Քաղաքական նորելուկ գործիչները՝ սերնդափոխության մասին
Երեկ ՄԱԱ-ում «Քաղաքական սերնդափոխության միտումները Հայաստանում» թեմայով քննարկում էր, որին ներկա էին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը եւ այլք: Ա. Մինասյանի ձեւակերպմամբ, ուզենք, թե ոչ, հանգամանքները քաղաքական դաշտում բերում են սերնդափոխության. «Խնդիրն այն է, թե որքանով ենք կարողանում ճիշտ ժամանակին զգալ այդ շունչը եւ ոչ թե ստեղծել հակադրություն՝ տարբեր սերունդների միջեւ: Հարկ է, որ այդ անցումն այնքան հանգիստ կազմակերպվի, որ քաղաքական դաշտում որոշակի ճանապարհ անցած փորձը փոխանցվի երիտասարդներին»: Ա. Մինասյանի խոսքերով, հաճախ հասուն քաղաքական գործիչները, որոնք իրենց կամքով չեն դուրս գալիս քաղաքական ասպարեզից, սկսում են անհարկի վիրավորել. «Օրինակ, այդպես պատահեց ԱԺ 2007թ. ընտրություններին, երբ որոշակի տարիքի հասած քաղաքական գործիչներից ոմանք դուրս մնացին եւ սկսեցին ԱԺ-ին այնպիսի որակումներ տալ, որը շատ հեռու էր օբյեկտիվ ու իրական գնահատականից: Նրանք չընդունեցին, որ ԱԺ-ում տեղի է ունեցել տարիքային սերնդափոխություն, ինչը դրական երեւույթ է: Մի խոսքով, ԱԺ-ի կազմում սերնդափոխությունն ակնհայտ է: Որպես օրինակ նշեմ «Ժառանգություն» կուսակցությանը, որտեղ երիտասարդ քաղաքական գործիչները անհամեմատ շատ են, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում էլ են շատ երիտասարդ գործիչներ դուրս եկել ասպարեզ»: Ըստ Ա. Մինասյանի, ՀՅԴ-ում հավասարակշռությունը սերնդափոխության առումով պահպանված է, եւ վատ չէր լինի, որ մյուս կուսակցությունները եւս հետեւեն իրենց օրինակին: Գովաբանելով հարազատ կուսակցությանը, պարոն Մինասյանն ասաց. «Կառավարության կազմում փոփոխվեցին մեր երեք նախարարները, եւ նրանք բավական երիտասարդ են: Օրինակ, Արսեն Համբարձումյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ է եղել: Մարդիկ պետք է հասկանան, որ երիտասարդներն ունակ են, ցանկության, բավարար ամբիցիաների դեպքում կարող են իրականացնել իրենց քաղաքական կարիերան եւ տեղ ունենալ այդ դաշտում»:
Ն. Գալստյանի խոսքերով՝ իր եւ իր կուսակցության համար քաղաքական սերնդափոխությունը նախ եւ առաջ պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ արժեքային համակարգ է փոխանցվում այն երիտասարդներին ու քաղաքական գործիչներին, որոնք գալիս են փոխարինելու ավագ գործընկերներին. «Իշխանական համակարգում խրախուսվում է քաղաքական առնետավազքը՝ հենց երիտասարդների շրջանում, ինչը ոչ միայն քաղաքական մշակույթի չկայացածության փաստ է, այլեւ արժեքային համակարգի բացակայության»: Ըստ երիտասարդ հնչակի՝ ներկայումս այն երիտասարդները, ովքեր պետական համակարգում բարձր պաշտոններն են զբաղեցնում, հիմնականում մի քանի քաղաքական կուսակցություն են փոխել. «Այսպիսի համակարգը նպաստում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվող երիտասարդների փչացածությանը: Ինչ վերաբերում է արժեքային համակարգին, ապա մի բան գոնե ինձ համար հստակ է, որ ցոփ ու շվայտ կյանքը, կազինոներում, տարբեր տեսակի հասարակական զվարճանքի վայրերում վատնած փողերը, մսխումները, օրը ցերեկով մարդկանց վրաերթ անելը կամ սպանելու աստիճան ծեծելը մեզ՝ երիտասարդներիս համար ամենեւին էլ փայլուն օրինակ չեն: Այդ ամենը արգելելու փոխարեն խրախուսվում է գործող համակարգի կողմից, հետեւաբար իշխանական կուսակցություններում խոսել քաղաքական սերնդափոխության արդյունավետության մասին՝ դժվար է»:
Ա. Դավթյանի համոզմամբ, սերնդափոխությունը ցանկացած շարունակականության ապահովման բնական կարգն է. «Ես կարեւորում եմ արժեհամակարգի հարցը, որը եղել է, կա ու կլինի: Արժեհամակարգ ասելիս՝ չեմ ուզում այն կիսել իշխանության եւ ընդդիմության դաշտերի: Իմ պատկերացմամբ, արժեհամակարգը շատ ավելի բարձր է, քան ընդդիմության եւ իշխանության դաշտ ասած հասկացությունները»: