Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐ, ԻՀԱՐԿԵ, ԿԱՆ»

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"Ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները հայտարարում են, թե գործող իշխանությունները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, տեղի տալով միջազգային հանրության պահանջներին եւ որպես իրենց ոչ լեգիտիմության փոխհատուցում, մտադիր են այնպիսի (նաեւ՝ տարածքային) զիջումների գնալ, որոնք իրենք գնահատում են որպես դավաճանություն: Այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցություններում որոշակի տեղաշարժեր կամ, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ասում՝ «առաջընթացի հույսեր» կան՝ արդեն պարզ է: Հայտնի է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը մտադիր է հոկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքում անդրադառնալ այս խնդրին:

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ այդ օրը ԼՂ հակամարտության կարգավորման մասին խոսելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս փաստը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Արդյոք այսօր այդ խնդիրն իսկապե՞ս հրատապ է, եւ արդյոք գործող իշխանություններն, ըստ ընդդիմության, իսկապե՞ս մտադիր են այնպիսի քայլերի գնալ, որոնք կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Ի վերջո, 1998-ից մինչ օրս ընդդիմությունն ու հասարակական տարբեր կազմակերպություններ բազմաթիվ անգամ են ահազանգել գործող իշխանությունների կողմից Ղարաբաղը «ծախելու», ոչ հայանպաստ զիջումների գնալու, «Մեղրիի տարբերակի»՝ տարածքների փոխանակման մասին, բայց այդ մտահոգությունները գործնականում չեն արդարացել: Կա՞ ռեալ վտանգ, որ այս անգամ հարցն իսկապես լուրջ եւ մեզ համար վտանգավոր հանգրվանի է հասել, եւ արդյոք հրատա՞պ է դրան հանրահավաքում անդրադառնալը: «Այո, նման վտանգ կա: Շատ լուրջ վտանգներ կան: Ընդհանրապես, աշխարհաքաղաքական միջավայրն է ինչ-որ իմաստով փոխվել ռուս-վրացական պատերազմից հետո, նաեւ՝ Թուրքիայի ակտիվացման հետ կապված: Լուրջ գործընթացներ են տեղի ունեցել եւ դեռ ընթանում են, որոնք փոխում են իրավիճակը տարածաշրջանում եւ ղարաբաղյան խնդրի շուրջ: Ես պարզապես նորից հրավիրում եմ բոլորին մասնակցել առաջիկա հանրահավաքին, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ այնտեղ կտրվեն»,- ասաց Լ. Զուրաբյանը: Մեր հարցին՝ կարծում եք, որ անցած 10 ամիսների դրամատիկ իրադարձություններից հետո եւ դրանց ֆոնի վրա այսօր Ղարաբաղի հարցը մեր հասարակության համար հետաքրքի՞ր է, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլ՝ Հայաստանի ապագայի, հայաստանցիներիս անվտանգության եւ կենսական շահերի մասին է»: Մի պահ ենթադրենք, թե գործող իշխանությունները իսկապես մտադիր են ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների գնալ, բայց արդյոք հայ հասարակությունն ի վիճակի՞ է ընդվզելու դրանց դեմ եւ կանխելու դրանք՝ այն դեպքում, երբ «դրսի» ուժերն այդ հարցում աջակցում են իշխանություններին, իսկ վերջիններս սովոր են հասարակությանն արհամարհել: «Հասարակության ընդվզումը պարզապես պետք է ճիշտ կազմակերպել եւ ենթարկեցնել ճիշտ հաշվարկված ռազմավարությանը, այնպիսի ռազմավարությանը, որն, ի վերջո, շատ արդյունավետ կլինի: Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում խոսվելու է նաեւ դրա մասին: Այնտեղ մենք կներկայացնենք, թե ինչ ռազմավարություն է ընտրում ՀԱԿ-ը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում»,- հավաստիացրեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ նաեւ Համաժողովրդական շարժման համակիրների միջեւ մամուլում ծավալված հեռակա բանավեճ-քննարկումներին, որոնք վերաբերում են Շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի որդեգրած մարտավարությանը: Արդյոք սա Շարժման ներսում ծայր առնող դժգոհության կամ որոշակի խմորումների դրսեւորում չէ՞: Ըստ Լ. Զուրաբյանի՝ ոչ. «Դրանք ոչ միայն առողջ, այլեւ բավականին հետաքրքիր եւ շատ օգտակար բանավեճեր են: Նման բանավեճեր լինում են նաեւ մեր շտաբի, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերում: Ասեմ նաեւ, որ այդ հրապարակումներում որոշակի ազդակներ կան, որոնցից մենք լուրջ հետեւություններ ենք անում եւ շնորհակալ ենք այդ հրապարակումների հեղինակներին Շարժման մեջ իրենց այդ ներդրման, առաջարկների համար: Ես գտնում եմ, որ դա Շարժման հզորության դրսեւորում է: Շարժմանը պառակտում չի սպառնում, ավելին՝ չպառակտվելու հիմնական գրավականը հենց այն է, որ մենք երբեք այդ տարակարծությունները չենք փորձում ճնշել կամ պահել հասարակությունից, այլ շատ հանգիստ խոսում ենք դրանց մասին, քննարկում ենք բոլոր տեսակետները: Դրանից էլ լավ բա՞ն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել