Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ

Հոկտեմբեր 11,2008 00:00

Բուհական համակարգի խառնաշփոթից տուժում է ապագա պատմաբանը

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, 2004թ. ՀՀ եւ Սիրիայի արաբական հանրապետության (ՍԱՀ) միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ուսումնական ծրագրերի փոխանակման շրջանակներում Էդգար Շահնազարյանն իր ուսումնառությունը շարունակեց Դամասկոսի համալսարանի պատմության բաժնի արաբական եւ իսլամի պատմության մագիստրատուրայում: Ուսումնառության տարիներին նա աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ, արաբերենի խորն իմացությամբ: Այդ մասին են վկայում արաբական աշխարհում հայտնի մասնագետների՝ Էդգարին ուղղված դրվատանքի խոսքերը, շնորհակալագրերը:

Էդգարի հոր՝ Մարատ Շահնազարյանի տեղեկացմամբ, նա մագիստրատուրայում միակ հայն էր: Էդգարը բարձր պահեց հայ ուսանողի պատիվն ու արժանապատվությունը: Սակայն հեռանկարային ապագա ունեցող ուսանողը հայտնվեց մի տարօրինակ պատմության մեջ:

Նա մեծ ձգտում ուներ մագիստրոսի կոչում ստանալուց հետո դառնալ այդ բուհի ասպիրանտը: Հատկապես, որ այդ բաղձալի ցանկությունը կարող էր իրականություն դառնալ ՀՀ եւ ՍԱՀ կառավարությունների միջեւ այս տարի կնքված պայմանագրի շնորհիվ: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 15-ի թիվ 740-Ն հրամանով, ասպիրանտուրա ընդունվելու համար պարտադիր է հանձնել անգլերենի՝ TOEFL ծրագիրը:

«Ուսումնառության գերծանրաբեռնված ծրագիրն արաբերեն է, եւ որդիս, վարժ տիրապետելով անգլերենին, չի հասցրել ծանոթանալ TOEFL ծրագրին: 26-ամյա Էդգարը հասցրել է տիրապետել արաբերենին, արաբական մի քանի բարբառների, արաբերեն թարգմանել Սեբեոսի «Հայոց պատմությունը»,- ասաց Մարատ Շահնազարյանը:- Արաբական երկրում հայտնի պատմաբանները, համալսարանի դասախոսական անձնակազմը, գնահատելով Էդգարի բացառիկ ունակությունները, նրան ցանկանում են տեսնել իրենց համալսարանի ասպիրանտուրայում (կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը)»: Սակայն, նույնը չի կարելի ասել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մասին, որն, առաջնորդվելով վերոհիշյալ հրամանով, մասնավոր հարցի առնչությամբ որեւէ դրական քայլ չի ցանկանում անել:

Էդգարի հայրը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով նկատի առնել այն հանգամանքը, որ հարցի բացասական լուծումը արդեն լիարժեք մասնագետին կզրկի ասպիրանտուրայում սովորելու հնարավորությունից: Նա խնդրում է նախագահի աջակցությունը, այն է՝ մասնավոր վճիռ կայացնել իր որդու պարագայում, թույլ տալ, որ նա շարունակի կրթությունը՝ առանց TOEFL ծրագրի հանձնման:

Այս պահի դրությամբ Էդգարը միակ թեկնածուն է, որ ցանկանում է միջպետական ծրագրի շրջանակներում ուսումը շարունակել:

Ասենք, որ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումը ուղարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Նախարար Ս. Սեյրանյանը տեղեկացրել է, որ իրենք առաջնորդվել են «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի» պահանջներով եւ ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգով:

Ինչ վերաբերում է անգլերենի պարտադիր հանձնմանը, ապա, ըստ օտարերկրյա պետություններում ընդունելության քննության սահմանված կարգի, պարտադիր չէ անգլերենի իմացությունը: Նախարարի հրամանի 2.7 կետի համաձայն, մրցութային հանձնաժողովի որոշմամբ քննությունը կամ ստուգարքը կարող է փոխարինվել օտար լեզվի քննությամբ կամ ստուգարքով: Սակայն չի նշված, ո՞ր օտար լեզվի. արաբերենի՞, թե՞ անգլերենի: Հետեւաբար, խանգարել Էդգարին՝ առնվազն անհեռանկարային է, մանավանդ որ, նրանից բացի, այս պահի դրությամբ, որեւէ հավակնորդ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել