Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակին» վտարում են

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ըստ Կենտրոնի թաղապետարանի՝ հենց «ՀԺ»-ի խմբագրության տարածքում պիտի գեղագիտական դաստիարակություն ստանան երեխաները:

Հոկտեմբերի 17-ին Երեւանի վարչական դատարանի դատավոր Ռուզան Հակոբյանը կկայացնի վճիռ, ըստ որի՝ կբավարարի կամ կմերժի «Դարեսկիզբ» ընկերության հայցը, որը վիճարկում է Երեւանի Կենտրոն թաղապետարանի այս տարվա մարտի 28-ին կայացրած որոշումը: Համաձայն այդ որոշման, Իսրայելյան 37 հասցեն արդեն 5 տարի զբաղեցնող «Դարեսկիզբ» ընկերության «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է ազատի զբաղեցրած տարածքը,

քանի որ համայնքի խորհրդի որոշումով այն պետք է հատկացվի համայնքի երեխաների գեղագիտական դաստիարակության նպատակներին:

Տեղեկացնենք, որ հայցադիմումը ներկայացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իսկ պատասխանողն էր Կենտրոն համայնքի ավագանու ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը: Վերջինս պնդում էր, որ պետք է մերժել հայցը, քանի որ «Հայկական ժամանակի» կողմից օգտագործվող տարածքը պատկանում է համայնքին, պայմանագիրը կնքվել է անորոշ ժամանակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի խզել կնքված պայմանագիրը՝ տարածքը ծառայեցնելով այլ նպատակների:

Տ. Աթանեսյանը դատարանում պնդեց, որ Կենտրոնի թաղապետարանը որոշումն ընդունելիս հաշվի չի առել բազմաթիվ հանգամանքներ, խախտել է բազում օրենսդրական դրույթներ եւ ուշացումով է հայցվոր կողմին տեղեկացրել իր նպատակների մասին: Տ. Աթանեսյանը կասկածի ենթարկեց նաեւ այն, որ կիսանկուղային հարկը ցանկանում են ծառայեցնել գեղագիտական նպատակների՝ ասելով. «Թաղապետարանի այս կամայական մոտեցումը նպատակ է հետապնդում սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում եւ կասեցնել «Հայկական ժամանակի» գործունեությունը»: Հայցվոր կողմի հարցին, թե 5 տարի թերթն այնտեղ է, ինչո՞ւ հիմա որոշվեց խզել պայմանագիրը, Զ. Առաքելյանը հայտնեց, որ իրենք առաջնորդվում են օրենքի շրջանակներում եւ իրավունք ունեն ցանկացած պահի տարածքը տրամադրել այլ ծառայությունների:

«Առավոտը» Զ. Առաքելյանին խնդրեց պարզաբանել՝ տարածքն ազատելու վերաբերյալ մարտի 28-ի թաղապետարանի կայացրած որոշումն արդյոք պայմանավորված չէ՞ «Հայկական ժամանակի» եւ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր լինելու հանգամանքի հետ, Կենտրոն համայնքի ավագանու ներկայացուցիչը պատասխանեց՝ «Ցտեսություն»: Իսկ Տ. Աթանեսյանը, պատասխանելով մեր հարցին, թե այս որոշման ի կատար ածումը կարելի՞ է հետապնդում համարել, ասաց. «Փաստացի հետեւանքն այն կլինի, որ մեր ընդդիմադիր թերթերից մեկը կզրկվի խմբագրության տարածքից: Այս ամենը խոչընդոտ է թերթի գործունեության համար, որը, իմ կարծիքով, անթույլատրելի է»: Տ. Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ. «Եթե այդ տարածքը պատկաներ մասնավոր անձի եւ այդ անձը հրաժարվեր պայմանագրից, դա նրա իրավունքը կլիներ, բայց համայնքը եւ ավագանին միեւնույն սուբյեկտը չեն: Մեր պետական մարմինները նման իրավիճակներում պարտավոր են գործել մի ձեւով: Եթե նրանք ներկայացնում են իրենց մոտեցումը, ուրեմն պետք է այն հիմնավորեն: Ես համոզված եմ, որ Կենտրոնի ավագանին դեռ չի զրկել որեւէ խմբագրության իր տարածքից եւ չի էլ զրկի: Այս պարագայում խախտվել են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, ՏԻՄ մասին օրենքի եւ վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթի մասին օրենքների մի շարք դրույթներ: Համայնքը նախ եւ առաջ պետք է պաշտպաներ խոսքի ազատությունը: Ես հույս ունեմ, որ մեր հայցը կբավարարվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել