Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքով եմ նկարում

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Արեւիկ Պետրոսյանն այսպես է բնորոշում իր ստեղծագործական պրոցեսը

Երեւանի 2790-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում օրերս Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց Արեւիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը:

Մանրաքանդակի հայտնի վարպետ Բենիկ Պետրոսյանի անունը երբեք չի մոռացվում ոչ միայն իր աշխատանքների, այլեւ՝ իր մասնագիտությունը ժառանգած դստեր՝ Արեւիկի շնորհիվ: Վերջինիս գործերը որքան մոտ են հայրական մտածողությանը, նույնքան էլ ինքնատիպ են ու հետաքրքիր: Ստեղծելով արվեստում սեփական ընթացքի տրամաբանությունը, նկարչուհին «մղվել» է դեպի կիրառական արվեստ՝ կատարելագործվելով ինտերիերային գեղանկարչության ոլորտում, որը մեզանում, խոստովանենք, այնքան էլ շատ հետնորդներ չունի: Վերջին դիտարկմանը «Առավոտի» հետ զրույցում Ա. Պետրոսյանը չհամաձայնեց, հայտնելով. «Իմ արվեստը կիրառական չէ, գրաֆիկա էլ չէ… Ինքս էլ երկար ժամանակ փորձում եմ հասկանալ՝ ո՞րն է այն «իզմը», ուղղությունը, որի շրջանակներում ստեղծագործում եմ: Գուցե դա թողնենք արվեստաբաններին… Միայն կարող եմ վստահեցնել, որ դրանք արարված են կրքով»: Հարցին, թե «չբացահայտված» ուղղությունը արտերկրում խիստ եկամտաբեր է, իսկ մեզանու՞մ, Ա. Պետրոսյանն ասաց. «Ուրախ եմ, որ աշխատանքներս հետաքրքրում են տարբեր նախասիրությունների ու մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր արվեստիս մեջ ուզում են գտնել նորություն: Ուրախ եմ նաեւ, որ վերջին տարիներին մեզանում էլ ընդունվեց բնակարաններում ու տարածքներում արվեստի բարձրակարգ նմուշներ ունենալը: Ինչ վերաբերում է նկարներիս վաճառքից ստացված եկամուտներին, ասեմ, որ արդեն երեք տարի է՝ միայն նկարում եմ (նշենք, որ ժամանակին Ա. Պետրոսյանը հայտնի էր իբրեւ հեռուստատեսային դիզայներ- Ս. Դ.): Անասելի երջանկություն է, երբ ամբողջ հոգուդ, մարմնիդ, ուղեղիդ բջիջները կենտրոնացնում ես ու դրանք շարժվելով դեպի ձեռքդ՝ վրձնի օգնությամբ փոխանցում նյութին: Այսկերպ կարողանում ես երեւակայության աշխարհդ փոխանցել արվեստասերներին»:

Արդյո՞ք իր արվեստն ընդունում են՝ որովհետեւ Բենիկ Պետրոսյանի դուստրն է: «Եթե դա նույնիսկ այդպես է, ես դրանով միայն կարող եմ հպարտանալ: Ամեն դեպքում հաճելի է, երբ տեսնում եմ մարդկանց աչքերում սեր, հարգանք՝ ծնողներիս հանդեպ: Նրանք բազա են ստեղծել, ինչի վրա կարող եմ ամուր շինություն կերտել ու խոյանալ»:

Հետաքրքրությանը, վերջապես ե՞րբ կլուծվի նկարչուհու հոր մշտական ցուցադրության սրահի հարցը, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Հավանաբար, պատկան մարմինները ժամանակ չեն գտնում լուրջ ուշադրություն դարձնելու այս հարցին կամ գուցե պետք է մեր ընտանի՞քը այն հնչեցնի… Կուզեի միայն, որ գալիք սերունդները չզրկվեին մանրաքանդակի վարպետի աշխատանքների հետ շփվելու, ինչու չէ, դրանցով դաստիարակվելու հնարավորությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել