Միջմարզային երթուղագծերի տերերը մի քանի հարյուր դրամով բարձրացրել են ուղետոմսի գինը
Կառավարության նախաձեռնությամբ մի քանի ամիս առաջ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է հասարակական տրանսպորտի գները բարձրացնելու կամ դրանք նույնը թողնելու վերաբերյալ որոշում կայացներ: Մի քանի նիստ անցկացնելուց եւ այդպես էլ ոչ մի հստակ որոշում չկայացնելուց հետո, հանձնաժողովն իր առաքելությունը թերեւս ավարտված համարեց, իսկ քննարկվող հարցը սառեցվեց: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 1-ից, պետության կողմից բնական գազի սուբսիդիայի դադարեցումից հետո, երթուղագծերը շահագործող տնտեսվարողները սակագինը բարձրացնելու վերաբերյալ գրավոր դիմել էին կառավարությանը: Նրանք իրենց դիմումում պատճառաբանել էին, թե գազալցակայաններում թանկացել է հեղուկ գազը, ինչի հետեւանքով իրենք վնասով են աշխատում:
Տեսնելով, որ հատուկ հանձնաժողովը, նախապես խոստացված 10 օրվա փոխարեն, նույնիսկ 4-5 ամսվա մեջ չի կողմնորոշվում եւ իրենց դիմումները չի բավարարում, որոշ գծատերեր որոշել են ինքնագործունեությամբ զբաղվել եւ բարձրացնել իրենց պատկանող երթուղագծերի սակագները: Մասնավորապես, արդեն 3 օր է, ինչ Երեւան-Ճամբարակ միկրոավտոբուսի ուղետոմսը թանկացել է 300 դրամով՝ նախկին 1200-ի փոխարեն դառնալով 1500: «Առավոտի» հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ «նախկին գնով գիծ պահելը տիրոջն այլեւս ձեռք չի տալիս»: Իսկ Հյուսիսային ավտոկայանից, որտեղից երթեւեկում են Գեղարքունիքի մարզի միկրոավտոբուսները, տեղեկացանք, որ Ճամբարակի երթուղագիծը սպասարկող տնտեսվարողի «ռիսկով քայլը» շատերին է ոգեւորել եւ մարզի այլ բնակավայրեր մեկնող երթուղայինների գծատերերը եւս պատրաստվում են մոտ օրերս 200-300 դրամով ուղեվարձը բարձրացնել:
Նկատենք, որ, սկսած մայիսից, գազի գինը Հայաստանում գրեթե անփոփոխ է, այսօր էլ վարորդներն իրենց մեքենաները նախկինի նման լիցքավորում են 1 խմ-ն՝ 160 դրամով:
Բացի այդ, երբ կառավարության ստեղծած հանձնաժողովը քննարկում էր ուղեվարձը բարձրացնել-չբարձրացնելու հարցը, եկել էր այն եզրակացության, որ անգամ գազի թանկացման պարագայում գծատերերը վնասներ չեն կրի: Եվ քանի որ թե՛ գազի լիցքավորումը, թե՛ մեքենայի տեխնիկական սպասարկումը կատարվում են հիմնականում վարորդների հաշվին, ուստի գազի թանկացումից տուժում են ոչ թե գծատերերը, այլ՝ վարորդները: Այս հանգամանքը հաշվի առնելով, վարչապետը սակագների հետ կապված քննարկումներից մեկի ժամանակ գծատերերին հորդորեց բողոքելու փոխարեն վարորդների վրա դրված գծի օրվա պլանը մի քանի հազար դրամով պակասեցնել, որպեսզի վարորդները կարողանան տակից «դուրս գալ» եւ գծատերերին սակագինը բարձրացնելու պահանջ չներկայացնեն: Նշենք, որ երթուղագիծ ունենալը մեր երկրում ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է համարվում, եւ դրանց տերերը հիմնականում գերշահույթներ են ստանում:
Միջմարզային երթուղիներին վերահսկողը տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Մարզային երթուղիների թանկացման առնչությամբ «Առավոտի» հարցին նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ Երեւան-Ճամբարակ երթուղին սպասարկող «Սիվա Տրանս» ՍՊԸ-ն 2007-ին գիծը սպասարկելու մրցույթը շահել է այն պայմանով, որ ուղետոմսը պիտի արժենա 1500 դրամ, սակայն ընկերությունն իր օգուտների հաշվին գիծը սպասարկել է 1200 դրամով: Ըստ պայմանագրի, երթուղին սպասարկող ընկերությունն իրավունք ուներ ցանկացած պահի ուղետոմսի գին սահմանել 1500 դրամը: Սակայն հասկանալի է, որ գծի տերը ուղեվարձում փոփոխություն անելուց առաջ այդ մասին որեւէ կերպ պիտի ուղեւորներին ծանուցեր: Ինչը չի արվել: Եվ մարդիկ միայն տեղ հասնելուց հետո են պարզել, որ տոմսը թանկացել է:
Նախարարությունից նաեւ տեղեկացրին, որ ուղեւորներից 300 դրամ ավելի գանձելը «Սիվա Տրանսի» հույսերը չի արդարացրել, եւ եկամուտներն ավելացնելու փոխարեն՝ վնասներ են կրել, քանի որ ուղեւորները պակասել են: Վերջիններս գերադասել են երթուղայինի փոխարեն օգտվել տաքսիից, որը մեկ անձի համար վերցնում է նույն՝ 1500 դրամը:
Ինչ վերաբերում է մարզի մյուս երթուղիներին, ապա նախարարությունից «Առավոտին» փոխանցեցին, որ ուղեվարձը փոփոխելու նրանց մտադրությունների մասին որեւէ տեղեկություն չունեն: Ըստ նախարարության, բացի Ճամբարակի երթուղուց՝ կան միջմարզային այլ երթուղիներ եւս, որոնք սպասարկում են մրցույթով սահմանված գնից ցածր արժեքով: Այսինքն՝ այդ ուղեգծերի տերերն էլ կարող են ցանկացած պահի ուղետոմսի գինը բարձրացնել: