Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ հինգերորդ

ՓՈՓՈԽԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Եվ փոխգնդապետ Կարավանն ինձ ասաց՝ «բախտներս բերել է, որ հրամանատարը բարի մարդ է», եւ ես ասացի՝ «ձե՛ր բախտն է բերել», եւ Կարավանն ասաց՝ «ճակատագրի բերումով՝ իմ բախտն ու քո բախտն էս պահին փոխկապակցված են», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ բախտը բերել է, որ դո՛ւք եք բարի մարդ, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտաց ու անսպասելի հարցրեց՝ «գեղարվեստական գրականությունից ո՞նց ես, Շեկոյանչիկ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Կարավանը հարցրեց՝ «գեղարվեստական գրքեր կարդացե՞լ ես», եւ ես ասացի՝ «ընկեր փոխգնդապետ, ես մասնագիտությամբ բանասեր եմ», եւ Կարավանը զարմացած ասաց՝ «իսկ ես մտածել եմ՝ նկարիչ ես. փաստորեն, էդ հարցում էլ ես ինձ խաբել», եւ ես ասացի՝ «փաստաթղթերիս մեջ գրված է, որ մանկավարժականի բանասիրականն եմ ավարտել», եւ Կարավանը հանդիմանալից ինձ նայեց ու ասաց՝ «ես ոչ թե փաստաթղթերով եմ առաջնորդվել, այլ՝ վստահությամբ», եւ ես գլուխս կախելով ասացի՝ «նկարչության գծով տեխնիկում եմ սովորել, բայց բարձրագույն կրթությունս բանասիրական է», եւ Կարավանն ասաց՝ «եթե բանասիրականն ես ավարտել, Շվեյկի պատմությունը հաստատ կարդացած կլինես», եւ ես ասացի՝ «ճիշտ այդպես, ընկե՛ր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտալով ասաց՝ «գնալով ավելի ու ավելի ես Շվեյկին նմանվում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ է Շվեյկին նմանվում», եւ Կարավանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «եֆրեյտոր Շեկոյանը» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «եֆրեյտոր Շեկոյանը գնալով ավելի ու ավելի է նմանվում քաջարի զինվոր Շվեյկին», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի ձեր կրթությունն էլ է բանասիրական, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ Շվեյկի էդ պատմությունն ավելի շուտ բանակային ստեղծագործություն է, քան՝ բանասիրական», եւ ես ասացի՝ «համ էլ երգիծական է», եւ Կարավանը ծիծաղելով ասաց՝ «քեզ ավելի մոտիկից ճանաչելով՝ արդեն սկսում եմ մտածել, որ էդ ստեղծագործությունը ոչ թե երգիծական է, այլ՝ միանգամայն ռեալիստական», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ գրականագետ կլինեիք, ընկեր փոխգնդապետ», եւ Կարավանը ժպտալով ասաց՝ «ես իմ էս գործից հեչ էլ դժգոհ չեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճիշտ է, երբեմն հայերը վատություն են անում, բայց դիմանում եմ», եւ ես հարցրի՝ «հայերն ի՞նչ վատություն են արել», եւ Կարավանը ծիծաղելով ասաց՝ «Վլադիմիր Իլյիչի դիմանկարը դեմ են արել, ասել են՝ Լեոնիդ Իլյիչն է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեր էս պատմությունն էլ արժե գրել», եւ Կարավանը հարցրեց՝ «ո՞վ պիտի գրի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես», եւ Կարավանը հարցրեց՝ «ե՞րբ կգրես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեծանամ՝ կգրեմ», եւ Կարավանը ժպտալով ասաց՝ «շա՜տ պիտի մեծանաս, որ Շվեյկի մակարդակի բան գրես», եւ ահա՝ իմ ու փոխգնդապետ Կարավանի էս պատմությունն էի Վահրամին էսքան մանրամասնորեն պատմում, եւ Վահրամը ծայրեծայր ուշադիր լսելով՝ ծիծաղեց ու ասաց՝ «հիմի արդեն ահագին մեծացել ես. կարաս ձեր էդ պատմությունը գրես», եւ ես ասացի՝ «էդքան չեմ մեծացել», եւ Վահրամն արհամարհական ասաց՝ «էնքան ես մեծացել, օր կըսես՝ Մոցարտը մեզի պես սովորական մարդ է», եւ ես ասացի՝ «Մոցարտի թեման փակենք», եւ Վահրամն ասաց՝ «Մոցարտի թեման փակելն անհնարին է» եւ հուզված ավելացրեց՝ «Մոցարտի թեման հավերժական է բաց», եւ ես ասացի՝ «բայց մենք փակենք», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ փակենք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ Մոցարտի վերջը կռիվ ա», եւ Վահրամն ասաց՝ «կռվից շատ կվախնաս», եւ ես ասացի՝ «հազիվ ենք բարիշել», եւ Վահրամն ասաց՝ «անցած անգամ էլի էս թեմայի վրեն կռվանք», եւ ես ասացի՝ «հիշեցի», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ ռեժիսորի անունը Միլոշ ա՝ Միլոշ Ֆորման», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ռեժիսոր», եւ ես ասացի՝ «էդ «Ամադեուս» ֆիլմն իրա նկարածն ա», եւ Վահրամն ասաց՝ «շատ ջրիկ կինո էր», եւ ես ասացի՝ «ինքը մեծ կինոռեժիսոր ա», եւ Վահրամն ասաց՝ «մասոնները մենակ մեծ կինոռեժիսորներին իրանց զակազները կուտան», եւ ես ասացի՝ «ոչ մի զակազ էլ չկա. մարդը իրա պատկերացրած Մոցարտին էր նկարել», եւ Վահրամն ասաց՝ «Մոցարտը մի հատ է», եւ ես ասացի՝ «Մոցարտին շատ ես փոքրացնում. ամեն մարդ իրա Մոցարտն ունի», եւ Վահրամն ասաց՝ «էդ ռեժիսորի Մոցարտը շատ սայլուկ էր», եւ ես ասացի՝ «Ֆորմանը շատ մեծ կինոռեժիսոր ա», եւ Վահրամն ասաց՝ «կարող ա շատ մեծ ա, բայց շատ պզտիկ կինո էր նկարել», եւ ես ասացի՝ «էդ ֆիլմը կարծեմ «Օսկար» էլ ա ստացել», եւ Վահրամն ասաց՝ «վայ թե էդ ասածդ «Օսկարն» էլ է մասոններինը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարող ա՞ էդ էրեխեքին էլ էին մասոններն ուղարկել», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչ էրեխեք», եւ ես ասացի՝ «որ էսօրվա համերգին քչփչում էին», եւ Վահրամը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «շատ հնարավոր է՝ իրանց ղրկածն էղնեն. մասոններն ու թուրքերը միշտ էլ շատ ուժեղ կապի մեջ են», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ ուզում հետդ վիճեմ», եւ Վահրամն ասաց՝ «պիտի ինֆորմացիա ունենաս՝ օր վիճես. օր ինֆորմացիա չունես՝ ի՞նչըղ կրնաս վիճես», եւ ես ասացի՝ «հազիվ ենք բարիշել», եւ Վահրամը հարցրեց՝ «գոնե հիշե՞ս գը՝ վերջին անգամ ինչի համար կռվանք», եւ ես ասացի՝ «չենք կռվել», եւ Վահրամն ասաց՝ «կռվելը չենք կռվել, բայց մի տարի խռով էինք», եւ ես ասացի՝ «դո՛ւ էիր խռով», եւ Վահրամն ասաց՝ «բայց պատճառը դու էիր», եւ ես ժպտալով ասացի՝ «էլի Մոցարտի պատճառով էր», եւ Վահրամն ասաց՝ «վերջին անգամ ինձի շատ գեշ վիրավորեցիր», եւ ես ասացի՝ «չեմ էլ հիշում՝ ինչ եմ ասել», եւ Վահրամն ասաց՝ «ըդիկ շատ վատ է», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա վատ», եւ Վահրամն ասաց՝ «շատ վատ է՝ օր ասածներդ չես հիշե. տղամարդ տղեն իրա բերնեն դուս էկածի համար պիտի պատասխանատու էղնի», եւ ես ասացի՝ «որ չեմ հիշում, ուրեմն՝ լուրջ բան չի էղել. ամեն անգամ մի դատարկ բանի պատճառով կռվում ենք», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «իսկականի՞ց ասածներդ չես հիշե», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իսկականից չեմ հիշում», եւ Վահրամը հարցրեց՝ «օր չես հիշե՝ ինչի՞ կարմրար», եւ ես հարցրի՝ «կարմրե՞լ եմ», եւ Վահրամը ներողամիտ ժպտաց ու ասաց՝ «էն էլ ի՜նչըղ», եւ ես ժպտալով ասացի՝ «խասյաթ ա», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչ խասյաթ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մի բաժակ որ խմում եմ՝ կարմրում եմ», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «բայց խմածներս կոֆե ու ջերմուկ է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կապ չունի. ինչ էլ խմեմ՝ կարմրում եմ», եւ Վահրամը տխուր ժպտալով ասաց՝ «օր կարմրես գը, կնշանակի՝ ասածներդ շատ լավ էլ հիշես գը» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «օր քեզի ըդպես բան ասող էղներ, սաղ կյանքդ չէիր մոռնա», եւ ես ահագին ժամանակ լուռ էի ու ոչինչ չասացի, որովհետեւ նախորդ տարվա Վահրամին ասածս շատ լավ էի հիշում ու նաեւ գիտեի, որ Վահրամի վերջին անգամ խռովելու պատճառն էդ վերջին անգամվա ասածս էր՝ նույն էդ բացօթյա սրճարանում, ու էլի իրավիճակը գրեթե նույնն էր, ու էլի Մոցարտի համերգից հետո էր, ու էլի Մոցարտի համերգն ինչ-որ ջահելներ խանգարել էին, ու Վահրամն էդ իրիկուն էդ ջահելներին էլի նկատողություն էր արել, ու համերգից հետո ջահելներն էլի աքլորացել էին, ու էլի իմ շնորհիվ իրենց չափազանց թունդ վիճաբանությունը կռվի չվերածվեց, ու հետո՝ էլի էս նույն սրճարանում, բայց աջից երրորդ սեղանի շուրջ Վահրամն ու ես Մոցարտից էինք վիճում, ու էլի Վահրամը մոլեռանդորեն Մոցարտին ինձնից ու ամբողջ աշխարհից պաշտպանում էր. այսինքն, նույն իրավիճակն էր՝ մինուս Նիկոլի ու «Այլընտրանքի» էդ հանրահավաքը, եւ երբ էդ օրը Վահրամն ասաց՝ «փաստորեն, հազարից մեկը Մոցարտին ճիշտ կհասկնա», ես ծիծաղելով ու Նիկոլի ոճով ասացի՝ «եւ այդ մեկը դո՛ւ ես», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեկ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հեչ», եւ Վահրամը հարցրեց՝ «վիրավորե՞ս գը», եւ ես ասացի՝ «քաղաքականությունից հեռու ես, դրա համար էլ ասածս չհասկացար», եւ Վահրամն ասաց՝ «քաղաքականությունից ավելի մունդառ բան մեկ էլ քաղաքականությունն է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու գանգաբանությունից ես շատ ուժեղ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «հա. մեկ էլ՝ երաժշտագիտությունից», եւ Վահրամը կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «ցրե՞ս գը», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «մեր էն վերջին խոսակցության հաշվով կըսեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խոսակցություն», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «իսկականի՞ց ասածներդ չես հիշե», եւ ես խեղճանալով ասացի՝ «հանաքով մի բան էր՝ ասել եմ», եւ Վահրամն ասաց՝ «ես հանաքը լրջից տարբերեմ գը», եւ ես ասացի՝ «անցած ըլնի» եւ խեղճանալով ավելացրի՝ «մոռանանք», եւ Վահրամն ասաց՝ «դու լավ էլ մոռացել էիր. ե՛ս հիշացրի», եւ ես ասացի՝ «իզուր էլ հիշացրիր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մարդ պիտի լավ բաներ հիշի, ոչ թե՝ վատ», եւ Վահրամը քամահրանքով ասաց՝ «լավ բաներ ասե՞լ ես, օր լավերը հիշեմ», եւ ես ասացի՝ «ես արդեն մոռացել էի», եւ Վահրամը քմծիծաղով ասաց՝ «քե՞զ ինչ կա. հեշտ վիրավորես գը, հեշտ էլ մոռանալու կուտաս», եւ չնայած նորից ասացի ու կրկնեցի՝ «ես արդեն մոռացել էի», շատ լավ էի հիշում, որ մոտավորապես մի տարի առաջ էդ նույն սրճարանում Վահրամին իսկապես վիրավորել էի, ընդ որում՝ շատ փիս էի վիրավորել, ու էդ վիրավորելս չէի կարող չհիշել, որովհետեւ ես է՛ն մարդկանցից եմ, ովքեր անհամեմատ հեշտ ու շուտ են մոռանում իրե՛նց հասցեագրված վիրավորանքը եւ, ընդհակառակը, չափազանց դժվար են մոռանում մեկնումեկին հասցրած իրե՛նց իսկ վիրավորանքը. այսինքն, ես չէի կարող մոռանալ ու չէի մոռացել, որ ընդամենը մի տարի առաջ էդ նույն սրճարանում, երբ էլի Մոցարտի համերգից դուրս եկել ու Վահրամի հետ վիճում էինք, մեր վեճի ամենաթունդ պահին չկարողացա ինձ զսպել ու Վահրամին ասացի՝ «էս բոլոր մարդիկ Մոցարտի հետ ավելի կապ ունեն, քան՝ դու», եւ էդ «բոլոր մարդիկ» Օպերայի հրապարակում շուն ման տվողներն ու ռոլիկներով չմուշկ քշողներն էին, ինչպես նաեւ՝ հրապարակում անկապ զբոսնողներն ու նոր տեղադրված նստարաններին նստոտած թոշակառուները, ինչպես նաեւ՝ էդ նույն նստարաններին նստոտած էն ջահել սիրահարները՝ որ սրճարանում նստելու փող չունեն, ինչպես նաեւ՝ փող ունեցող ջահելներն ու ահելները, որ էդ պահին շրջակա սրճարաններում էին նստոտած, ինչպես նաեւ՝ էդ օրվա համերգը խանգարած ջահելները, եւ հատկապես էդ օրվա համերգը խանգարած ջահելները, որոնց հետ Վահրամի վեճն իմ շնորհիվ կռվի չվերածվեց, եւ երբ Վահրամին ասացի՝ «էս բոլոր մարդիկ Մոցարտի հետ ավելի կապ ունեն, քան՝ դու», ես հենց էդ բոլորին նկատի ունեի՝ ներառյալ էդ պահին էդ տարածքից բացակայող աշխարհի ազգաբնակչությանը, որովհետեւ Վահրամն, ինչպես երեկ, էդ օրն է՛լ էր ճգնում Մոցարտին բոլորիցս փրկել ու սեփականաշնորհել՝ առանց հասկանալու, որ Մոցարտն իր պաշտպանության կարիքն առանձնապես չունի, եւ երբ էդ իրիկուն վրդովված ասացի՝ «էս բոլոր մարդիկ Մոցարտի հետ ավելի կապ ունեն, քան՝ դու», ինքն ասածս միանգամից հասկացավ ու ըմբռնեց, որովհետեւ էդ պահին մեր վեճն արդեն կուլմինացիային էր հասել, եւ ասածս անմիջապես ըմբռնելով ու հասկանալով՝ մեկից սփրթնեց, տեղից կտրուկ վեր կացավ եւ առանց որեւէ բառ ասելու հեռացավ՝ էդ իրիկվա ողջ պատասխանատվությունն ու սեղանի հաշիվն ինձ վրա թողնելով, եւ ահա էդ դեպքից շուրջ մի տարի անց ինքն ինձ մեծահոգաբար ներել ու վերստին Մոցարտի էր հրավիրել եւ երբ ինձ զանգեց ու Մոցարտի հրավիրեց, ես էնքան Մոցարտի համերգի համար չուրախացա՝ ինչքան ինձ լավ զգացի էն բանի համար, որ երեսուն տարվա ընկերս ինձ մեծահոգաբար ներել ու վիրավորանքը մոռանալու էր տվել, որովհետեւ ես էն մարդկանցից եմ, ովքեր խռովել ու տեւականորեն խռով պահել չեն սիրում, եւ Վահրամն էլ էն մարդկանցից է, ովքեր ի վիճակի չեն սիրած կոմպոզիտորի ու հատկապես Մոցարտի համերգը մենմենակ ըմբոշխնել, եւ էս նուրբ հանգամանքը հատկապես եմ կարեւորում, որովհետեւ ինքս էլ չեմ կարող սիրածս ֆիլմը կամ սիրածս ֆուտբոլային թիմի խաղը մենմենակ նայել ու ըմբոշխնել, ու էս առթիվ չեմ կարող չհիշել ու չնշել, որ յոթանասունականներին ընկերներիս եւ ընկերներիցս հատկապես Վանոյին ու Ռոլանդին զոռով էի «Հրազդան» մարզադաշտ քարշ տալիս, եւ հատկապես Ռոլանդն էր դիմադրում, որովհետեւ էն թվերին չգիտեր, որ տարիներ անց ինքը սպորտի նախարար եւ հայերեն առաջին ֆուտբոլային հանրագիտարանի նախաձեռնողն ու հրատարակիչն է դառնալու, եւ էն ժամանակ ինքս էլ էի հետագա էս ամենից անտեղյակ, եւ էս ամենից անտեղյակ՝ ես վաթսունականների վերջերին ու հատկապես յոթանասունականներին հիմնականում ֆուտբոլով էի ապրում ու շնչում եւ երբ տանը աշխարհի առաջնությունն էի նայում, մորս ձայն տալիս ու խոհանոցից ճաշասենյակ էի կանչում, եւ մայրս բանուգործը թողած՝ գալիս կողքս էր նստում, որովհետեւ մայրս գիտեր, որ ես ի վիճակի չեմ մենմենակ ու առանց վկայի Բրազիլիայի հավաքականի խաղը նայել, ու նաեւ գիտեր, որ իր ոտն իմ սիրած թիմերի համար խերով է, եւ էդ թիմերը հիմնականում երկուսն էին՝ հիմնականում Երեւանի «Արարատն» ու Բրազիլիայի հավաքականը, եւ հատկապես յոթանասունականների սկզբներին էի մորս ստիպում ֆուտբոլ նայել, եւ արդյունքն ակնհայտ էր. յոթանասունին Մեքսիկայում Բրազիլիան չեմպիոն դարձավ, իսկ յոթանասուներեքի հայկական ֆուտբոլի նվաճումներն ինձնից լավ գիտեք, եւ մայրս իմ պարտադրանքով էնքան ֆուտբոլ նայեց, որ ինքնաբերաբար ու բնականաբար ֆուտբոլասեր դարձավ, եւ ինքն արդեն ոչ թե իմ պարտադրանքով էր ֆուտբոլ նայում, այլ՝ միանգամայն ինքնուրույն ու կամավոր, եւ յոթանասունականների վերջերին արդեն ֆուտբոլի հանդեպ միանգամայն ինքնուրույն ու միանգամայն անհատական մոտեցում էր հանդես բերում եւ յոթանասունականների վերջերից սկսած՝ ինքն Արգենտինային նախընտրում էր Բրազիլիայից եւ հատկապես Մարադոնային էր բոլորից գերադասում, որովհետեւ, ամեն ինչից բացի, Մարադոնան մեկին մեկ նման էր քրոջս միջնեկին, եւ չնայած մայրս Մարադոնայի անունն էդպես էլ չսովորեց եւ մինչեւ իր օրերի վերջը Մարադոնային Մարաթոն էր ասում, բայց ողջ հոգով էր ըմբոշխնում ու ընկալում արգենտինացու խաղը, եւ չնայած ութսունականների սկզբներից ինքս էլ Մարադոնայի ուղղությամբ շեղվեցի, հետագայում վերջնականապես վերադարձա Բրազիլիային ու բրազիլացիներին եւ առ էսօր Բրազիլիային ու բրազիլացիներին էնքան եմ սրտիս մոտ ընդունում, որ աշխարհի ամեն առաջնությունից առաջ ինքս ինձ հարց եմ տալիս՝ «կուզեի՞ր հինգ տարի պակաս ապրեիր, բայց Բրազիլիան էս անգամ էլ չեմպիոն դառնար», ու էդ հարցիս բուն էության մեջ բոլորեքյան խորանալով՝ ինքս իմ հարցին միանշանակ բացասական պատասխան եմ տալիս՝ խորանալով ու հասկանալով, որ եթե հինգ տարի պակաս ապրեմ՝ աշխարհի մի ամբողջ առաջնություն պակաս կտեսնեմ, եւ հիմա որ էսպես ու էսքան խորանում ու հիշողություններիս գիրկն եմ ընկնում, սկսում եմ նաեւ հիշել, որ ինձ պես եւ նույնիսկ ավելի թունդ բրազիլական ֆուտբոլի երկրպագու մեկ էլ դատախազ Վլադիմիր Ռուբենիչ Նազարյանն էր, եւ երբ երկու հազար երկու թվականի հունիսի 21-ին Ռուբենիչը չափազանց խորհրդավոր ու առ էսօր անհայտ հանգամանքներում կախվեց, ամենից շատ հենց ե՛ս կասկածեցի ինքնասպանության վարկածին, ու առ էսօր էլ ներքուստ համոզված եմ, որ լուսահոգին չէր կարող ֆուտբոլի աշխարհի էդ թվականի առաջնության ընթացքում ու էդ առաջնության Բրազիլիա-Գերմանիա եզրափակիչ խաղից ընդամենը մի շաբաթ առաջ հրաժարվել կյանքից, որովհետեւ բրազիլական ֆուտբոլի մասին խոսելիս ինքն էնպես էր կարմրում՝ ինչպես մարդիկ իրենց ամենասիրելի էակի մասին խոսելիս են կարմրում, եւ Ռուբենիչը մեկ էլ իր սիրելի տիկնոջ մասին խոսելիս էր էդաստիճան կարմրում, որովհետեւ ինքն է՛ն եզակի ամուսիններից էր, ովքեր ոչ միայն մինչեւ օր ծերություն սիրում են իրենց կողակցին, այլեւ էդ հանգամանքը շրջապատից ու հասարակությունից չեն թաքցնում, եւ Ռուբենիչն ամբողջ կյանքում քեֆչի ու հանաքչի լինելով՝ միայն իր կնոջ մասին խոսելիս էր վերջնականապես լրջանում, եւ քանի որ իր հետ ֆուտբոլից էլ եմ մշտապես խոսել, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ինքը մեկ էլ բրազիլական ֆուտբոլի մասին խոսելիս էր էդաստիճան լրջանում, եւ քանի որ իր հետ բրազիլական ֆուտբոլից շատ եմ խոսել, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ բազմիցս եմ լրջացած Ռուբենիչ տեսել, բայց երբ ամուսնուց առաջ ընկնելով՝ կինը երրորդ հազարամյակի առաջին օրերին մահացավ, դրանից հետո քեֆչի ու հանաքչի Ռուբենիչը մեկից փոխվեց ու մեկընդմիշտ լրջացավ, եւ կնոջ մահվանից հետո արդեն բոլորն էին միանգամայն լուրջ ու նույնիսկ թախծոտ Ռուբենիչ տեսնում, եւ ինքը, որ իր ողջ կյանքում իր սեւերը ներս արած՝ անարժաններիս թեթեւացնում ու զվարճացնում էր, կնոջ մահից հետո իր ու մեր ծիծաղի մեջ արդեն որեւէ իմաստ չէր գտնում, եւ չնայած էսպես եմ ասում, էս ասածս ընդամենը ենթադրություն է, որովհետեւ կնոջ մահից հետո իրեն ընդամենը երկու անգամ տեսա, եւ երկու անգամն էլ ծիծաղելու կամ կատակելու պատճառ ու տրամադրություն բացարձակապես չուներ, որովհետեւ կնոջ մահից հետո իրեն կնոջ հոգեհանգստի ժամանակ տեսա եւ երբ մոտեցա, ցավակցեցի ու ասացի՝ «քեզ համբերություն, Ռուբենիչ», ինքը թախծոտ ժպտաց ու ասաց՝ «արդեն օրուկես ա՝ կնիկս չկա, բայց ես լավ էլ համբերում ու դիմանում եմ», եւ հաջորդ ու վերջին անգամ Ռուբենիչին տեսա կնոջ մահից շուրջ մի տարի անց Սայաթ-Նովայի վրա՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, եւ երբ ուզում էի բարեւել, ինքն անսպասելի դեմքը շրջեց, եւ երբ ասացի՝ «բարեւ, Ռուբենիչ», ինքը տհաճությամբ ինձ նայեց ու ասաց՝ «լավ էլ էրեսդ բռնում ա՝ բարեւ ես տալի», եւ ես զարմացած հարցրի՝ «էրե՞սս խի չպիտի բռնի», եւ ինքն արհամարհական ինձ նայեց ու ասաց՝ «պոեմիդ մեջ հազար ու մի շունշանգյալի անուն էիր գրել, բայց իմ անունը լայաղ չէիր արել գրես», եւ մինչ պատասխանս կմտմտայի, ինքը կտրուկ շրջվեց եւ արագ քայլերով փողոցը կտրեց ու անցավ, եւ ես չհասցրի արդարանալ ու բացատրել, որ տեղի սղության պատճառով Նիկոլի թերթի զույգ էջերից պոեմիս չորս գլուխներն ամբողջությամբ դուրս էին մնացել՝ ներառյալ իր անունը պարունակող հատվածը, բայց մի քանի ամսից էդ «Երեւան հյուրանոց» կոչվող պոեմս ամբողջությամբ գրքով տպվելու էր, եւ երբ ինքը նեղացած շրջվեց ու արագ-արագ փողոցն անցավ, ես մտածեցի, որ գրքիս առաջին օրինակը հենց իրեն կնվիրեմ ու մեղքս կքավեմ, բայց մինչեւ գիրքս կտպվեր՝ Ռուբենիչն անսպասելի ու կտրուկ հեռացավ կյանքից, մեզանից ու աշխարհից՝ առանց սահմանադրության թողնելով երրորդ աշխարհի բազմաթիվ երկրների ու ազգերի, եւ մեր ընդդիմությանն էլ իմպիչմենտական բազում հարցականների մեջ խճճված թողեց, եւ չնայած կյանքից ու ամեն ինչից իր անժամանակ հեռանալը որոշների համար ճիշտ ժամանակին ու շատ էլ ցանկալի էր, այդուհանդերձ, իրեն ճանաչողներից ոմանք անշահախնդրորեն էին հավատում ինքնասպանության վարկածին, որովհետեւ իր վախճանը կապելով իր մեծ ու բացառիկ սիրո հետ՝ Ռուբենիչի պես կարծում էին, թե ինքն, այնուամենայնիվ, իր կնոջ բացակայության պայմաններում պիտի որ շատ երկար չձգեր, մինչդեռ ես, ի տարբերություն այլոց, Ռուբենիչի երկրորդ մեծ սիրուց՝ Բրազիլիայից է՛լ որոշակի տեղեկություն ունեի ու առ էսօր համոզված եմ, որ Ռուբենիչն ի վիճակի չէր երկու հազար երկուսի աշխարհի առաջնության էդ Բրազիլիա-Գերմանիա բացառիկ եզրափակիչից ընդամենը մի քանի օր առաջ էդպես կտրուկ, հանկարծակի ու կամավոր հեռանալ մեզանից, ֆուտբոլից ու ամեն ինչից:

Էլի շեղվեցի: Ընդ որում՝ շատ: Ընդ որում՝ Վահրամից չշեղվեցի, քանի որ Վահրամն էլ ի՛ր հերթին էր ինձ իմ բուն նյութից շեղել, որովհետեւ, եթե դեռեւս չեք մոռացել, իմ բուն նյութն իմ կյանքն էր, եւ կյանքս պատմելով՝ եկել հասել էի յոթանասունվեց թվականի օգոստոս ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրություն եւ էդ խմբագրությունում մենմենակ նստած՝ սպասում էի, թե երբ պիտի Ախալքալաքցի Աշոտը պահակ Վարոսի մոտից նրբերշիկներով վերադառնա, իսկ ավելի ճիշտն ասած՝ ես քսաներեք տարվա կյանքս հապճեպ ու արագ պատմելով՝ մի քանի հատորի չափ լռվել մնացել էի իմ յոթանասունվեց թվականի մեջ՝ Լիզայով, Լեւոն Ներսիսյանով, Ֆրունզիկով, Շերենցով, Թամրազյանով, Սերգեյով, Ախալքալաքցի Աշոտով, «Գարունի» Տաթեւիկով ու մյուսներով հանդերձ, եւ երբ Տաթեւիկի մասին առաջին հիշատակումս «Առավոտում» տպվեց, կինս էդ հատվածը մի քանի անգամ կարդալուց հետո ասաց. «Լիզայից հազիվ պրծանք. հիմի էլ Տաթեւիկ ե՞նք խաղացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել