Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Հոկտեմբեր 15,2008 00:00

\"\"Խորհուրդ է տալիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը

– LՂ հակամարտության կարգավորման շուրջ խոսակցությունը գնալով ավելի ու ավելի է ակտիվանում, եւ ընդդիմությունն ահազանգում է, թե իշխանությունները հարցը փորձելու են կարգավորել ամենեւին ոչ հայանպաստ դիրքերից: Իսկապե՞ս իշխանություններն ունեն նման տրամադրվածություն:

– Ես հասկանում եմ, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչները մթնոլորտը շիկացած պահելու կամ իրենց ընտրազանգվածին ակտիվ պահելու համար ստիպված են լինում դիմել սենսացիոն հայտարարությունների, բայց չեմ կարծում, թե ղարաբաղյան հիմնահարցն այն հարցն է, որը բարոյական է շահարկել: Մեր ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի եւ համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ չի փոխվել 1998-ից վեր: Ժողովուրդը նաեւ հիշում է, թե ինչն էր 1998-ի իշխանափոխության հիմնական պատճառը՝ այն, որ Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռյակը համամիտ չէր Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի դիրքորոշմանը հենց Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ամեն ինչ պարզ էր այն ժամանակ եւ պարզ է հիմա: Հասարակությունն Արցախում եւ Հայաստանում չի մոռացել այս ամենը: Ինձ համար անհասկանալի են որոշ ընդդիմադիրների հայտարարություններն, այսպես կոչված, զիջումների մասին: Ոմանք խոսում են զիջումների մասին, շատ լավ իմանալով, որ ցանկացած հակամարտություն լուծվում է փոխզիջումների ճանապարհով: Պատմության մեջ չի եղել մի պայմանագիր, որտեղ փոխզիջում չլինի: Փոխզիջումների վերաբերյալ խոսել են նաեւ ՀՀԿ-ն ու նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ կուսակցության, ե՛ւ նախագահի նախընտրական ծրագրերում նշված են այն կետերը, որոնց շուրջ չեն կարող լինել փոխզիջումներ: Այստեղ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հստակ է: Նախագահ Սարգսյանի կարծիքը նույնն է, եւ նա շարունակում է հավատարիմ մնալ հարցի այնպիսի լուծմանը, որին կողմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը, ղարաբաղյան ազատամարտի մասնակիցները եւ, ինչու չէ՝ մեր հասարակությունը: Ավելին, նախագահ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն առաջին նախագահի, հստակ հայտարարել է իր դիրքորոշումն այս տարի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 63-րդ վեհաժողովում, այն է՝ ինքը խնդրի կարգավորումը տեսնում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքի գերակայության սկզբունքն առաջնային համարելով: Սրանից ավելի կոնկրետ հայտարարություն չեմ պատկերացնում: Թե ինչու են իմ ընդդիմադիր գործընկերները շահարկում այս հարցը, ինձ համար պարզ է. սա չեղած տեղում սենսացիա որոնելուն ուղղված սովորական քայլ է, բայց թող չփորձեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Մանավանդ` իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց Տեր-Պետրոսյանն էր ասում, թե Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին Ադրբեջանն այլեւս զիջումների գնալ չի կարող:

– Սակայն համաձայնեք, որ ոչ միայն ընդդիմադիրներն են Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ նման հայտարարություններ անում, այլեւ միջազգային շատ կառույցների, այլ երկրների ներկայացուցիչներ եւս հայտարարում են, թե 2009-ը բեկումային է լինելու ԼՂ հարցի լուծման գործում: Դուք չե՞ք գտնում, որ եթե անգամ իշխանությունը որոշակի պայմանավորվածություններ ունի էլ, միեւնույն է, հարցը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի եւ ՀՀ ժողովրդի կամքի կամ առանց հանրաքվեի:

– Մեր կուսակցության հստակ դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ԼՂՀ-ն եւ Հայաստանը պետք է ունենան ընդհանուր սահման, եւ որ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Այս կետերն ամրագրված են եւ ՀՀԿ-ի, եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում, եւ սրանք այն կետերն են, որոնց շուրջ խոսել է նաեւ մեր երկրի արտաքին գործերի նախարարը, նշելով, որ գլխավոր խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի` հաշվի առնելով նաեւ ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա որպես պատմաբան, մեկ անգամ եւս նշեմ, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ի վերջո, մեզնից ավելի որեւէ մեկը շահագրգռված չէ, որ Ղարաբաղի հարցի լուծումը լինի բացառապես հայանպաստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել