Որքան էլ ողբերգական էին այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին, այս գործում կան ցուցմունքներ, որոնք միայն ծիծաղ են հարուցում: Դրանցից է, ասենք, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Դավիթ Ավագյանի ցուցմունքը, որը 22 տարեկան է, 9-ամյա կրթություն ունի եւ զբաղվում է հողագործությամբ: Ահա նա մարտի 12-ին ցուցմունք է տվել, թե մարտի 1-ին գյուղից եկել էր Երեւան, որ «Հրազդան» տոնավաճառից իր համար գնի կոշիկ եւ անդրավարտիք: Ցուցմունքում արձանագրված է քննիչի տված հարցը. «Դուք նշում եք, որ գնացել էիք գնումներ կատարելու: Ինչո՞ւ դուք ձեր գնումները չկատարեցիք Մալաթիայի տոնավաճառից, այլ գնացիք Հրազդանի տոնավաճառ»: Մենք տեղյակ չենք՝ արդյոք Քրեական օրենսգրքում մի նոր հոդվա՞ծ է ավելացել, որը պատասխանատվություն է նախատեսում ոչ Մալաթիայի տոնավաճառից գնումներ կատարելու համար, թե՞ սա իրավապահների հատուկ վերաբերմունքն է «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ:
Դավիթ Ավագյանը «Հրազդան» մարզադաշտի մոտ տեսել է հավաքված բազմությունը, որոնք շարժվում էին դեպի Սունդուկյանի թատրոն, եւ «հետաքրքրության համար» միացել է ցուցարարներին: Ցուցմունքի հետագա շարադրանքը մեջբերում ենք անփոփոխ. «Այնտեղ քաղաքացիների ամբոխը ամբողջից մի մասը զինված էր մետաղյա ձողով եւ այլ գործիքներով, տրամադրված էր ագրեսիվորեն, ինչ-որ բաներ էր գոռգոռում, ձեռքերին եղածը նետում էր զինվորների վրա, որը ինձ դուր չէր գալիս: Բայց ես մինչեւ ժամը 20-ի սահմաններում՝ մոտ 5-6 ժամ մնացի նրա հետ, եւ ժամանակը այնպես անցավ, որ ես դա չզգացի»: Ահա եւ ապացուցվում է նախաքննության մարմնի վարկածը հոգեխանգարմունքի մասին. մարդուն դուր չի եկել, թե ինչ է կատարվում, բայց հիպնոսացած մնացել է այնտեղ:
Ի վերջո, Դավիթ Ավագյանը ժամը 21-ի սահմաններում վիրավորվել է: Ընդ որում՝ ցուցմունքում պնդել է, թե «իմ դիմաց կամ շուրջս ոստիկաններ չկային», կրակոց չի հնչել, եւ ինքը չի էլ իմացել, թե ինչ հարված է ստացել եւ ումից: Բայց էլի պնդել է. «Մոտակայքում իրավապահներ չկային, սակայն քաղաքացիներ կային, որոնք ինչ-որ բաներ էին նետում»: Ստացվում է՝ ցուցարարներն իրար վրա էին նետում ինչ-որ բաներ: Սակայն փորձագետների եզրակացության համաձայն՝ Դավիթ Ավագյանը գլխին բութ առարկայի ներգործությամբ սալջարդ է ստացել: Ըստ այդմ՝ ցուցարարները իրար նաեւ մահակներով են հարվածել:
Ա. Ի.