Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկ՝ զրպարտանքների պատճառո՞վ

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետի թեկնածու, նախկին դաշնակցական Կարապետ Ներսիսյանը հրաժարվեց պայքարել քաղաքապետի աթոռի համար:

Գյումրիում խոսակցություններ էին պտտվում, որ ավագանու նախկին անդամ Կարապետ Ներսիսյանը քաղաքապետի թեկնածու առաջադրվել է Վարդան Ղուկասյանի խնդրանքով: Ըստ լուրերի, քանի որ քաղաքապետ Ղուկասյանը շատ է անհանգստացած իր «գահը» կորցնելուց, դիմել է մտավորականների շրջանակում հարգանք վայելող Կարապետ Ներսիսյանի օգնությանը, խնդրելով նրան հնարավորինս ձայներ փախցնել իր վտանգավոր հակառակորդից՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից: Գյումրեցիների բնութագրելով՝ Ղուկասյանը նուրբ հաշվարկ է կատարել՝ քաջ իմանալով, որ գյումրեցիներից շատերը հիասթափված են թե՛ Ղուկասյան եւ թե՛ Գրիգորյան գերդաստաններից, եւ որպես այլընտրանք տեսել է նախկին դաշնակցականին: Կարապետ Ներսիսյանը 2 ամիս շարունակ փորձում էր հերքել այս խոսակցությունները, պնդելով, որ դրանք հերյուրանքներ են, եւ որ իր նպատակը քաղաքը մտավորականների ձեռքը հանձնելն է, սակայն գյումրեցիներն այդպես էլ չհավատացին նրան, ու արդյունքում թեկնածուն ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել: «Առավոտի» հետ զրույցում Կ. Ներսիսյանը պարզաբանեց. «Իմ դուրս գալու պատճառը վճռականության պակասը չէր, վարկաբեկված հեղինակությունն էր, վերջին 1-2 ամսվա ընթացքում իմ անձի շուրջ տարածված զրպարտանքներն ու հերյուրանքներն են, որոնք, ցավոք, գյումրեցիների ուղեղի մեջ էնպես արմատավորվեցին, ամուր նստեցին, որ 40-50 տարի ինձ ճանաչողները, իմ անձը գիտեցող մարդիկ սկսեցին կասկածել: Մի շաբաթվա իմ հանդիպումների, զանգերի ընթացքում ոչ մի ձեւ ու մեթոդ, ինչը, որ ես ընտրեցի, չկարողացավ հերքել այն զրպարտանքը, որ իբր ես առաջադրվել եմ գործող քաղաքապետի նախաձեռնությամբ: Ես չկարողացա հիմնավոր ձեւով ժողովրդին ապացուցել, որ ես սկզբունքային ու ողնաշար ունեցող մարդ եմ, որ ես 55 տարի ոչ մեկի դուդուկի տակ չեմ պարել: Եվ այդ հեղինակությունը, հարգանքը ես չէի կարող վաճառել, ընդհուպ դրա դիմաց քաղաքապետի աթոռը ստանալով: Էդ իմաստով ես միակ, ճշգրիտ ձեւը գտա՝ գնալ ինքնազոհության, որպեսզի նորից մաքրեմ, փայլեցնեմ իմ ունեցած հեղինակությունը: Ես ուրիշի պատվերով գործ կատարող չեմ»: Մեր հարցին, թե ո՞ւմ թիմից են տարածվել նման խոսակցությունները, Կ. Ներսիսյանն ասաց. «Ինձ համար բացարձակապես միեւնույն է, ում թիմից է, ում ուղեղի փայլատակումն է, դա երկրորդական, երրորդական հարց է, չեմ էլ ուզում խորանալ դրա մեջ, որ ճշտեմ, թե ու՞մ հորինածն է, ես հաշվի եմ նստել փաստի հետ, որ ես թույլ ողնաշար ունեցող անձ էի դիտվում իմ գյումրեցիների համար, ինձ փաստն է զայրացնողը, ոչ թե այն, թե ո՞վ է տարածողը: Իմ ծանոթ-բարեկամ, հարազատները սկսել էին կասկածելի աչքերով ինձ նայել, ուղեղների մեջ ինչ-որ տեղ երեւի էդ սերմը ծիլ էր տվել եւ միակ ռեալ, համոզիչ, ճշգրիտ տարբերակը եղավ հրաժարական տալը: Գյումրեցիների հիմնական մասը կարծրատիպերով ապրող ժողովուրդ է, սովոր է սուտ ինֆորմացա լսել, ընդունել, զարգացնելով փոխանցել մեկ այլ մարդկանց, քան իր սեփական ուղեղին զոռ տալով, վերլուծություն կատարելով հանգել ճիշտ եզրակացության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել