«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Սամվել Նիկոյանը, Արտյուշ Շահբազյանը, Արծվիկ Մինասյանը եւ Հովհաննես Մարգարյանը հոկտեմբերի 10-ին շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են փոփոխություն կատարել այդ հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման հետեւյալ կետում. «Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008-ի հոկտեմբերի 25-ը զեկուցում է ԱԺ նիստում՝ ներկայացնելով եզրակացություն»: Իսկ այժմ առաջարկվում է «հոկտեմբերի 25»-ը փոխարինել «դեկտեմբերի 25»-ով: Երեկ «Հայացք» ակումբում Արտյուշ Շահբազյանը 2 ամսով իրենց զեկույցը երկարաձգելու նախաձեռնությունն այսպես բացատրեց. «Պատրաստվում էինք ժամկետների մեջ ավարտել մեր աշխատանքը, սակայն կապված փաստահավաք խմբի ստեղծման հանգամանքի հետ՝ որոշեցինք, որ տրամաբանական կլինի, որպեսզի երկարաձգվի: Այն նպատակով, որ փաստահավաք խումբը հնարավորություն ու ժամանակ ունենա աշխատելու, նաեւ՝ մեզ եզրակացություններ տրամադրելու»: Նա նաեւ հայտնեց, որ փաստահավաք խումբը կստեղծվի «գուցե ամենամոտակա օրերին» եւ, ըստ ամենայնի, ՀՀ նախագահի հրամանագրով: Մինչդեռ ընդդիմադիրներն արդեն իսկ աննպատակահարմար են համարել խմբի այս ձեւով ստեղծումը՝ առավել տեղին համարելով, որ փաստահավաք խմբի գործունեությունը կարգավորվի օրենքով եւ այն լիազորություն ունենա նախաքննական մարմնի վրա որոշակի հսկողություն իրականացնելու. նման տեսակետ է արտահայտել ինչպես «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, այնպես էլ «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Արտյուշ Շահբազյանը տեղեկացրեց, որ փաստահավաք խմբում ընդգրկվելու են կոալիցիայից 2, «Ժառանգություն»-ից եւ Հայ ազգային կոնգրեսից, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեկական անկախ փորձագետներ. «Ձեզ էլ առաջարկում եմ եզրակացություն անել, թե հավասարակշռությունն ավելի շատ ո՞ր կողմի վրա է»:
Հ. Գ. Արտյուշ Շահբազյանը հայտնեց, որ Շոթա Վարդանյանը մինչ հոկտեմբերի 10-ն իրենց այդպես էլ չի ներկայացրել իր գրավոր եզրակացությունը ընդդիմության տեսաֆիլմի մասին: Մինչդեռ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում նա խոստացել էր դա անել 7-10 օրում: