Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում երրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորած թիմը Բելգիայի հետ Բրյուսելում կայացած արտագնա խաղում 0:2 հաշվով տանուլ տվեց դաշտի տերերին: Մեր ֆուտբոլիստները միայն առաջին 20-25 րոպեներին շատ թե քիչ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին: Այդ եւ հետագա ամբողջ խաղի ընթացքում դաշտում ակտիվ ու արդյունավետ գործողություններով, թերեւս, առանձնանում էին միայն մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը ոչ միայն հասցնում էր կատարել պաշտպանի իր պարտականությունները, այլեւ կամավոր ինքն էր կազմակերպում եւ փորձում սրություն հաղորդել թիմակիցների գրոհներին, եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որի ակտիվությունը պարտադրված էր: Այդ իսկ պատճառով էլ, անկասկած, հենց նրանք էին լավագույնը հյուրերի կազմում:

Բելգիացիները հաշիվը բացեցին արդեն 22-րդ րոպեին: Բայց դա ոչ թե նրանց հմուտ գործողությունների հետեւանք էր, այլ մեր պաշտպանների, մասնավորապես՝ Ալեքսանդր Թադեւոսյանի անփութության, որը սեփական տուգանային հրապարակում ընդունելով գնդակը՝ այն մատուցեց Ուեսլի Սոնկին: Վերջինս էլ մոտ տարածությունից բառիս բուն իմաստով «կնքեց» Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Չանցած 15 րոպե, մեր պաշտպանները հերթական նվերն արեցին դաշտի տերերին՝ չհամաձայնեցված գործողություններով փորձելով արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել: Բնականաբար, չստացվեց եւ Ֆելլաինին անարգել կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ գոլից հետո, կարելի է ասել, հանդիպման վերջնական ելքն արդեն վճռված էր, առավել եւս, որ մեր ֆուտբոլիստների գործողություններում կորցրածը հնարավորին չափ արագ ետ բերելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքեր չէին նշմարվում: Հակառակը, հատկապես ընդմիջումից հետո նրանց խաղն ավելի խամրեց ու մի տեսակ անատամ դարձավ:

Բելգիա մեկնելուց առաջ Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում Յան Պոուլսենը, խոսելով Թուրքիայի եւ Իսպանիայի հետ հանդիպումների վերլուծությունների եւ արված հետեւությունների մասին, լրագրողներին հայտարարեց, որ առաջ նայելու ժամանակն է եւ անհրաժեշտ է այսուհետեւ հավաքականում տաղանդավոր երիտասարդներին իրենց դրսեւորելու ավելի շատ հնարավորություն տալ: ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված են Բրյուսելում կայացած խաղի՝ հաջորդ օրը գլխավոր մարզչի եւ մեր դարպասապահի կարծիքները: Բերեզովսկու ասածներից տպավորվել են հետեւյալ խոսքերը. «Ինչ վերաբերում է երիտասարդ ֆուտբոլիստներին, ապա ես տեսնում եմ, որ նրանց աչքերը վառվում են, լուրջ ցանկություն կա եւ դա հաճելի է, լավ է, որ կա թարմ արյուն»:

Բելգիայի հետ հանդիպումում ոչ մի կերպ չէր ստացվում հարձակման գծում հանդես եկող Ռոբերտ Զեբելյանի խաղը: Ֆուտբոլում նման բան լինում է ցանկացած մարզիկի հետ եւ Զեբելյանին քավության նոխազ դարձնելու մտադրություն ամենեւին չունենք: Պարզապես, կարծում ենք, որ հանդիպման ընթացքը հուշում էր, որ նրան պետք էր ավելի շուտ փոխարինել, այլ ոչ թե 80-րդ րոպեին, երբ բանը բանից արդեն անցած էր, ու խաղը փրկելու հույս գրեթե, եթե չասենք՝ այլեւս չկար: Պոուլսենը վերջապես որոշեց 86-րդ րոպեին վստահել Հենրիխ Մխիթարյանին, որը խաղադաշտում մի քանի րոպե անցկացնելով՝ նկատելի թարմություն հաղորդեց մեր հավաքականի գործողություններին:

Ֆուտբոլում սովորաբար վերջին րոպեներին փոփոխություններ կատարում են հաղթող թիմերի մարզիչները, այն էլ՝ հիմնականում ժամանակ շահելու համար: Ես մասնագետ չեմ, ոչ էլ ինձ պարոն Պոուլսենին խորհուրդներ տալու իրավունք եմ վերապահում: Բայց հետաքրքիր է, թե ի՞նչ հույսեր էր փայփայում նա, ասենք, երիտասարդ Մխիթարյանին խաղի հիմնական ժամանակի ավարտից ընդամենը չորս րոպե առաջ իրեն ցուցադրելու հնարավորություն տալով:

Մեր հավաքականի հաջորդ մրցակիցը Բոսնիա եւ Հերցեգովինան է, որի հետ խաղալու ենք նրա դաշտում: Տեսնես Պոուլսենին կհաջողվի՞ այս անգամ մեկնարկային կազմի լավագույն տարբերակը գտնել եւ հասնել այն բանին, որ տղաները խաղան եւ պայքարեն 90 րոպե:

Պաշտպանը զրկված է ապացույցներ ներկայացնելու իրավունքից

Դատավոր Գագիկ Ավետիսյանը հետեւողականորեն մերժում է Սմբատ Այվազյանի պաշտպանների միջնորդությունները:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործի դատաքննությունը: Այս անգամ էլ դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժել է պաշտպանական կողմի մի քանի միջնորդությունները, այդ թվում՝ լրացուցիչ վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ: Խոսքը քաղաքացիներ Արտակ Սիսակյանի ու Վարդան Կիրակոսյանի մասին է, ովքեր դեպքի օրը բերման են ենթարկվել Ս. Այվազյանի հետ միասին: Դատավորի այս մերժմանը ի պատասխան՝ հայտարարություն է արել պաշտպան Լուսինե Սահակյանը, ասելով, թե դատավորը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը եւ զրկում պաշտպանական կողմին ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին միջնորդեց, որ որպես վկա հրավիրվեն նաեւ 5 այլ անձինք, ովքեր եւս այդ օրը եղել են վարչության մոտ: Դատախազ Հովսեփ Սարգսյանը դեմ է եղել այս միջնորդությանը, ասելով, թե պարզ է՝ այդ վկաները ինչ են ասելու դատարանում: «Իսկ մեզ համար պարզ չէ՞, թե վկա ոստիկաններն ինչ էին ասելու դատարանում»,- մեղադրող կողմին հակադարձել է պաշտպան Հովիկ Արսենյանը: Վերջինս նաեւ միջնորդել է դատարանին ներկայացնել Կենտրոնի ոստիկանության շենքի տարածքում առկա տեսախցիկներով նկարահանված Ս. Այվազյանին բերման ենթարկելու տեսաերիզը: Դատարանն այս վերջին միջնորդությունը բավարարել է, իսկ առաջինի քննարկումը հետաձգել մինչեւ այն պահը, երբ կդիտեն տեսաերիզը: Դատավորը մերժել է նաեւ պաշտպանի՝ Գագիկ Ջհանգիրյանին դատարանում հարցաքննելու միջնորդությունը:

Լուսինե Սահակյանի ասելով, դա կարեւոր է նրանով, որ վերջինս, Ս. Այվազյանից առաջ արդեն բերման ենթարկված լինելով, տեղեկացել է, թե ոստիկանությունն ինչպես է պատրաստվում գործ սարքել Ս. Այվազյանի դեմ:

Երեկ դատական նիստը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 16-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել