Լրահոս
Օրվա լրահոսը

MIT-Ը՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ

Հոկտեմբեր 11,2008 00:00

Թուրքական հատուկ ծառայություններն ակտիվ են հատկապես այդ տարածաշրջանում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն, թուրքական հատուկ ծառայությունները համարվում են Ռուսաստանի հարավային շրջաններում գործող ամենաակտիվ հետախուզական ծառայություններից մեկը: Թուրքիայի արտաքին հետախուզությամբ զբաղվող հիմնական մարմինը Ազգային հետախուզական կազմակերպությունն է (թուրքերեն՝ Milli Istihbarat Teskilati, MIT), որը խիստ կոնսպիրատիվ կառույց է եւ գործում է Թուրքիայի վարչապետի անմիջական հսկողությամբ եւ հաշվետու է նրան: Թուրքական արտաքին հետախուզությունը 1990-ականներից խիստ ակտիվություն է դրսեւորում հատկապես Ռուսաստանի Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասում: Ռուսաստանի հակահետախուզական մարմինների համաձայն՝ Թուրքիայի Սամսուն, Տրապիզոն, Ստամբուլ քաղաքներում գործում է շուրջ 1700 հոգուց բաղկացած կադրային հետախուզական ապարատ, որը կոչված է հիմնականում Ռուսաստանի հարավային շրջաններում հետախուզական գործունեություն ծավալել: Թուրքիայում ընդհանուր առմամբ MIT-ի անձնակազմը հասնում է շուրջ 3 հազար 5 հարյուրի, որից գրեթե 600-ը կին գործակալներ են:

Նախ՝ թուրքական հատուկ ծառայությունների համար Կրասնոդարի երկրամասը եւ Ռուսաստանի հարավային շրջանները կարեւորություն եւ առանձնակի ուշադրություն են ներկայացնում մի շարք տեսանկյուններից: Առաջինը, որ հետաքրքրում է հատուկ ծառայություններին՝ դա երկրամասի էթնիկական գործոնն է, քանի որ այնտեղ կոմպակտ բնակվում են թյուրքալեզու տարրեր, ինչպես նաեւ հայեր, քրդեր: Երկրորդը՝ տարածաշրջանի աշխարհագրական-ռազմավարական նշանակությունն է, քանի որ այդ շրջանը նախ տրանսպորտային-նավահանգստային, սահմանային կարեւոր կենտրոն է, եթե հաշվի առնենք նաեւ երկաթուղային, էներգետիկ տարանցիկ ուղիների առկայությունը: Երրորդը գաղափարախոսական գործոնն է՝ պանթյուրքական նկատառումներից ելնելով Հյուսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հարավային շրջանների մուսուլման եւ թյուրքալեզու տարրերը գտնվում են Թուրքիայի հետեւողական ուշադրության կենտրոնում:

Թուրքական հատուկ ծառայությունները հիմնականում գործում են տարածաշրջանում հիմնված տարբեր շինարարական, առեւտրային, տուրիստական ընկերությունների, ինչպես նաեւ կրթական-մշակութային, կրոնական կազմակերպությունների հովանու ներքո: Թյուրքալեզու բնակչության շրջանում հիմնվել են թուրքական տարբեր բարեգործական-կրոնական, գաղափարախոսական կենտրոններ, որոնց գործունեությունը հետագայում բացահայտվել եւ դադարեցվել է: 2002-ին ռուսական անվտանգության մարմինների կողմից կասեցվել է Դաղստանում, Կարաչաեւո-Չերքեզիայում, Բաշկիրիայում եւ այլ շրջաններում լրտեսական գործունեություն ծավալող շուրջ 50 միսիոներների գործունեությունը: Իսկ միայն Կրասնոդարի երկրամասում 2000, 2001 թթ. բացահայտվել է շուրջ 17 կադրային հետախույզ, որոնց մեծ մասը, ռուսական հակահետախուզության տվյալներով, գործել է Թուրքիայի օգտին: 2002-ին նույն այդ երկրամասում բացահայտվել եւ վնասազերծվել է թուրքական հատուկ ծառայությունների 8 գործակալ:

Ռուսական հատուկ ծառայությունների եւ հատկապես նահանգային մարմինների համար գլխացավանք է ներկայացնում տարածաշրջանում թյուրքալեզու ժողովուրդների առկայությունն ու նրանց թվաքանակի աճը: Խոսքը նախեւառաջ վերաբերում է երկրամասի թուրք-մեսխեթցիներին: Միջէթնիկական իրավիճակն այնքան անհանգստացնող էր, որ այդ հիմնախնդիրը բարձրացվեց Ռուսաստանի նախագահի կողմից 2000թ. դեկտեմբերին կայացած Ռուսաստանի ՆԳՆ ընդլայնված կոլեգիայի նիստում, որտեղ խոսվեց նույնիսկ երկրամասում թուրք-մեսխեթցիների հետագա բնակության նպատակահարմարության վերաբերյալ: Համաձայն ռուսական հատուկ ծառայությունների՝ թուրքական հետախուզությունը առավել ակտիվություն է դրսեւորում հատկապես թուրք-մեսխեթցիների շրջանում, ինչը կարող է կարեւոր հաղթաթուղթ հանդիսանալ նրա ձեռքում: Դա նշել է նաեւ Ռուսաստանի նախկին նախագահ Վ. Պուտինը՝ շեշտելով, որ Թուրքիայի կողմից թուրք-մեսխեթցիների առաջնորդներին տրվում են անմիջական հրահանգներ: Ռուսական անվտանգության մարմինների պնդմամբ՝ թուրքական հետախուզությունը տարածաշրջանում թյուրքալեզու տարրերի ինտեգրմանն ուղղված գործողություններ է իրականացնում: Բացի այդ, առկա է դրանց շրջանակից իրենց հետախուզական գործունեության համար հավաքագրման լուրջ ռեսուրս: Կրասնոդարի հակահետախուզական կառույցների վկայությամբ՝ թուրքական հետախուզությունը թուրք-մեսխեթցիների համայնքի միջոցով տեղեկատվություն է ստանում Կուբանի ռազմական եւ տնտեսական օբյեկտների մասին, առանձնակի ուշադրություն հատկացնելով նավթային ու էներգետիկ հանգույցներին, Նովոռոսիյսկի ու Տուապսեի տերմինալներին: Նշեմ, որ թուրք-մեսխեթցիները կոմպակտ բնակվում են Նովոռոսիյսկ-Աբինսկի մայրուղու ողջ երկայնքով: Որոշ տվյալներով, նրանց թվաքանակը զգալիորեն աճում է, ինչը կարող է լուրջ էթնիկական-դեմոգրաֆիական ճգնաժամ առաջացնել երկրամասում: Բացի այդ, բավականին լարված իրավիճակ է ստեղծվել տեղի կազակ բնակչության եւ թուրք-մեսխեթցիների միջեւ, ու, ելնելով այդ հանգամանքից, Ռուսաստանի կողմից մերժվեց Կուբանում թուրքական հյուպատոսություն բացելու Թուրքիայի առաջարկը: Վերջերս նույնիսկ քննարկվել է թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը, ինչը, սակայն, հանդիպել է նրանց կատաղի դժգոհությանը: Վերաբնակեցմանը խոչընդոտելու ուղղությամբ գաղափարական հավաքագրման գործունեություն է ծավալել նաեւ թուրքական հետախուզությունը: 2001թ. բացահայտվեց MIT-ի գործակալի գաղափարախոսական-դիվերսիոն գործունեությունը, գործակալը թուրք-մեսխեթցիների շրջանում տարածում էր ակտիվ պանթյուրքական գաղափարներ կրոնական «Նուջուլար» կազմակերպության միջոցով:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ազգությամբ թուրք, Նովոռոսիյսկում «Հեքաշ տրեյդինգ» ընկերության հիմնադիր Գենչ Թալաթի գործունեությունը Կրասնոդարի երկրամասում, որի արդյունքում նա, մտերմանալով տեղի ոստիկանության աշխատակիցների, օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ՝ թուրքական հետախուզությանն է տրամադրել շրջանի ռազմատեխնիկական, Նովոռոսիյսկի ռազմական օբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն: Ռուսական հակահետախուզության տվյալներով՝ նրա միջոցով թուրքական հետախուզության կենտրոնական ապարատ է ուղարկվել նաեւ տեղի հայկական համայնքի, ինչպես նաեւ քրդերի, Ղրիմի թաթարների, թուրք-մեսխեթցիների ու ադրբեջանցիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ: Թուրք-մեսխեթցիների շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեություն իրականացնելու մեղադրանքով բացահայտված թուրք գործակալների փաստերը բավականին շատ են եւ դրանք կարելի է երկար թվարկել: Սակայն ակնհայտ է, որ թուրքական հատուկ ծառայություններն ամեն կերպ աջակցում են տեղի թուրք բնակչության շրջանում ազգայնական տրամադրությունների ձեւավորմանն ու ամեն կերպ փորձում ինտեգրել նրանց հենց Կուբանում՝ որպես ռազմավարական հաղթաթուղթ:

Թուրքական հատուկ ծառայությունները գործում են տարբեր շինարարական, առեւտրային, տուրիստական ընկերությունների հովանու ներքո, ինչպիսիք էին, օրինակ, «Ուլուսոյ», «Իլ Ումուտ», «Քիյի տուր» եւ այլն:

Հարկ է նշել, որ թուրքական հատուկ ծառայությունները ակտիվ գործել են նաեւ Հյուսիսային Կովկասում, հատկապես Չեչնիայում, կազմակերպել մի շարք խոշոր դիվերսիոն, ահաբեկչական գործողություններ, զինամթերք մատակարարել չեչեն գրոհայիններին, Թուրքիայի տարածքում հատուկ պատրաստման կենտրոններում մարզել նրանց եւ այլն: Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովը 2004թ. սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան Հյուսիսային Կովկասում ահաբեկչության եւ անջատողականության ակտիվ կազմակերպիչներից է: Հետաքրքիր է, որ Իվանովը հարկ է համարել չհիշատակել ռուսաստանյան այլ շրջաններում դիվերսիոն-հետախուզական, անջատողական գործունեություն ծավալած թուրքական հատուկ ծառայությունների բազմաթիվ փաստերը:

Անհրաժեշտ է նշել, որ այնքան էլ անիրական չէ այն հեռանկարը, որ Կրասնոդարի եւ Ռուսաստանի հարավի երկրամասերի հայկական համայնքներն ու հատկապես տնտեսական բուռն գործունեությամբ զբաղվող հայ գործարար շրջանակները կարող են թուրքական հատուկ ծառայությունների գործուն միջամտությամբ ենթարկվել տարբեր դիվերսիոն սադրանքների, հնարավոր են ազգամիջյան բախումներ ու կոնֆլիկտներ, որոնք կհանգեցնեն տեղի կազակ սլավոն բնակչության բուռն դժգոհությանն ու վտանգավոր հետեւանքներով լի «հակահայկական քսենոֆոբիայի»:

Այս տարվա ապրիլին ՌԴ գերագույն դատարանն արգելեց Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարությամբ «Նուրջուլար» (թուրքերեն՝ Nurcular) թուրքական կրոնական համայնքի գործունեությունը՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում: Դատարանի որոշման մեջ ասվում էր, որ թուրքական «Նուրջուլարի» գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելվել է «կրոնական ծայրահեղ արմատական գաղափարներ տարածելու համար»: Դատական նիստին գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են նաեւ ՌԴ արդարադատության նախարարության եւ Դաշնային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Ըստ որոշ աղբյուրների՝ «Նուրջուլարի» կազմակերպության անվան տակ գործել են թուրքական հետախուզական-լրտեսական խմբեր, որոնք էլ բացահայտվել են ռուսական հակահետախուզության կողմից:

Ռուսական մամուլը փաստել է, որ թուրքական «Նուր» կրոնական համայնքը 35 երկրներում 300 կրթական կազմակերպություններ ունի: Ռուսաստանում դրանք գործում են «Սերհադ», «Էֆլաք», «Թորոս», «Թոլերանս» եւ «Ուֆուք» կոչված հիմնադրամների անվան տակ: Ենթադրվում է, որ ՌԴ գերագույն դատարանի հիշյալ որոշումից հետո «Նուրջուլարի» հետ կապեր ունենալու հիմնավորմամբ հետաքննություններ կսկսվեն ՌԴ-ում գործող թուրքական դպրոցներում, գործարար կազմակերպություններում եւ հրատարակչություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել