Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է

Հոկտեմբեր 11,2008 00:00

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ Մարտի 1-ի սպանդի վստահություն ներշնչող ու օբյեկտիվ հետաքննությունը շարունակում են մնալ այն կարեւորագույն պայմանները, ինչով միայն հնարավոր կլինի ընդդիմության եւ իշխանության միջեւ քաղաքական երկխոսություն ծավալել եւ հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ Սակայն այս խնդրում օգոստոսի սկզբից ի վեր որեւէ առաջընթաց չկա։ Այս առումով մենք ողջունում ենք ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, որով ՀՀ իշխանություններից կտրուկ պահանջվում է ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին։ Մարտի 1-ի ոճրագործությունից յոթ ամիս անց սարսափելի է վիճակը նաեւ այդ գործի հետաքննության հարցում։ Չի բացահայտվել որեւէ սպանություն, որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացվել ո՛չ սպանությունների, ո՛չ հանցավոր հրաման արձակողների, ո՛չ ցուցարարների դեմ հակաիրավական գործողությունների համար։ Սա բացահայտորեն սպանությունները պարտակելու նոր մի հանցագործություն է, որ իրականացվում է պետական մակարդակով։ Վարչախումբն այսօր մի հանցանքի է գնում, որն իր ցինիզմով վեր է ամեն մի երեւակայությունից։ Ավարտվել է յոթ քաղբանտարկյալների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի միավորված՝ թիվ 6220208 քրեական գործի նախաքննությունը, որտեղ նախաքննական մարմինը որպես տուժողներ է ընդգրկել Մարտի 1-ի բոլոր տուժածներին, այդ թվում՝ սպանվածներին։ Այսինքն՝ Մարտի 1-ի հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար վարչախումբը դիմում է իր ստորությամբ ապշեցնող, բարոյականության բոլոր սահմաններն անցնող եւ զոհերի հիշատակը պղծող հակաիրավական մի հրեշավոր քայլի, որի նպատակն է պարտակել կատարված պետական ահաբեկչության եւ դաժան սպանդի ակտը։ Ոչ ոք իրավունք չունի անարգել զոհերի հիշատակը։ Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել պետության իրավապահ մարմինները հանցավոր ու ստորագույն նպատակների ծառայեցնելը, բացահայտել սպանությունների հետ կապված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մարդասպանների ու նրանց հրաման տված պաշտոնյաների ինքնությունը։ Բոլոր նրանք, ովքեր անմեղ արյուն են թափել, պատասխան են տալու օրենքի առջեւ։ Պատասխան են տալու նաեւ նրանք, ովքեր կփորձեն խեղաթյուրել փաստերը, պարտակել հանցագործությունները, խոչընդոտել արդարադատության իրականացմանը, ակնհայտ շինծու մեղադրանքներով կկայացնեն անարդար ու ապօրինի վճիռներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել