Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ՝ ՕՁՈՒՆՈՒՄ

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ: Ինչպես բոլոր համայնքներում, այս գյուղում էլ պայքարը թեժ է լինելու եւ, օձունցիների խոսքերով, ընտրություններին «արյուն է թափվելու»:

Անցած շաբաթ օրը, գյուղացիների նախընտրական տրամադրություններին ծանոթանալու նպատակով, «Առավոտն» այցելել էր Օձուն:

Այս ամսվա սկզբին նշվող բերքի տոնին ակտիվորեն մասնակցելու եւ գյուղապետարանի բյուջեն նպատակին ծառայեցնելու համար Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանը (Ալաբաշ Մելո) օրերս Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի կողմից պատվոգրի է արժանացել: Գյուղացիների ներկայացմամբ, մարզպետն այցելելով գյուղ, ձեռքի հետ էլ գյուղապետի PR-ն է արել՝ մանկավարժներին եւ մանկապարտեզի աշխատակիցներին հորդորելով հոկտեմբերի 19-ին՝ համայնքապետի ընտրությունների ժամանակ ընտրել գործող գյուղապետ Մ. Այվազյանին, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն նա է: Մեր տեղեկություններով, մարզպետի այցը օձունցիներին խիստ զայրացրել է:

«Առավոտի» հետ զրույցում գյուղի բնակիչները պատմեցին, որ իշխանությունների կողմից հովանավորվող գյուղապետի որդին՝ Բարսեղ Այվազյանը, ընդամենը մի քանի օր առաջ, վիճաբանելով Օձունի գյուղապետի մեկ այլ թեկնածու Արսեն Տիտանյանի կողմնակից՝ 39-ամյա Պետրոս Նալբանդյանի հետ, նրան դանակահարել է՝ Ա. Տիտանյանին սատարելու համար: Դանակի հարվածը, գյուղացիների խոսքերով, եղել է Պետրոսի սրտից ընդամենը 5 սմ հեռու եւ, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնացել: Այս դեպքից հետո օձունցիներն ապրում են վախի մթնոլորտում, դա է պատճառը, որ շատերը խուսափում էին մեզ հետ զրուցելուց, իսկ այն օձունցիներն էլ, որոնք, այնուամենայնիվ, խոսում էին, խնդրում էին իրենց անունները չհրապարակել, ասելով, թե «գյուղում 37 թվի կանոններով ենք ապրում, վախենում ենք ազատ խոսել, ջահել տղաներ ունենք՝ կտանեն գլուխները կուտեն»:

Օձունում տիրող շիկացած մթնոլորտից երեւում է, որ որքան մոտենում է ընտրության օրն, այնքան անզիջում են դառնում Մ. Այվազյանի կողմնակիցները: Օձունցիների փոխանցմամբ, հոկտեմբերի 11-ի կեսգիշերին դիտավորյալ այրել են իրենց համագյուղացի Սանթրիկ Մոսինյանի՝ ձմռան համար ամբարած խոտը: Տուժողը նույնպես Ա. Տիտանյանի համակիրներից է: «Առավոտի» հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ իշխանությունները լրիվ անտեսել են իրենց գյուղը, իսկ մարզպետի անհետեւողականության պատճառով գյուղապետը նրան «հանգիստ խաբում է»: Օձունցիները հետաքրքրվում էին, թե ո՞ր արժանիքի համար է գյուղապետը պատվոգրի արժանացել, երբ մոտ 1600 հա հողատարածքից այս տարի մշակվել է ընդամենը 80 հեկտարը, իսկ մինչ օրս ոչ մի գյուղացի աշնանացան չի ցանել, մինչդեռ հարեւան գյուղերում ցորենն արդեն ծլել է: Օձունցիների ներկայացմամբ, այդ ամենի պատճառը նաեւ այն է, որ ներկայիս գյուղապետը վաճառել է մեքենատրակտորային կայանը՝ իր ողջ տարածքով եւ հիմա գյուղը տեխնիկա չունի, իսկ հարեւան գյուղից եկող մեքենաները մի քանի անգամ թանկ գներով են աշխատում: Գյուղացիները պատմեցին նաեւ, թե գյուղապետ Այվազյանն իր ղեկավարման 9 տարիների ընթացքում ինչ ալան-թալանով է զբաղվել: Ըստ նրանց, գյուղապետը քանդել եւ որպես շինանյութ մաս-մաս իր խնամուն է վաճառել 14 կորպուսից բաղկացած հիվանդանոցային համալիրը, որի շինարարությունը գրեթե ավարտին էր հասցված: Հսկա համալիրի վաճառքից գյուղի բյուջե է մտել ընդամենը 18 մլն դրամ: Մաս-մաս վաճառել է նաեւ Մոր եւ մանկան առողջարանը, ինչպես նաեւ նրան պատկանող 200 տեղանոց նորակառույց ճաշարանը: Իշխանավորների հովանավորությունից գյուղապետն այնքան է ոգեւորվել, որ սրբապղծել է անգամ Հայրենական մեծ պատերազմում զոհված 425 օձունցիների հիշատակը. գյուղում նրանց համար կառուցված հուշարձան-կոթողի բազալտե սալիկներն ու սրբատաշ քարերն օգտագործել է իր նոր առանձնատան շինարարության համար: Երբ գյուղացիներն իրենց դժգոհությունն են արտահայտել գյուղապետի արարքի դեմ, վերջինս աչքակապության համար հանած սալիկների տեղը ասֆալտապատել է, սակայն այնքան անփույթ, որ ասֆալտապատ տարածքի վրա մեկ մետրանոց խոտ է աճել: Պարզվում է, Մ. Այվազյանը յուրացրել է նաեւ Օձունում գործող Ժողտնտեսության ինստիտուտի տնտեսագիտական քոլեջի հսկայական շենքը: Այդ շենքն արդեն գյուղապետի առանձնատունն է: Գյուղացիները պատմում են, որ քոլեջը Այվազյանի՝ գյուղապետ ընտրվելուց հետո դադարել է գործել:

Մեզ հետ զրույցում օձունցիներն ասացին, որ եթե իշխանությունները հետեւություններ չանեն այդ ամենից, իրենք ողջ գյուղով Երեւանում բողոքի ակցիա կանցկացնեն: Միակ մարդը, որը դեմ չէր իր անունը հրապարակել, թոշակառու Սամսոն Կոստանյանն էր: Նա օձունցիներին հորդորեց ստիպողաբար ընտրություն չկատարել եւ չկաշառվել, ապա, դիմելով կառավարությանը՝ ավելացրեց. «13 հոգուց բաղկացած ընտանիքիցս միայն մարդ ու կին ենք մնացել: Տղաներիցս մեկը 11 տարի է՝ Ռուսաստանում է, մյուսը՝ արդեն 8 տարի, մինչեւ ե՞րբ այսպես ապրենք»: Որ օձունցիները վախեցած են, մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ թեկնածու Արսեն Տիտանյանը, սակայն նշեց, որ կաշխատեն գյուղացիների միջից հանել վախը, իսկ ընտրվելու դեպքում՝ վերականգնել կորցրածը: «Ոչ մի ասֆալտապատում գյուղում չի արվել, աղբահանություն բացարձակ չի արվում, չկա մի փողոց, որ լուսավոր լինի: Լավ թիկունք ունենալը դեռ քիչ է, պետք է վայելել նաեւ ժողովրդի վստահությունը»,- ասաց Ա. Տիտանյանը: Նշենք, որ մոտ 3500 ընտրող ունեցող Օձունում բացվելու է երեք ընտրատեղամաս, որից 2-ի հանձնաժողովի նախագահները ներկայիս գյուղապետի եղբայրներն են, իսկ մեկը՝ գյուղապետի տեղակալը:

Մեզ չհաջողվեց զրուցել նաեւ Մ. Այվազյանի հետ, քանի որ, ինչպես տեղեկացրին, նա գյուղից բացակայում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել