Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՐԵՎԱՆ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Մայրաքաղաք Երեւանը 2790 տարեկան է

Այս տարին մայրաքաղաք Երեւանի համար հոբելյանական է։ Լրանում է դարերի պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի 2790-ամյակը։ Եվ արդեն ավանդույթի համաձայն՝ չորս տասնամյակ, աշնանային այս օրերին հանդիսավորությամբ նշվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ մեր Երեւանի տարեդարձը: Երեկ առավոտից արդեն տոնական էին մայրաքաղաքի բոլոր համայնքները՝ երգ, պար, ծափ, ծիծաղ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը հարիր է իսկական տոնին: Մայրաքաղաքի ծննդյան առթիվ քաղաքապետը ցերեկը քաղաքապետարանում հյուրընկալել էր Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, մշակութային գործիչների, մեծանուն երեւանցիների: «Երեւանի զարգացումը մեծապես պայմանավորում է ողջ հանրապետության զարգացման մակարդակը եւ նրա առաջնային արտացոլումն է: Այսօրվա իր զարգացմամբ Երեւանը մեր երկրի պետականության ու անկախության խորհրդանիշն է, նաեւ՝ մեր ժողովրդի ամբողջականության ու միասնականության խորհրդանիշը։ Երեւանը մեծապես ներկայացնում է մեր ազգի եւ անկախ պետության դեմքը Հայրենիքի ու Սփյուռքի մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի առջեւ»,- երեկ Երեւանի 2790-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը։ Ի դեպ, մայրաքաղաքի ծնունդը պաշտոնապես նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Քաղաքապետի հավաստմամբ՝ հաղթահարելով անկախության առաջին տարիների դժվարությունները, Երեւանն այսօր ամբողջությամբ դուրս է եկել ժամանակակից զարգացման ուղի: «2005 թվականից ուժի մեջ է մտել մայրաքաղաքի Գլխավոր հատակագիծը՝ ծրագրային հիմքի վրա դնելով քաղաքի զարգացումը։ Սկսած 21-րդ դարասկզբից, վերականգնվեց եւ զարգացավ մայրաքաղաքի դեմքն ու կենցաղն ապահովող ենթակառուցվածքների հիմնական հատվածը։ Գազիֆիկացման մակարդակով Երեւանը առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ԱՊՀ երկրների մայրաքաղաքների շարքում։ Զգալիորեն բարելավվել է ջրամատակարարման վիճակը։ Այսօր լուսավորված են մայրաքաղաքի 1000-ից ավելի փողոցներ, պուրակներ, հուշարձաններ՝ ընդգրկելով քաղաքի 90 տոկոսից ավելին։ Ամբողջովին վերականգնվել եւ զգալիորեն ավելացվել է մայրաքաղաքի շուրջ 500 կմ ոռոգման ցանցը՝ հնարավորություն տալով կայուն հիմքերի վրա դնել քաղաքի կանաչապատման աշխատանքները»,- ասում է Ե. Զախարյանը:

Քաղաքապետը փաստում է, որ այսօր պետության կողմից երկրի կառավարման ռազմավարության ընդունված ուղենիշները մայրաքաղաքի զարգացման նոր հեռանկարներ են բացում, եւ 2008 թվականը լինելու է Երեւանի կառուցման ամենաարդյունավետ տարին. «Հնարավոր բոլոր պայմանները երկրի իշխանությունների կողմից ստեղծված են՝ ձեռքբերումները պահպանելու եւ բազմապատկելու ուղղությամբ»։ Ձեռքբերումների շարքում նշվում են Հյուսիսային պողոտայի կառուցումը, կառուցապատվող Կենտրոնի համալիրն ամբողջացնող Գլխավոր պողոտան, մայրաքաղաքի փողոցների եւ երթեւեկության համակարգերի թողունակության բարձրացմանն ուղղված ընդգրկուն ծրագրերը՝ Բաղրամյան, Օրբելի, Խանջյան, Մյասնիկյան պողոտաներում, «Այրարատ» կինոթատրոնին հարակից տրանսպորտային մեծ խաչմերուկում, Սարալանջի արագընթաց մայրուղու շահագործումը, Մյասնիկյան, Հերացու փողոցները եւ Աբովյան պուրակը միացնող խաչմերուկում տրանսպորտային թունելի շինարարությունը եւ այլն:

Վերլուծելով տարբեր ոլորտներում արված աշխատանքները եւ ներկայացնելով կատարելիքը՝ քաղաքապետը ասում է. «Սիրելի երեւանցիներ, ձեր բոլոր խնդիրները ինձ հայտնի են, վստահեցնում եմ, որ քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու ուղղությամբ: Արվել եւ արվում է այն, ինչ հնարավոր է թեթեւացնելու ձեր հոգսերը, մայրաքաղաքը ձեզ համար ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ»:

Մայրաքաղաքի ծննդյան տոնը շարունակվեց նաեւ Հանրապետության հրապարակում՝ տոնական համերգով: Երեկոն ամփոփեց շքեղ հրավառությունը: Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները համայնքներում կշարունակվեն նաեւ այսօր: Տոնակատարությունների փակումը տեղի կունենա այսօր երեկոյան՝ «Հրազդան» մարզադաշտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել