Կիրակի օրը Կոտայքի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ:
Կոտայքի մարզի 42 համայնքներում կիրակի օրը կայացան համայնքի ղեկավարի, իսկ 62-ում՝ ավագանու ընտրություններ: Այս ընտրություններն էլ խախտումների եւ անօրինականությունների առատությամբ չզիջեցին Հայաստանում մինչ այժմ կայացած տարբեր մակարդակի ընտրություններին: Այս ընտրությունները, սակայն, մի առանձնահատկություն ունեին. սովորաբար, ՏԻՄ ընտրություններում միշտ մեծ հետաքրքրության են արժանացել մարզկենտրոն հանդիսացող քաղաքների ղեկավարների պաշտոնները, իսկ այս տարի կռվախնձոր էին ոչ միայն գյուղապետերի, այլեւ ավագանիների աթոռիկները:
Եվ այսպես, Կոտայքի մարզում կայացան տիպիկ հայկական ընտրություններ՝ երբ ամեն ինչ որոշված էր ընտրություններից առաջ: 42 համայնքներից 15-ում առաջադրվել էին համայնքի ղեկավարի մեկական՝ ԲՀԿ-ական թեկնածուներ: Անմրցակից է Աբովյանի քաղաքապետ դարձել նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, որն ամիսներ առաջ իր «թիկնապահների» հետ «Բելաջիո» ռեստորանի մոտ կանգնեցրել էր իրենց մեքենային վազանց կատարած մեքենային եւ վարորդին՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակցին, դաժան ծեծի ենթարկել: Այս արարքի համար Ծառուկյանի փեսան պատիժ չկրեց:
Մարզի 7 այլ համայնքներում էլ մեկական ՀՀԿ-ականներ էին «մրցում»: Իսկ Գեղարդում եւ Ծաղկաձորում ընտրությունները նմանվել են «Սարոյան եղբայրներ» ֆիլմին: Առաջինում առաջադրվել են ազգականներ՝ ԲՀԿ-ական Իշխան եւ անկուսակցական Սանասար Թառոյանները: Իսկ Ծաղկաձորում, էլի ազգականներ՝ անկուսակցական Գարուն եւ հանրապետական Վարդան Միրզոյանները: Գեղարդում հաղթել է ԲՀԿ-ականը, Ծաղկաձորում՝ անկուսակցականը: Արզնի, Ջրաբեր, Կաթնաղբյուր, Ջրառատ համայնքներում առաջադրվել էին եւ հաղթեցին մեկական անկուսակցական թեկնածուներ:
Կոտայքի մարզում եւս ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին: 42 համայնքներում առաջադրվել են երկու ընդդիմադիրներ, որոնք, սակայն, չեն հաղթել. Լեռնանիստում՝ կոմունիստ Զավեն Հարությունյանը, Կամարիսում՝ ՀԺԿ-ական Սարգիս Խաչիկյանը:
Ավագանու ընտրություններում ամենազավեշտալի պատկերը Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում էր՝ ավագանու 11 տեղի համար 11 թեկնածու՝ 11-ն էլ ԲՀԿ-ական: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդավայր Գեղաշենում ավագանու անդամի 14 թեկնածուներից յոթն են ԲՀԿ-ական: Աբովյան քաղաքում 45 թեկնածուներից՝ 25-ը:
Պռոշյան ավանում համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Ավետիսյանը, որին ոչ պաշտոնապես սատարում էր ՀՀԿ-ն, ներկայացել է որպես անկուսակցական: Բայց մարդիկ չէին մոռացել, որ նախագահական ընտրություններում Արմեն Ավետիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր: Ա. Ավետիսյանի հետ պայքարում էին ՀՅԴ-ական, գործող համայնքապետ Հրաչ Մուրադյանը եւ ՕԵԿ-ական Վաչագան Սահակյանը: Հաղթել է Հրաչ Մուրադյանը՝ 1261 ձայնով: Այս համայնքի մեկ այլ թեկնածու, անկուսակցական Հակոբ Հարությունյանի վստահված անձ Սեդա Գրիգորյանը մեզ պատմեց, որ ընտրության ընթացքում մթնոլորտը լարված է եղել Արմեն Ավետիսյանի կողմնակիցների պատճառով՝ նրանք կռիվներ եւ ընդհարումներ են հրահրել, ու ամեն ինչ ավարտվել է «ռազբորկաներով»: Իրավիճակն այնքան լարված է եղել, որ Հակոբ Հարությունյանը քվեաթերթիկների հաշվարկի կեսից իր վստահված անձանց հրահանգել է լքել տեղամասերը, քանի դեռ ողջ եւ առողջ են: Ամբողջ օրվա ընթացքում ՀՅԴ-ականների եւ Արմեն Ավետիսյանի կողմնակիցների միջեւ «ռազբորկաները» շարունակվել են: Ըստ մեր զրուցակցի՝ քիչ չեն եղել նաեւ բաց քվեարկության դեպքերը. «Մարդկանց վախեցնում էին, թե՝ թաքուն նկարում ենք, եթե մեր թեկնածուին (Արմեն Ավետիսյանի մասին է խոսքը- Ն. Գ.) չընտրեք՝ կիմանանք ու կպատժենք»: Պռոշյանը նույնպես լցված է եղել ոստիկանության հատուկ նշանակության զորքերով: