Հայ ազգային կոնգրեսի անդամները տարբեր մոտեցումներ ունեն այն հարցին, թե ո՞ր պաշտպանական համակարգն է
Հայաստանի համար կարեւոր:
Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովրդական ուղի», «Հայրենիք ու պատիվ», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների նախաձեռնությամբ քննարկվեցին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Մտավորական ֆորումը», «Հայ կամավորականների համախմբումը», «Սոցիալիստական ուժերը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»: Այս բոլոր կառույցներն, ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի անդամ կամ համակիր են: Որպես քննարկման ամփոփում՝ ընդունվել է հուշագիր՝ «10 հարց ՆԱՏՕ-ին»: Հարցերի բովանդակությունը մոտավորապես այսպիսին է՝ «Որքանո՞վ է նպատակահարմար այսօրինակ կազմակերպության հետ հարաբերությունների հաստատումը, որի ամրագրված սկզբունքներն ու մոտեցումներն այսպես հաճախակի են փոփոխվում: Մտադի՞ր է, արդյոք, ՆԱՏՕ-ն հրաժարվել Հայաստանին եւ նման այլ փոքր երկրներին ու ժողովուրդներին իրենց համար անհասկանալի, անօգուտ, շատ դեպքերում՝ նույնիսկ խիստ վնասակար ու վտանգավոր գործընթացներում որպես գործիք օգտագործելու քաղաքականությունից: Եթե Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի մերձեցման արդյունքում Հայաստանը կորցնի Ռուսաստանի կողմից իր անվտանգության ապահովման լծակները, արդյո՞ք ՆԱՏՕ-ի մեխանիզմներն ունակ կլինեն նմանատիպ իրավիճակներում երաշխավորել ՀՀ անվտանգությունը» եւ այլն: Ի դեպ, վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը նկատել էր, որ ռազմական պաշտպանության ոլորտում անընդունելի է ներկայիս կոմպլեմենտար քաղաքականությունը, եւ իշխանություններին պատվիրել՝ անդավաճան մնալ ՀԱՊԿ-ին: Այս ամենի վերաբերյալ փորձեցինք պարզել Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ անդամի՝ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Հայաստանի լիբերալ կուսակցությունում առկա մոտեցումները: Հարցաշարի մասին ՀԼԿ-ի տեսակետը հետեւյալն է. «Այն իր մեջ պարունակում է միմիայն բացասական միտումներ, եւ այդ կերպ առաջնորդվելով՝ ընդհանրապես պետք է բացառել որեւէ պետության կամ կազմակերպության հետ համագործակցությունը: Ամփոփագրում կան հարցեր, մասնավորապես՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ, որոնք նույն հաջողությամբ կարելի է ուղղել Իրանին, ՀԱՊԿ անդամ Ղազախստանին, ավելին՝ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին, ԱՊՀ անդամ Ուկրաինային, Վրաստանին եւ այլն: Ուստի, բոլորի համար պետք է պարզ լինի, որ ցանկացած պետություն կամ կազմակերպություն գործում է իր շահերի շրջանակներում, այլ ոչ թե՝ այլոց: Նույնիսկ նույն կազմակերպության շրջանակներում յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով՝ հիշենք թեկուզ Իրաքի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ տարբեր ձեւով ներգրավվածությունը կամ պատերազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելը: Դա այնքան ակնհայտ է, որ դրա պատճառով չի կարելի հրաժարվել համագործակցությունից, առավել եւս, որ նույն կերպ են շարժվել նաեւ հարցաշարը կազմողները»: Իսկ առհասարակ՝ «ՆԱՏՕ-ի նման հզոր ռազմաքաղաքական կառույցի հետ համագործակցությունից հրաժարվել չի կարելի, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի բազմակողմանի եւ խորը համագործակցում է նույն ՌԴ-ն: Ընդհակառակը, համագործակցության խորացումը բերում է վստահության մթնոլորտի մեծացման, զինված ուժերի արդիականացման եւ վերահսկելիության: Համագործակցության մերժումը կարող է հասցնել դիմակայության, նույնիսկ հակամարտության: Ցանկացած համագործակցություն ողջունելի է, եթե, իհարկե, քո երկրի ղեկավարներն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, սեփական պետության շահերը չեն ստորադասում այլոց շահերին, որը հավասարազոր է պետական դավաճանության: Լինելով փոքր պետություն, առավել եւս հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը եւ հարեւանների հետ դեռեւս չկարգավորված խնդիրները, միշտ էլ արտաքին մարտահրավերների առումով մենք ունենալու ենք որոշակի վտանգներ: Սակայն այդ վտանգներին արդյունավետ դիմակայելու եւ հնարավորինս շահած դուրս գալու համար անհրաժեշտ է վարել բացառապես Հայաստան պետության շահերին միտված, իրատեսական եւ ճկուն արտաքին քաղաքականություն: Ուղղակի՝ համագործակցության ժամանակ անհրաժեշտ է ունենալ ակտիվ եւ նախաձեռնող դերակատարում, ոչ թե սպասել, թե դիմացինդ հօգուտ քեզ ինչպիսի առաջարկություններով հանդես կգա»,- կարծում են Հայաստանի լիբերալ կուսակցությունում: