Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցապաստառները թռցրել են

Հոկտեմբեր 11,2008 00:00

Գյումրիում քարոզարշավի երկրորդ օրը քաղաքից հավաքել են ավագանու թեկնածու, ԱԺՄ-ական Վահան Թումասյանի ցուցապաստառները:

Այս օրերին Գյումրիում անզիջում պայքար է ընթանում ոչ միայն քաղաքապետի աթոռի համար, այլեւ՝ ավագանու: Գյումրիում ավագանու 52 թեկնածու կա, որոնք մրցապայքարի են դուրս եկել 15 տեղի համար: Ընդ որում, նրանցից 3-ը «ՀայՌուսգազարդի» պաշտոնյաներ են: Ինչո՞ւ է ավագանու՝ հասարակական ու չվարձատրվող աշխատանքը մարդկանց այդքան գրավում. որոշ գյումրեցիներ, նախորդ ավագանիների օրինակն աչքի առաջ ունենալով, «Առավոտի» հարցին անմիջապես պատասխանեցին. «Իրենց համար երթուղային գիծ, տարածքներ են սեփականաշնորհում, բացի այդ՝ համայնքի բյուջեից իրենց իսկ շինարարական կազմակերպությունների համար պատվերներ են փախցնում»:

Թերեւս այդ հանգամանքով է պայմանավորված, որ թեկնածուներն ավագանի դառնալու համար մրցապայքարում անգամ կեղտոտ մեթոդներ են կիրառում:

Օրերս Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված Վահան Թումասյանի ցուցապաստառներն այնպես են հավաքել, որ հետքն անգամ չի մնացել: Վահան Թումասյանի կարծիքով, պատճառը շատ ավելի խորն է. «Կարծում եմ, վախեցել են իմ ընտրած ճանապարհից, քարոզարշավի ռազմավարությունից, երբ մենք սկսեցինք ծրագրային քարոզարշավ տանել եւ հատկապես ընտրեցինք կարգախոսը՝ «Քաղաքացի՛, ոչ՝ հպատակ», սրանով հասարակությանը ներշնչեցինք չվախենալու, չենթարկվելու հոգեբանություն: Սա հենց նրանց ձեռքի գործն է, որոնք չեն ուզում, որ տեղական ընտրությունները քաղաքականապես ակտիվ անցնեն: Ուզում էին, որ նախորդ անգամվա պես, հանգիստ գնային մարդկանց տներից վերցնեին, 2000 դրամը տային ու համոզեին՝ իրենց ընտրելու: Թեեւ կարծում եմ, որ էս անգամ փողը չի անցնի Գյումրիում, գյումրեցին եթե փող էլ վերցնի՝ կգնա իր ուզածին կընտրի: ՀՀ տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն, ամբողջ լիազորությունները համայնքում դրված են ավագանու վրա, այլ խնդիր է, որ ավագանին, մտնելով հանցագործ համաձայնության մեջ՝ համայնքների ղեկավարների հետ, իր լիազորությունները շնորհում է նրանց՝ դրա փոխարեն ինչ-որ բան ակնկալելով, վերցնելով: Պատահական չէ, որ, օրինակ, մեր քաղաքում ավագանու բոլոր անդամները տարածքներ, եթուղայինի գծեր ունեն, համայնքի ղեկավարը նրանց շնորհում է փողոտ գործերը: Իրենց լիազորությունները, որոնք ավագանու անդամները պետք է կիրառեին ի շահ ժողովրդի, ինքնակամ հանձնել են համայնքապետին, վերջինս էլ կերակրամանից որոշակի համեղ պատառներ է հատկացրել ավագանու անդամներին, սա է ամբողջ պատմությունը: Կարծում եմ, Գյումրիում որակապես նոր ավագանի ունենալու ժամանակն է: Նախընտրական հստակ ծրագիրը մեր քաղաքում նորություն է, հին ավագանու անդամների մի մասը ծրագիրը համարում է անհեթեթություն, որովհետեւ կարելի է խաթրով էլ ձայն ստանալ, նախընտրական «ռոլիկները», քարոզչական նյութերն ի՞նչ են, եթե կարելի է ավտոբուսները նստել, ֆռռալ ու կաշառքը հենց ընտրողի տուն հասցնել, մյուսներն էլ ասում են՝ մենք հավատարիմ ենք մեր կարգախոսին, նրանց կարգախոսները՝ Պարույր Սեւակից, Շիրազից մեջբերումներ են: Իսկ հիմա անհարմար, խուճապահար վիճակի մեջ են հայտնվել, որովհետեւ գյումրեցիները հոգնել են հին մեթոդներից, ծրագրերի կարիք են զգում, փոխվել են խաղի կանոնները»: Վահան Թումասյանի պատմելով, իր հեռուստատեսային ելույթներից հետո ավագանու անդամի թեկնածուներից շատերը, հասկանալով, որ նորօրյա ընտրողին հարկավոր է նախընտրական ծրագիր, զանգում են ԱԺՄ-ական Թումասյանին՝ խնդրելով թույլ տալ մի քանի դրույթներ արտագրել իր ծրագրից: «Իհարկե ես ծրագիրը բաժանել եմ, կարող են օգտվել, բայց իրեն հարգող մարդը մի քանի ամիս առաջ կկարդար, կուսումնասիրեր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ավագանին, հետո նոր կառաջադրեր թեկնածությունը: Եթե նման վերաբերմունք գյուղերում լիներ՝ մի կերպ կհասկանայի, բայց սա հանրապետության 2-րդ քաղաքն է»,- ասաց Վահան Թումասյանը:

Դատելով նրա խոսքերից, պետք է ենթադրել, որ Գյումրիում նոր ավագանուց էլ որակ չպետք է սպասել: Նշենք, որ Գյումրիի նախորդ ավագանին եւս առանձնապես չէր մտահոգվում հասարակության խնդիրներով: Գյումրեցիները մեզ հետ զրույցում մեկ առ մեկ հիշեցին, թե ինչպես նախորդ ավագանին քաղաքապետի հրահանգով, առանց երկար-բարակ մտածելու, Գյումրիում գործող «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերության ձեռքից խլեց հեռուստաաշտարակը, համաձայնեց հատել քաղաքի արծաթափայլ եղեւնիները եւ բազում անիմաստ ծախսեր անելու համար քաղաքապետարանի բյուջեից փողեր տրամադրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել