործերի նախարար» Ալեքսանդր Արզումանյանը մասնավորապես հայտարարել է. «Մենք հաղթել ենք եւ ապացուցելու ենք, որ հաղթել ենք, եւ այդ փաստի հետ համակերպվելու է ողջ աշխարհը»:

Այդ նույն հանրահավաքում, ինչպես նշված է գործում. «Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, երբ նա, սպառնալով «հիմա» կարգախոսով, վերջնագրեր է ներկայացրել»՝ ելույթ է ունեցել Արարատ Զուրաբյանը. «Ես մի քանի խոսք կասեմ, խնդրում եմ չզարմանալ, կռիվ չանել. ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իշխանություններին: Շնորհակալություն հայտնել, որ նրանք մեզ հնարավորություն տվեցին լավ համախմբվել, իրար հետ կանգնել, մինչեւ վերջ պայքարել եւ հասնել հաղթանակի»: Քիչ անց հավելել է. «Պետք լինի՝ մի գիշեր չէ, մի քանի գիշեր կմնանք: Եվ երբ կգա այդ «հիմա»-ն, այդ օրը, ես կարծում եմ՝ մենք բոլորս իրար հետ վստահ կանենք այն, ինչ պետք է անենք»:

Կան նաեւ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ ԱԱԾ-ի արած ձայնագրությունների վերծանումները: Ըստ այդմ՝ Արարատ Զուրաբյանն ընդամենը բացականչել էր. «Ողջույն ժողովուրդ, մենք հպարտանում ենք ձեզանով, մենք հաղթելու ենք»: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի ելույթն էլ այսքանն է. «Սիրելի ժողովուրդ, ամբողջ աշխարհը հպարտանում է ձեզանով, մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, հաղթանակը արդեն շատ մոտ է: Մնաց ընդամենը 1-2 օր: Հաղթանակ»: Ավելի ուշ, ելույթում Արարատ Զուրաբյանն ասել էր. «Ուզում եմ հիշեցնել բոլորիդ՝ մենք չենք սկսել սա: Սա սկսել է մեր իշխանությունը, որը հարձակվել է առաջինը Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի վրա: Մենք պաշտպանվում ենք, մենք չենք հարձակվում: Բայց Աստված չանի, եթե նրանք փորձեն առաջ գալ. մենք ցույց կտանք նրանց՝ ինչպես կարող է պաշտպանվել հայ ժողովուրդը: Բոլորդ պահպանեք հանգստություն: Որեւէ բանից չվախենաք: Մենք հաղթել ենք, եւ մեր հաղթանակը վերջնական է լինելու»:

Շա՜տ հետաքրքիր կլինի ունկնդրել, թե նման ապացույցներով մեղադրող կողմը դատարանում ինչպե՞ս է փորձելու ապացուցել, որ այս գործիչներն արել են իշխանության բռնի տապալման կոչեր:

Ի դեպ, երեկ իշխանական թերթերից մեկը փորձելով ապացուցել, թե ընդդիմադիրները փետրվարի վերջին զենք եւ զինամթերք էին կուտակում՝ տպագրել է փետրվարի 20-ին ժամը 14:09-ին Ալեքսանդր Արզումանյանի եւ Վոլոդյա Հովհաննիսյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը մասնավորապես ասում է. «Հա, Վոլոդյա ջան, էն 9 հատ բան ունեիր (կմկմում է), սիգարետ, ինձ պետք ա լինելու»: Թերթը ենթադրել է, թե այդ «սիգարետ» կոչվածը զենքի կամ զինամթերքի հետ կապված ինչ-որ բան է. «Ամեն դեպքում, ակնհայտ է, որ գործ ունենք պայթուցիկի հետ»: Իրոք, չեն սխալվել՝ սա պայթուցիկ է. խոսքը գազի բալոնների մասին է: Եվ սա ապացուցված է հենց գործի նյութերով: Դեռ մի կողմ թողնենք, որ առկա է ընդամենը 5 րոպե անց՝ 14.14-ին նույն Վոլոդյա Հովհաննիսյանի, որն «Այգսերվիս» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ Ալեքսանդր Արզումանյանի զրույցի գաղտնալսումը, երբ վերջինս հարցրել է. «Դու կարող ա ասես՝ ի՞նչ ա դրա պակասողը, գուցե մե՞նք ճարենք», եւ «Այգսերվիս»-ի տնօրենը պատասխանել է. «10 կիլոյանոց բալոններ ա պետք՝ իրենց ռեդուկտորներով»: Գործում կա նաեւ նրա վարորդ Յուրա Պողոսյանի վկայությունը, որում խիստ աննպաստ արտահայտություններ կան ընդդիմադիրների հասցեին, բայց նույն մարդը ցուցմունքում նաեւ վկայել է, որ Վոլոդյա Հովհաննիսյանն իրեն հանձնարարել է «Այգ» խանութից վերցնել գազով սնուցվող 3 վառարան ու 9 հատ 10 կգ տարողությամբ գազի բալոն՝ իրենց ռեդուկտորներով, եւ դրանք տանել Ազատության հրապարակ. «Վոլոդյան ցուցում տալուց ինձ ասել է, որ Թատերական հրապարակում մոտենամ Ալեքսանդր Արզումանյանին, որը կոորդինացնում է այդ գործը, եւ կատարեմ նրա ցուցումները՝ մոնտաժեմ գազի վառարանները»: Փետրվարի 21-ի երեկոյան նաեւ գաղտնալսվել է Արզումանյանի հետ Յուրա Պողոսյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում նա հայտնել է, թե բերել է վառարանները: Փաստորեն՝ դրա՞նք են ապացույցը, թե ընդդիմադիրները եղել են զինված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել