Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՐԿՎԵՑ «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿԻ» ԳԱՎԱԹԸ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Նախօրեին Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի ձիարշավարանում անցկացվեց «Արա եւ Այծեմնիկի» գավաթի խաղարկությունը: Մինչեւ բուն մրցաշարի անցկացումը, ձիասպորտի երկրպագուներին «էներգիա» հաղորդեցին Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երգի ու պարի խմբերը, որից հետո Տերունական աղոթքով բացվեց գավաթի խաղարկությունը:

Նշենք, որ այս ակումբը լուրջ պատմություն եւ լավ ավանդույթներ ունի: Իսկ կենտրոնը, որտեղ անցկացվում են հանրապետական նշանակության առաջնություններ, բացվել է ուղիղ մեկ տարի առաջ: Ակումբի նախագահ, ազատամարտիկ, գնդապետ Նազիկ Ամիրյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Արա եւ Այծեմնիկն» ունի 23 զտարյուն ձի, իսկ ձիեր սկսել են բուծել եւ տեղում աճեցնել շատ ավելի վաղուց՝ դեռ ակումբի հիմնումից էլ առաջ:

Մրցմանը մասնակցեցին 4 ակումբներից 15 անձնակազմ՝ «Արա եւ Այծեմնիկ», «Այրուձի», «Մուլտիգրուպ» եւ Հովհաննես Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը:

Մրցանակային ֆոնդը սահմանված էր մեկ միլիոն դրամ, որը բաշխվեց առաջին հինգ տեղերը գրաված անձնակազմերին:

Մրցույթի արդյունքում մրցանակային տեղերի արժանացան. «Արա եւ Այծեմնիկ» ակումբից Արա Գրիգորյանն իր Գերան նժույգով՝ 5-րդ տեղ, 4-րդ տեղում հայտնվեց Նորիկ Ալեքսանյանը «Մուլտիգրուպից»՝ Գուսան նժույգով, 3-րդ տեղը բաժին հասավ Խորեոգրաֆ նժույգով մրցող Դավիթ Խալաթյանին՝ Հայրապետյանի անվան կենտրոնից, 2-րդ տեղը՝ կրկին «Արա եւ Այծեմնիկից» Անդրանիկ Ավետիսյանին՝ Խարիսխ նժույգով: Մրցաշարի հաղթող ճանաչվեց եւ գավաթին տիրացավ «Մուլտիգրուպից» Գեւորգ Հովհաննիսյանը՝ Թյուբինգ նժույգով:

«Արա եւ Այծեմնիկ» ակումբը հատուկ մրցանակներ էր սահմանել նաեւ մրցաշարի բոլոր 15 մասնակիցներին: Ակումբից մեզ փոխանցեցին, որ այս գավաթի խաղարկությունը ավանդական է լինելու եւ կանցկացվի ամեն տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել