Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատագրված տարածքները չի՛ կարելի հանձնել»

Հոկտեմբեր 11,2008 00:00

Նախկին ազատամարտիկներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի իշխանության պատրաստակամությունից:

Երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կառույցի նախաձեռնությամբ քննարկվեց ազատագրված տարածքների հնարավոր վերադարձին վերաբերող հարցը, ինչի մասին արդեն քանի տարի շարունակ խոսում են Հայաստանի իշխանությունները: Քննարկմանը մասնակցում էին տարբեր ջոկատների հրամանատարներ, նախկին բարձրաստիճան զինվորականներ: Հրավիրվածներից հարգելի պատճառներով բացակայում էին պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը եւ ԼՂՀ-ից՝ Արկադի Կարապետյանը: Հրավերն անարձագանք էին թողել ԱԺ նախկին փոխնախագահներ Ալբերտ Բազեյանը, Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Արտաքին գերատեսչությունից պատասխանել էին, որ հրավերին արագ արձագանքել չեն կարող, քանի որ նախարարը Հայաստանում չէ:

«Բա որ հանկարծ այս հանցագործ իշխանությանը հաջողվի վերադարձնել այդ տարածքները. ուրեմն՝ թափված արյունը դառնում է անտեղի: Մենք ի՞նչ ենք պատասխանելու մեր ընկերներին, երեխաներին, ի՞նչ երկիր եւ ի՞նչ խնդիրներ ենք թողնելու, ինչո՞ւ հաղթեցինք, ինչո՞ւ ետ տվեցինք, 5-6 ամսում ինչքա՞ն հարցեր կարելի է կուտակել այս երկրի գլխին»,- իր ելույթում նման մտքեր հնչեցրեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը: Նրա համոզմամբ՝ «Ազատագրված տարածքների հանձնումը կբերի Հայաստանի շղթայական հանձնման: Նախ՝ Ղարաբաղ, հետո՝ Զանգեզուր, ապա՝ Հայաստան»: Բանախոսի համոզմամբ, այս դավաճանության հիմքը դրվել է 1999 թ. նոյեմբերին, խորհրդարանում հոկտեմբերյան սպանդից հետո, երբ Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթուղթը: Հրամանատար Սամսոն Ղազարյանը կարծում է, որ այս իրավիճակից դուրս գալու համար դադար է պետք: Դա կարող է ապահովել միայն իշխանափոխությունը: Ըստ նրա, «Մարտի 1»-ով իշխանափոխության մեկ իրական հնարավորություն գլխատվեց, բայց պետք է առանց հուսահատվելու շարունակել պայքարը: Իսկ Վովա Վարդանովը իշխանություններին զգուշացրեց, որ հույս չունենան, թե որոշ ազատամարտիկներ այսուհետեւ էլ խաղաղության աղավնու դեր կկատարեն. «Ես իշխանություններին զգուշացնում եմ, որ իրենց քաղաքականությունն առաջին հերթին վտանգում է իրենց ունեցվածքը, հանուն որի պատրաստ են ծախել ազատագրված տարածքները: Վտանգվելու է իրենց երեխաների ապագան: Կգտնվեն մարդիկ, որոնք այդ հարցը այլ կերպ կլուծեն, եւ ես իմանալու դեպքում ոչ իրենց կհայտնեմ, ոչ էլ կխոչընդոտեմ»:

«Կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Ինչպես նախկինում, այնպես եւ այժմ, տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները օգտագործում են Արցախի խնդրի լուծման մեջ իրենց մասնակցությունը` որպես պատրվակ Հայաստանի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու, տնտեսական, քաղաքական լծակներ ավելացնելու համար, ինչին նպաստում է ՀՀ իշխանությունների ոչ օրինական լինելը: Նրանք չունեն ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական իրավունք՝ հանդես գալու հայկական կողմի անունից: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ ազատագրված տարածքները հայապատկան են, եւ հայ ժողովուրդը չի հանդուրժի, որպեսզի այն դառնա առեւտրի առարկա, այդպիսի վտանգի դեպքում միշտ պատրաստ է ընդվզելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել