Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂԵՐ, ԱՎԱԶԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ըստ Հունաստանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի, հունահայ գաղութը հարգանք է վայելում

Հունաստանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ, դեռեւս 1999-ից, հունական եւ հայկական քաղաքների քույրացման ծրագիր է սկսվել: Նման մի առիթով պարոն Գասպարը վերջերս Հայաստանում էր: Նրա հավաստմամբ, Հունաստանում հայերը հարգանք են վայելում. «Եթե, օրինակ, ոստիկանությունը ինչ-ինչ պատճառներով մեքենա է կանգնեցնում ու ղեկին հայ է լինում՝ առանց բարդությունների ազատ է արձակում: Պատճառը հայկական գաղութի բարձր վարկանիշն է: Հունահայ գաղութը արժանահավատ է, գողեր, ավազակներ չունի»: Ամենահինը Սալոնիկի հայությունն է՝ 1700-ականներից են մեր հայրենակիցները հիմնավորվել այդտեղ, 1908-ին հունական պետությունը հայերին արտոնել է եկեղեցի կառուցել, հետագայում ստեղծվել են ազգային միություններ, դպրոցներ, կրթամշակութային օջախներ: Երբ 40-ականներին ներգաղթ եղավ Հայաստան, 50-ականներին էլ՝ Ավստրալիա եւ այլ երկրներ, հունահայ գաղութը 15000-18000-ի սահմաններում էր: 90-ականներին ՀՀ-ից հայերի մեծ հոսք է եղել Հունաստան, եւ այնտեղ ներկայումս մոտավոր հաշվարկներով 65000 հայ է ապրում: «Մի խոսքով, ողջ Հունաստանում ուր գնաս՝ հայ կգտնես»,- ասում է պարոն Կարապետյանը: Ըստ նրա, հայերն այնտեղ 3 թերթ են տպագրում՝ ՀՅԴ օրգան «Ազատ օր» օրաթերթը, որը տարածվում է Հունաստանով մեկ, երկրորդը ռամկավարների «Նոր աշխարհ» շաբաթաթերթն է, երրորդը՝ հունալեզու «Արմենիկան»: Վերջինս մեր այն հայրենակիցների համար է, ովքեր չեն խոսում հայերեն: «Երեք դպրոց ունենք Աթենքում, որոնք Հունաստանի պետական ծրագրին են հետեւում: Այդ կրթօջախներում ուսուցանվում է նաեւ հայերեն, կրոնի եւ հայոց պատմություն: Հունական պետությունը մեզ շատ է օգնում, տրամադրում է թե՛ հույն ուսուցիչներ՝ մանկապարտեզից մինչեւ միջնակարգ, թե՛ վճարում հայ ուսուցիչների ամսականները, նույն չափով՝ ինչքան հույներինն է: Սալոնիկում, Թրակիայի քաղաքներում մեկօրյա հայկական դպրոցներ են գործում, որտեղի աշակերտներն ու ուսուցիչները հիմնականում Հայաստանից են արտագաղթել»,- պատմեց մեր զրուցակիցը:

«Առավոտի» դիտարկմանը՝ Արեւմուտքում շատ սուր է դրված հայ երիտասարդին հայ պահելու խնդիրը, Հունաստանո՞ւմ էլ վիճակն այդ առումով օրհասական է, պարոն Կարապետյանը նկատեց, որ Հունաստան գալով՝ հատկապես հայաստանցիները փոխում են իրենց հայկական անունները հունականով, մկրտվում հունական եկեղեցում, սկսում հունարեն խոսել իրար հետ. «Արեւմուտքի երկրներում առկա վտանգը Հունաստանում էլ գոյություն ունի: Հայկական կազմակերպությունների ու ազգային բնույթի միջոցառումների միջոցով փորձում ենք հնարավորինս հայ պահել հայերին, սակայն հայաստանցիները կարծես հակված չեն մասնակցելու նման միջոցառումների: Մեր հույսն այն է, որ գոնե նրանց զավակները կընդգրկվեն պատանեկան կամ երիտասարդական ազգային միությունների մեջ ու կմեծանան հայկական մթնոլորտում»: Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ կրթամշակութային օջախներ կան, ինչի՞ շուրջ են հայերը համախմբվում Հունաստանում: «Ինչպես ամեն տեղ, Հունաստանում էլ հայկական եկեղեցի՝ հիմնականում ավագ եւ միջին սերունդն է հաճախում: Համազգայինը երեք պարախումբ ունի մեզ մոտ, ուր 130 պատանիներ ամեն շաբաթ հավաքվում են, կա «Արշավիր Գազանչյան» թատերախումբ, «Հակոբ Փափազյան» երգչախումբ…»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Նրանից հարցրինք խառն ամուսնությունների եւ Հունաստանում՝ հայկական սովորույթների ու ավանդույթների պահպանման մասին: «Խառն ամուսնությունները մեր մեծ ցավն են……Փորձը ցույց է տալիս, որ երբ մայրը հայ է, հայրը՝ հույն, զավակը հայ է մեծանում, իսկ երբ հայրն է հայ, մայրը՝ հույն, ավելի շուտ են զիջում հայկական ավանդույթները, մոռացվում՝ ազգայինը: Խոսելով հայկական ավանդույթների մասին, նշեմ, որ ՀՕՄ-ը հաճախ է հայկական ճաշերի, ավանդույթների բազարներ կազմակերպում, որտեղ հաճախում են նաեւ մեծաթիվ հույներ: Հունաստանում նշվում են հայկական ավանդական տոնակատարություններն ու հիշատակի օրերը: Հունաստանը միակ երկիրն է, որտեղ Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունքում պետությունն ապրիլի 24-ին օրենքով կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումը: Նշվում են մայիսի 28-ը, սեպտեմբերի 21-ը, Աստվածածնի տոնը եւ այլն»,- հնչեց պատասխանը: «Առավոտի» հարցին՝ Հունաստանում լույս տեսնող թերթերի առաջին էջերում եւ կարեւոր սյունակներում ի՞նչ տեսակ նյութեր են զետեղվում եւ հայաստանյան ու ղարաբաղյան թեման ի՞նչ տեղ ունի դրանցում, պարոն Գասպարը պատասխանեց. «Հունաստանի հայկական թերթերի առաջին էջերի հիմնական նյութը հայաստանյան կարեւոր իրադարձություններն են, շատ անգամ՝ լուրեր՝ Սփյուռքի հետ կապված: «Ազատ օրում» ունենք երկու էջ, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, մյուսը՝ ամբողջապես Արցախին եւ Ջավախքին: Թերթի մյուս էջերում գաղութի ներքին կյանքին վերաբերող հոդվածներ ու լուրեր են: «Նոր աշխարհն» ավելի շատ արտատպումներ է անում, իրենց հնարավորությունները մարդուժի տեսակետից սուղ են»:

Արձագանք եղավ նաեւ հունահայ գաղութի վերաբերմունքին՝ կապված Գյուլի հայաստանյան այցելությանը: «Մենք դատապարտված ենք Թուրքիայի հարեւանությամբ ապրել, հետեւաբար՝ պիտի բարիդրացիական հարաբերությունների մեջ լինենք: Գտնում ենք, որ սահմանների հնարավոր բացումը զիջում չէ, այլ օրինական պարտավորություն, որովհետեւ փակ սահման Եվրոպայում չկա, ու Թուրքիան էլ մեզ զիջում չի անում, եթե սահմաններ բացի: Բացի այդ, Թուրքիան չի կարող երկար ձեւացնել, թե ոչինչ չի պատահել, ի վերջո՝ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մանավանդ ՀՀ դերակատարությունը գնալով բարձրանում է տարածաշրջանում, որովհետեւ այն ընդհանուր առմամբ կայուն երկիր է: Մնում է, որ Հայաստանն իր դիվանագիտությամբ Սփյուռքի հետ գործակցությամբ աշխատի, որպեսզի հարկ եղած դեպքում նվազագույն զիջումներ լինեն…»,- այս կարծիքին է պարոն Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել