Բրիտանացի դրամատուրգի «Դրախտը կորսված է» պիեսի բեմադրությունը հայ հանդիսատեսի կողմից միանշանակ չընդունվեց:
«Հայֆեստ» միջազգային փառատոնն իր ներկայությամբ պատվում էր Միացյալ Թագավորությունից ժամանած, համաշխարհային մեծության դրամատուրգ Մարկ Ռավենհիլը, որին կոչում են ժամանակակից Շեքսպիր: Նա նաեւ «նոր դրամայի» հիմնադիրներից է: Ռավենհիլի Shopping and fucking պիեսը ռեկորդակիր է՝ բեմադրված լինելու ու տարբեր լեզուներով թարգմանվելու առումով, այն 90-ականների համաշխարհային թատերական կյանքում համարվել է երեւույթ: Թատերական հանրությանը հայտնի են նաեւ նրա Faust is dead, Sleeping Around, The cut, Pool (No water), Product գործերը: Սկանդալային համբավ ունեցող դրամատուրգը, որի հերոսները մարմնավաճառներ, գողեր, թմրամոլներ, ոչ ավանդական կողմնորոշում եւ այլ «արժանիքներ» ունեցող մարդիկ են, հայ դերասանների (Յուրի Իգիթխանյան, Երվանդ Ենգիբարյան, Տաթեւիկ Մելքոնյան, Զարուհի Անտոնյան) մասնակցությամբ բեմադրել էր «Դրախտը կորսված է» պիեսը՝ «Կրակիր, վերցրու գանձը: Կրկնիր» ժողովածուից, որի տեքստը ռուսերեն էր թարգմանել Տատյանա Օսկոլկովան:
25 րոպեանոց ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ շաբաթ օրը՝ Տիկնիկային թատրոնում: Չնայած հայ դերասանները բավական լավ խաղացին, սակայն «ոչ ստանդարտ» ներկայացումից, գուցեեւ բեմում բռնության տեսարաններից, հանդիսատեսի ռեակցիան կարծես միանշանակ չէր՝ մի տեսակ վարանում էին ծափահարել: Ներկայացումից հետո Ռավենհիլը փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: Նա ասաց, որ շատ էր լսել «Հայֆեստի» ու Հայաստանի մասին եւ ուրախ է, որ վերջապես Հայաստանում է: Փաստենք, որ նրան մեր երկիր հրավիրելու համար «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը շուրջ մեկ տարի բանակցել է: Բրիտանացի դրամատուրգը գոհ էր նաեւ հայ դերասաններից, որոնց հետ սիրով է աշխատել: Խնդրեցինք մեկնաբանել դահլիճի տրամադրությունը եւ ոչ բուռն ծափերը: «Բեմադրությունը 25 րոպեանոց էր, նպատակը՝ մեծ, ասելիքը խորք ուներ: Ներկայացումն ավարտվել էր, բայց հանդիսատեսը դեռ շարունակում էր մտածել, նրա համար շատ բան «մութ» էր մնացել, հետեւաբար՝ ծափահարելուն չէր հասել»,- հնչեց Ռավենհիլի պատասխանը: Մեր այն դիտարկմանը, որ ինքը սեքսի եւ բռնության տեսարաններ ներկայացնելիս հաճախ անցնում է թույլատրելիի սահմանները, դրամատուրգը պատասխանեց. «Դա նորմալ երեւույթ է, թատրոնը պետք է առանց վերապահումների հրատապ հարցեր բարձրացնի, որոնք կան իրականում, սակայն հաճախ դրանց մասին միտումնավոր չեն խոսում»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ համամի՞տ է տեսակետին, թե վաղուց անցել են Շեքսպիր բեմադրելու ժամանակները, դրամատուրգն ասաց, որ չի համարում, թե Շեքսպիրն այլեւս ժամանակավրեպ է, ու անձամբ ինքը հաճույքով է դիտում նրա գործերի բեմադրությունները: Ինչ վերաբերում է իրեն տրված «մեր ժամանակների Շեքսպիր» տիտղոսին, այս մասին նա ասաց. «Դա շատ բարձր ու պարտավորեցնող գնահատական է ինձ համար, նաեւ բարձր նպատակ… Ես ուղղակի գրում եմ իմ հաճույքի համար՝ առանց մտածելու հետեւանքների մասին»:
Ռավենհիլը, որ նաեւ դասավանդում է Մեծ Բրիտանիայում, նշեց, որ բուհում աշխատում է դերասանների ու դրամատուրգների հետ, սակայն երբեք չի հավակնում ուսուցիչ լինել. «Մենք ընդամենը փորձի փոխանակում ենք իրականացնում»:
Դառնալով «Հայֆեստի» շրջանակներում իր տեսած ներկայացումներին՝ դրամատուրգն ասաց, որ տպավորված է հատկապես «Պատմություններ գնացքում» բեմադրությունից (ռեժիսոր՝ Նարինե Մալյան), որի ընթացքում անընդհատ ծիծաղել է ու դրական լիցքեր ստացել: Ափսոսաց, որ ռեժիսորի անունը չի հիշում: