Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռվա ավերակ եկեղեցիները

Հոկտեմբեր 14,2008 00:00

Ըստ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Աստծո տաճարների նորոգմամբ ժողովուրդն էլ պետք է մտահոգ լինի:

Լոռու մարզում 130-ից ավելի գյուղ կա ու գրեթե այդքան էլ ավերակ եկեղեցի: Գուգարաց թեմն այսօր հայտարարում է, որ հնարավոր չէ բոլոր եկեղեցիները վերանորոգել: «Ոչ այս պահին, ոչ էլ մոտ ապագայում այդ նպատակով պետական բյուջեից գումարներ հատկացնել հնարավոր չէ»,- ասում է թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ավելացնելով, որ եկեղեցիների նորոգման, վերականգնման խնդիրը ծառացած է ոչ միայն պետության, այլեւ ժողովրդի առջեւ:

Մարզի Հարթագյուղում, օրինակ, երեք սրբավայր կա՝ Նարեկա վանքը եւ երկու սարերի գագաթներին գտնվող ուխտատեղիները՝ Սուրբ Հովհաննեսն ու Սուրբ Ճգնավորը: Երեք սրբատեղին էլ վերանորոգման անհրաժեշտություն ունի: Առավել անմխիթար է 18-րդ դարի Նարեկա վանքի վիճակը: Վանքը կամ «ժամը», ինչպես հարթագյուղցիներն են ասում, վերջին քահանային կորցրել է 1937 թվի մատնություններից հետո, աքսորել են, ու այլեւս չի վերադարձել: Չգործող եկեղեցին խորհրդային տարիներին որպես ցորենի ու գարու պահեստ է ծառայել կոլտնտեսությանը: Այսօր 88-ի երկրաշարժից հետո խարխլված «ժամի» պատերն են կանգուն միայն, խորանանման մի կառույց էլ եկեղեցու ներսում գյուղացիք են սարքել, ու հենց այդտեղ՝ խորանի սալքարերի տակ, փայտե հատուկ հարմարեցրած «տարայի» մեջ պահում են 1915 թ. թուրքական ջարդերի զոհ դարձած հարթագյուղցիների ոսկորները, որոնք միայն վերջերս են հանվել գյուղի հին ջրհորներից: Նարեկա վանքում այսօր մոմ չեն վառում, ժամերգություն չի լինում: Խիստ վթարային հնամենի եկեղեցին պարզապես կողպված է, ժամերգություն անելն այստեղ վտանգավոր է:

Նարեկա վանքը Ճգնավոր կոչվող ս արի ստորոտին է: Սարը Ճգնավոր են անվանել՝ հենց իր վրա կառուցված սրբավայրի անունով, գյուղացիք այստեղ են բարձրանում մոմ վառելու կամ աղոթելու. այս սրբավայրը ընդամենը 4 պատ է, ներսում՝ սրբապատկերներով ու մոմավառության համար հարմարեցված քարերով: Այս սարը ավելի ցածր ու հարմար է բարձրանալու համար, քան Սուրբ Հովհաննեսի սարը, որը շատ ավելի բարձր է ու դիրքն էլ այնպիսին, որ սարնիվեր բարձրանալիս, ուղղահայաց բարձունքը հաղթահարելու համար ակամա խոնարհվում ես:

Սուրբ Հովհաննեսը հարթագյուղցիք զորավոր սուրբ են համարում, ասում են՝ փորձով գիտեն:

Այս սրբավայրը հանրահայտ է ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս: Տարիներ շարունակ այստեղ ուխտի են եկել աշխարհի տարբեր անկյուններից:

Սուրբ Հովհաննեսն էլ հոգեւորական չունի, տնօրինողը ժողովուրդն է: Հարթագյուղցի Վիլիսոն Սիմոնյանն այստեղ պահակություն է անում: Պատմում է, թե խաչհամբույրի համար ժողովրդի թողած կոպեկները հավաքելով՝ այստեղ ինքն է պարբերաբար նորոգման աշխատանքներ անում:

Ինչ վերաբերում է Գուգարաց թեմի առաջնորդին, ըստ նրա, աղքատ երկրի համար դժվար է եկեղեցաշինությանը, եկեղեցիների նորոգմանը գումարներ հատկացնել, ժողովրդի մեջ բարձր գիտակցություն ունեցող մարդիկ պետք է կարողանան ֆինանսներ տրամադրել:

Հոգեւորականը հուշում է միայն, թե նորոգվել են մարզի Մեծ Պարնիի, Արեւաշողի, Սարալանջի, Շենավանի եկեղեցիները, Սպիտակում էլ նոր եկեղեցի է կառուցվել: Այն եկեղեցիներն էլ, որ չեն նորոգվել՝ «ժողովրդի բարձր գիտակցության» հույսին են մնում, փաստորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել