Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Ըստ մինչ այժմ չհրապարակված գաղտնալսումների՝ ընդդիմությունն անգամ մարտի 1-ի առավոտյան կատարվածից հետո ծրագրում էր անցկացնել հանրահավաք:

ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նախագահի ընտրության քվեարկության օրվանից մինչեւ մարտի 9-ը պաշտոնապես էր գաղտնալսել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին: Եվ այդ գաղտնալսված զրույցների վերծանումները կան «Մարտի 1»-ի մայր գործում: Տպագրում ենք այն գաղտնալսումները, որոնք մինչ այժմ կա՛մ լույս չեն տեսել, կա՛մ էլ հրապարակվել են կրճատված:

Մարտի 1-ին, ժամը 09.22-ին, զանգել էր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ. Պարոն Արզումանյան, լա՞վ եք: Որտե՞ղ եք, բռնվա՞ծ եք:

Ալեքսանդր. Չէ: Դո՞ւք:

Նիկոլ. Չէ, ես էլ՝ ընդհատակում: Դուք էդ միտինգի պլանից տեղյա՞կ եք:

Ալեքսանդր. Ոչ:

Նիկոլ. Ուրեմն, փորձում ենք մի հատ ըսենց բան անենք, ժամը 3-ին հանրահավաքը հայտարարված ա, մարդիկ գալու են: Ուզում ենք շուխուր դնենք, որ օպերա, եթե փակ ա՝ Հյուսիսային պողոտա, եթե փակ ա՝ Հանրապետության հրապարակ՝ էներգետիկայի նախարարության դիմաց, եթե փակ ա՝ Շահումյանի արձանի մոտ: Հա, շուխուր ենք անում քաղաքում:

Ալեքսանդր. Շատ լավ: Էդ կարում ենք անենք, չէ՞:

Նիկոլ. Հա, ու հետո իրար հետ մի տեղ չե՞նք հավաքվում:

Ալեքսանդր. Հա:

11.30-ին զանգել էր Հարութը, որի ազգանունը գործում նշված չէ:

Հարութ. Ֆրանսիական դեսպանատան դեմը հավաքվել են շատ: Ի՞նչ պիտի արվի ախր:

Ալեքսանդր. Ո՞ր Հարութը:

Հարութ. Արտաշատից:

Ալեքսանդր. Հա: Ի՞նչ պիտի արվի որն է: Հավաքվել են, ի՞նչ են անում: Ժամը 3-ի տեղը գիտեք, չէ՞:

Հարութ. Հա:

Ալեքսանդր. Հա, դե ըտեղ բան արեք:

Հարութ. Չէ, ըստեղ պետք է մեկը լինի, որ ղեկավարի՝ ո՞ւր գնան, ո՞ւր չգնան:

Ալեքսանդր. Դե, ըլնի ո՞րն է: Հենա կաս՝ ղեկավարի: Ընենց արա, որ 3-ին բերես օպերա:

Հարութ. Եղավ, լավ:

Ալեքսանդր. Տեսեք ո՞վ կա, մեկը նստած է, մեկը ուրիշ տեղ է: Հազար ու մի բան կա: Ձեր վրա վերցրեք պատասխանատվությունը:

Հարութ. Լավ, լավ:

Ալեքսանդր. Նայեք նորմալ լինի: Ներկայացուցիչ թող դուրս գա, տեղյակ պահեք՝ ինչեր է կատարվում:

Հարութ. Լավ, լավ:

Նշենք, որ միայն այս զանգից հետո է՝ 11.38-ին եղել Նիկոլ Փաշինյանի այն զանգը, որը հրապարակվել է մամուլում, որտեղ նա Արզումանյանին ասել էր. «Ում հետ կապվում եք, ասեք, թող Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվեն, էլի: Հիմա ընդեղ լիքը ժողովուրդ ա հավաքված»: Հաջորդող զանգերը մեծ մասամբ տեղեկատվական են, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետին իրազեկում են, թե ինչ է կատարվում Մյասնիկյանի արձանի մոտ: Ասենք, 11.59-ի հեռախոսազանգի ընթացքում ՀՀՇ վարչության անդամ Քոչար Դավթյանն արձանագրում է. «Պանիկան շատ խիստ ազդում է»: Իսկ 12.39-ի զանգի ընթացքում Քոչար Դավթյանն ասում է. «Ալիկ, ըստեղ բան բացեցին, որ ժողովուրդը իրար միանա, ու իբր թե ըստեղից որ մենք դուրս գանք, բայց չեմ իմանում՝ ինչ են անում: Կամ կարող է փակեն, կամ չգիտենք՝ ինչ են անում: Ասում են՝ Ազատության հրապարակ եկեք: Բայց ժողովուրդը չի գնում»:

Չի հրապարակվել նաեւ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 03.44-ին Ավետիս Ավագյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հետեւյալ զրույցի գաղտնալսումը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչով Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները ցրվել էին:

Ավետիս. Նորմա՞լ եք, ապեր:

Ալեքսանդր. Չէ, որոշվեց՝ ցվրվել:

Ավետիս. Հա, էդ գիտեմ: Դուրս եկա՞ք, էդ եմ ասում:

Ալեքսանդր. Հա, դուրս գալու պրոցեսն ա: Գիտե՞ս, ո՞նց գիտես բայց, ո՞նց որոշվեց վերջը:

Ավետիս. Շեֆը ասաց, որ զանգեմ՝ Արամին ասեմ, որ Արամը կապվի իրան:

Ալեքսանդր. Հա, որովհետեւ ես էդ իդեան որ ասում էի, ընենց, սաղ դեմ էին: Էդ հետո ո՞նց եղավ էլի էդ:

Ավետիս. Չգիտեմ, շեֆ: Շեֆը պրոստը ասեց, որ իրա անունից, իր պատասխանատվությամբ ըտենց հայտարարություն արվի:

Ալեքսանդր. Հա, հրաշալի է, ես շատ գոհ եմ, որովհետեւ ջարդելու էին, ծեծեին եւ այլն:

Ավետիս. Եվ հետո արդեն ոնց որ դառնում էր անհամություն էլի, չէ՞, ոնց որ ես ըտենց հասկացա:

Ալեքսանդր. Հա, հա: Ես պրոբլեմ չունեմ, մենք շատ գոհ ենք, ես էլ, Արարատն էլ դրա կողմնակիցն էինք, ուղղակի ձեւը չէինք գտնում իրան ասելու: Մենք էլ մտածում էինք՝ պատասխանատվությունը մեր վրից իրա վրա չբարդենք: Չէ, էդ շատ լավ որոշում էր, հարցը էդ չի:

Հիշեցնենք, որ մարտի 2-ից Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը թաքնվում էին, բայց քանի որ վերջինս շարունակում էր զանգել նույն հեռախոսահամարից (մարտի 6-ին Ավետիս Ավագյանի հետ զրույցի ընթացքում Արզումանյանը դժգոհում է, որ հեռախոս չեն գնել. «Մեր տեղերը սաղ վառվեցին արդեն»)՝ նրա զրույցները ԱԱԾ-ն շարունակում էր գաղտնալսել: Ինչպես, օրինակ, մարտի 2-ին ժամը 12.37-ին Լեւոն Զուրաբյանի հետ այս զրույցը:

Լեւոն. Ինչ ենք, մի բան անո՞ւմ ենք, թե՞ չէ:

Ալեքսանդր. Դե, չեմ կարում ձեզ գտնեմ, նոր-նոր սկսեցիք զանգել:

Լեւոն. Ինչ-որ բաներ կա՞ն՝ իդեաներ, բաներ:

Ալեքսանդր. Հա, բայց դուք չկաք, ոչ մեկդ չկա:

Լեւոն. Հիմա սկսին երեւա՞լ տարբեր մարդիկ: Ուրիշ մարդ կա՞, որ զանգել ա քեզ կամ դու կարողացել ես գտնել:

Ալեքսանդր. Փորձում եմ գտնել:

Լեւոն. Փորձում ես գտնել: Լավ:

14.23-ին զանգել էր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ. Կա՞ նորություն, ինչ-որ բան:

Ալեքսանդր. Շատ էական բան չկա, բայց նորմալ ընթացք ա: Ոնց որ բան ա: Հիմա մի ձեւի պիտի իրար գլխի հավաքվենք, որոշենք՝ ինչ ենք անում, էլի:

Նիկոլ. Լավ:

Մարտի 2-ին, ժամը 16.32-ին, զանգել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հետ զրույցի մի հատված հրապարակվել է, բայց աղճատված: Այսպես, Տեր-Պետրոսյանի հարցին՝ «Կապի մեջ եք տղերքի հետ, չէ՞», Արզումանյանը պատասխանել էր. «Հա, ես նայում եմ, որ ով որտեղ քնի, ինչ անի, բան, հանկարծ բաներ չլինեն, էլի»: Դրան Տեր-Պետրոսյանն իրականում արձագանքել էր. «Չէ, բան չի լինի, Ալիկ ջան: Էսօր ասում եմ՝ էսօր կարելի ա զգույշ լինել, բայց ես համոզված եմ, որ նրանք նոր ձերբակալություններ չեն անելու: Չեն անելու, որովհետեւ իրանց հիմա էս վիճակը, իրանք հասկանում են՝ ինչ ա նշանակում: Եվ հակառակը՝ ինչ-որ ձեւ բաներ են անելու, ժեստեր են անելու մեղմացնելու, բանի, նույնիսկ էս ձերբակալվածներին կարող ա բաց թողնեն: Բայց էս մի-երկու օրը դեռ ըտենց շատ մի երեւացեք, հետո կտեսնենք»: Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը չիրականացավ՝ ընդ որում ոչ միայն հաջորդող օրերին, այլ նաեւ ամիսներին: Միայն զարմանալի է, թե ինչու էր նա անգամ մարտի 1-ին կատարվածից հետո եւ այդ զրույցի ընթացքում էլփ արձանագրելով. «Երեք կառդոնով իմ անվտանգությունը ամբողջ պետությունն ապահովում ա»՝ դեռ այդքան լավատես:

Ալեքսանդր Արզումանյանի վերջին գաղտնալսված զրույցը մարտի 9-ին Աշոտ Մանուչարյանի հետ է, որը նրան ասում է, թե կողմերի միջեւ ինչ-որ երկխոսություն հաստատելու փորձեր են արվում, եւ եթե ստացվի՝ իրավիճակը որոշակիորեն կմեղմվի. «Նո պոկա հլա գործը չի կպել՝ ըտենց ասեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել