Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնը՝ «ղժալու», կինոն՝ սերիալի հետ կապ չունի

Հոկտեմբեր 11,2008 00:00

Երիտասարդ ռեժիսորի նկատառումները

«Եթե մի օր համաձայնեմ սերիալ նկարել, ապա այն պետք է զերծ լինի գռեհիկ ժարգոնից»,- ասում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, շուրջ 25 դերերի դերակատար, 5 ներկայացման բեմադրիչ, «Հայֆեստ», «Նռան հատիկ» փառատոների մասնակից Լեւոն Ասրյանը:

«Դժբախտ երջանկություն», «Վերվարածներ», «Կյանքի գինը», «Ռուզանի սիրտը»… Հայկական սերիալների այս շարքը կարելի է շարունակել: Շատերի համար դրանք դարձել են կենցաղի մի մաս, ոմանց համար՝ պատուհաս: «Երեւի բրազիլական սերիալները քիչ էին, դրանց համալրելու եկան հայկականները,- դժգոհում է ապագա ռեժիսորն ու շարունակում,- ես չեմ բողոքում, դրա իրավունքն առայժմ չունեմ»: Ըստ Լեւոնի, հայկական սերիալը դեռ հայկական կինո չէ. «Դրանցով ընդամենը եթեր է «լցվում»: 20-ամյա երիտասարդը համոզված է, որ հայկական կինոն իր վերելքը դեռ նոր պետք է ապրի, բայց ոչ սերիալով. «Էժանագին սցենարներով սերիալներ ստեղծելով՝ հայկական կինո չե՛ս զարգացնի: Մենք ունենք բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ լավ կինոինդուստրիա ունենալու համար… Ցավոք, դպրոցում ուսուցիչը չի ստիպում նայել Չապլինի ֆիլմերը, խորհուրդ չի տալիս կարդալ Համո Բեկնազարյանի կենսագրությունն ու դիտել նրա ֆիլմերը, չի տանում ներկայացման… Դրա համար նույն այդ ուսուցիչը մտնում է թատրոն եւ հարցնում՝ այստե՞ղ են թատրոն խաղալու… Անգամ չես էլ ուզում բացատրել, որ թատրոնը շենքն է, իսկ խաղում են ներկայացում… Ամեն ինչ, ըստ իս, պետք է սկսվի դպրոցից, իսկ թե շարունակությունն ի՞նչ կլինի՝ թող որոշի դպրոցական նստարանից բուհական նստարան տեղափոխվողը»: Լեւոնը ապագա լավ մասնագետ դառնալու եւ տվյալ ոլորտի զարգացմանը նպաստելու հարցում կարեւորում է ծնողների դերը. «Ծնողներս դեռ մանկուց ասում էին, որ ունեմ դերասանին եւ ռեժիսորին բնորոշ հատկանիշներ: Նրանք երբեք չխոչընդոտեցին իմ մասնագիտության ընտրության հարցում, այսօր էլ ամեն հարցով օգնում են, ներկայացումներիս խանդավառությամբ գալիս են, հավատում են, որ ես ինչ-որ մեկը կդառնամ»: Ըստ երիտասարդի, հայկական կինոն դեռ երկար «կդեգերի», մինչեւ հայ ռեժիսորները միմյանց մեջ դադարեն մրցակիցներ տեսնել. «Այսօր թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ռեժիսորները կամ կլիպմեյքերները առաջնորդվում են մի կարգախոսով՝ որքան մակարդակը ցածր, այնքան ռեյտինգս բարձր… Տեսնելով մյուսի թույլ աշխատանքը՝ ստեղծում են դրանից էլ ավելի վատն ու ցածրորակը, դեռ հանդիսատեսին էլ «վարակում» իրենց անմակարդակությամբ»:

«Ինչպես թատրոնի հանդիսատեսին, այնպես էլ հեռուստադիտողին կարող ես «հրամցնել» այն, ինչ մտքովդ անցնում է, քանի որ նա պատրաստ է ընդունել ամեն ինչ՝ առանց մտածելու դրա դրական եւ բացասական ազդեցության մասին: Ցավոք, ներկայացում հասկացությունը հանդիսականներից շատերի մոտ ասոցացվում է «խնդալու», «ղժալու», վերջին շարքերում պառկած դիրքով նստելու, բերանը լայն բացած «հռհռալու» եւ նման այլ բաների հետ… Լուրջ ներկայացումը Հայաստանում հանդիսատես չունի…»: Լեւոնը համոզված է, որ իր սերնդակիցները եւ ինքն անձամբ կնպաստեն ոլորտում առկա թերությունների վերացմանը. «Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է… Ճիշտ է՝ 60-70-ականների կինո չենք ունենա, բայց լավ ռեժիսորներ, դերասաններ կունենանք: Կարեւորը՝ կան ոլորտը զարգացնել ձգտողներ եւ կամեցողներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել