Տարեկան մոտ 25 մլն դոլարի պետական պատվեր կատարող գիտությունը մատնված է անտերության
– Էս ի՞նչ եք անում, արա՛,- ձայն տվեցի ես աշխատասենյակիս պատուհանից:
– Ա, չգիտեմ, դըրեկտրը թողել ա,- պատասխանեց պատուհանիցս 10 մետր հեռավորության վրա գտնվող շենքի պատին նստած մարդը: Արեւից ու փոշուց սեւացած երկու փոքրամարմին մարդ քանդում էին 25 տարի առաջ կառուցված կանգուն մի շենք, որը դեռ 125 տարի էլ կծառայեր: Արդեն քարուքանդ էին տանիքը, առաստաղը, դուռ-լուսամուտները եւ անցել էին պատի քարերին: Քանդում էին համառ բթությամբ եւ տուֆի սրբատաշ քարերը վերածելով տձեւ բեկորների՝ նետում էին ցած: Դեպքը տեղի էր ունենում ոչ Արեւմտյան Հայաստանում, ոչ էլ ներկայիս Ադրբեջանի տարածքում: Քանդողներն էլ թուրք կամ ազերի չէին: Համենայնդեպս, հայերեն էին խոսում:
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում հերթական գյուտն էին արել. պետությանը պատկանող շենքը քանդում էին, որ տանեն մոտ 70 մետր հեռու նոր շենք կառուցեն, որն արդեն կպատկաներ ինստիտուտին: Տնտեսագիտության եւ ճարտարապետության բնագավառում նման հանճարեղ գյուտի հեղինակը հայտնի է՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) տնօրինությունը: Շենքը քանդեցին: Բնականաբար, քանդված շենքից ոչ մի շինանյութ չմնաց եւ նոր շինություն էլ չսարքեցին: Մնացին ավերակները՝ որպես տխմարության հուշարձան:
Կարդացեք նաև
Ես հասկանում եմ, որ առեւտրի նախարարը մեղավոր չէ այն աբսուրդի համար, որ ԵրՖԻ-ն պատկանում է առեւտրի (վերջերս անվանափոխելուց հետո՝ արդյունաբերության/ նախարարությանը: Վերջինս պարտավոր էլ չի ֆիզիկա իմանալ: Բայց որ պետությանը պատկանող շենքը քանդելը վատ է՝ երեւի պետք է իմանար: Ի՞նչ տրամաբանությամբ է նախարարը ԵրՖԻ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը երկարացնում 5 տարով: Շենք քանդելու կամ ծախելու համա՞ր: Չգիտեմ, գաղտնիք է: Եվ քանի որ նախարարը ԵրՖԻ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը 5 տարով երկարացնելիս կոլեկտիվի կարծիքը նույնիսկ չհարցրեց՝ կարող եմ միայն ենթադրություններ անել: Օրինակ՝ Հայաստանում ինստիտուտի տնօրեն դառնում է նա, որը շենք է քանդում, իսկ նախարար դառնում է նա, որը քանդողին տնօրեն է նշանակում:
Գիտությունն առեւտրայնացնելու մասին անհեթեթ բառերը լսելիս մարդ փշաքաղվում է: Մարդիկ, որոնք նույնիսկ առեւտուրը չեն կարող առեւտրայնացնել, խոսում են գիտությունից: Առեւտրայնացրեք: Ինչպես առեւտրայնացրիք արվեստը՝ թատրոնը գռեհիկ թամաշայով է, կինոն՝ սակավամիտ գովազդով, երգարվեստը՝ ֆոնոգրամայի տակ կիսամերկ թռչկոտելով փոխարինելով: Գիտությունն էլ կվերածվի մտավոր հաշմանդամների զբաղմունքի (սրա հոտն արդեն գալիս է): Մի բան է ակնհայտ: Գիտության առեւտրայնացումը կսկսվի եւ կվերջանա ինստիտուտների շենքերը ծախելով: Երեւի առանց մանրամասնելու էլ պարզ է, թե նման «տրամաբանությամբ» ղեկավարվող մարդիկ ինչպես են ծախսում գիտության փողերը: Եվ բացարձակապես կապ չունի, թե ֆինանսավորման որ տեսակն են լափում՝ բազային, թեմատիկ, նպատակային կամ ինովացիոն կենտրոնների ստեղծման: Անում են դա շենք քանդողի համառ բթությամբ, լեշակերների բնազդով միավորվելով ոհմակների մեջ: Միայն ոհմակի չափն է փոխվում՝ կախված մսխվող գումարից: Միայն տեսնել էր պետք, թե ինչ ոգեւորությամբ մի խումբ «ականավոր գիտնականներ» իրենց հոգեւոր առաջնորդի ղեկավարությամբ կերան ԵրՖԻ-ի մանկապարտեզի շենքի վաճառքից առաջացած գումարը: Աշխատանքի հիմնական ժամանակը «Արա, սաղ երկիրը ծախեցին-կերան» խիստ դեմոկրատական թեման քննարկող մարդիկ իրենք վերածվեցին «ծախող-ուտողի»: Պարզապես «բստրեցին» շատ ու քիչ ուտողներին դասակարգելու մի անհեթեթ օրենք, որը նույն պահին հենց հնարողներն էլ խախտեցին:
Այս ամենի հիմնական պատճառը անտերությունն է: Գիտության հետ հարաբերությունները կարգավորող եւ ոչ մի կառույց այդպես էլ չպաշտպանեց պետության շահերը: Ոչ ոք չմոտեցավ ու չհարցրեց՝ «Էս ի՞նչ եք անում»: 10 քառակուսի մետր ասֆալտ սարքողներին տրված գումարը մի քանի ձեւով ստուգվում է, բայց տարեկան մոտ 25 մլն դոլարի պետական պատվեր կատարող գիտությունը մատնված է անտերության: Լավագույն դեպքում գյուղխորհրդի գրագիր հիշեցնող ինչ-որ չինովնիկներ ինտերնետից վերցրած տվյալներով անհեթեթ վերլուծություններ կարող են անել՝ հավակնելով լավը վատից տարբերելու ֆորմուլայի ստեղծման: Եվ բնական է, որ նման «խորը» վերլուծականից հետո կարող է ստացվել, որ Հայաստանում գիտության կազմակերպումը ամենալավը կատարվում է առեւտրի նախարարության համակարգում, որովհետեւ ամենահաճախը ինտերնետում հանդիպում է առեւտրի նախարարության Ֆիզիկայի ինստիտուտի անունը (ԵրՖԻ): Էլ ի՞նչ կա մտածելու: Տվեք ամբողջ գիտությունը՝ բուհերով ու գիտահետազոտական ինստիտուտներով առեւտրի նախարարությանը: Էլ ինչ ակադեմիա, գիտության նախարարություն կամ գիտության պետական կոմիտե: Առեւտրի նախարարության մանր փողոցային առեւտրի բաժինը (եթե այդպիսին կա) կփոխարինի բոլորին: Գիտության ապագայի մասին բոլոր խոսակցությունները Հայաստանում հանգում են մի գռեհիկ մտքի՝ ո՞վ պետք է բաժանի պետության կողմից հատկացված գումարները: Թե ինչո՞վ պետք է զբաղվեն, ո՞վ պետք է ստուգի՝ էական չէ: Կարեւորը բաժանելն է: Եվ, չգիտես ինչո՝ւ բոլորն էլ համոզված են, որ այն «զբաղմունքը», ինչի անունը Հայաստանում դրել են գիտություն, պետք է ֆինանսավորի պետությունը: Նույնիսկ հարցը, թե ինչո՞ւ պետք է հիմնարար գիտությունը ֆինանսավորվի պետության կողմից, այնպիսի հիստերիա է առաջացնում «ականավոր գիտնականների» մեջ, որ թող ու փախիր: Եվ այս հարցի պատասխանը հիմնավորող բոլոր փաստարկները մի հիմնական տրամաբանություն ունեն, որը կարճ կարելի է ձեւակերպել այսպես՝ «Որովհետեւ, հորս արեւ, գիտությունը շատ լավ բան ա», ու իրենց խելքով բացատրում են՝ դա ասել է Պուանկարեն, Լենինը կամ էլի չգիտեմ ով: Ասես՝ դե գնա հորիցդ էլ փող ուզիր՝ սիրուն չի լինի: Գիտության մեջ «չարչարվողների» մեծ մասը «որբ» է: Որիշ բան մի մտածեք՝ մեծ մարդիկ են, հիմնականում՝ թոշակառու: Դրա համար էլ՝ երկկողմանի ծնողազուրկ: Որ այսօրվա Հայաստանին գիտություն պետք չէ՝ երեւում է շատ պարզ: Եթե պետք լիներ, ապա պնդաճակատ համառությամբ գիտության չինովնիկները չէին պնդի, որ իրենց գործը չէ ստուգել, թե ինչպես են ծախսվում գիտության փողերը:
Եթե պետք լիներ, նույն համառությամբ չէին շարունակի պնդել, որ առանց տնտեսական ծախսերի՝ հնարավոր է զբաղվել փորձարարական գիտությամբ: Այս անհեթեթ միտքն արդեն ինստիտուտային մակարդակի չինովնիկներին հնարավորություն է տալիս գիտության փողերի մինչեւ 90%-ը վերածել աշխատավարձի ֆոնդի, ինչից հետո մսխելն արդեն տեխնիկայի խնդիր է:
Արդեն սկսվել է գիտության առեւտրայնացման գործընթացի առաջին էտապը՝ անձնագրայնացումը: Անունների անհեթեթությունից արդեն երեւում է այս ամենի անիմաստության չափը: Այդպես էլ գործունեության ծրագիր չունեցող եւ գործունեության խաբկանք ստեղծող չինովնիկներին, ովքեր գյուղխորհրդի գրագիր էլ մնացին, մի բան է մնում հարցնել՝ «Էս ի՞նչ եք անում, արա՛»:
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից