Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵ՞Ս ԷԻՆ «ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Մինչեւ մարտի 1-ն Ալեքսանդր Արզումանյանի զրույցների գաղտնալսումները հակառակի ապացույցն են

«Մարտի 1»-ի մայր գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին վերաբերող 2 հատորներում էլ առկա են նրա գաղտնալսված նույն զրույցների վերծանումները: Գաղտնալսումը փետրվարի 19-ից իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ այն հիմնավորմամբ, թե հիմքեր ունեն ենթադրելու, որ Ալեքսանդր Արզումանյանը «իրականացնում է գործունեություն, ուղղված ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը, դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»: Մամուլում հրապարակվել են բացառապես մարտի 1-ին արված գաղտնալսումները, եւ ընտրովի՝ փորձելով ապացուցել, թե զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մի կենտրոնից: Սակայն մեջբերենք մի քանի այլ գաղտնալսված զրույցներ՝ առանց որեւէ մեկնաբանության: Եվ այսպես, ահա թե նաեւ ինչ նյութեր է նախաքննական մարմինը դրել Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում, ապացուցելու համար, թե նա զանգվածային անկարգություններ է կազմակերպել ու փորձել յուրացնել պետական իշխանությունը:

Փետրվարի 21-ին Ալեքսանդր Արզումանյանը զանգել էր Ավետիս Ավագյանին:

Ալեքսանդր. Ապեր, մտիր իմ սենյակ: Դու որտե՞ղ ես:

Ավետիս. Արդեն հրապարակում եմ:

Ալեքսանդր. Քեզ մի խնդրանք ունեմ:

Ավետիս. Ասա:

Ալեքսանդր. Պիտի գնաս օֆիս, իմ դարակում բան ա դրած, առաջին, որ բացես՝ կտենաս, դա դնում ես ծրարի մեջ, հետդ բերում, էլի: Հա՞:

Ավետիս. Եղավ:

Փետրվարի 22-ին Ալեքսանդր Արզումանյանը զանգել էր Վահագն Հայոցյանին:

Ալեքսանդր. Ընկեր, արթո՞ւն ես:

Վահագն. Հա:

Ալեքսանդր. Ի՞նչ մտածեցիք մարշրուտի համար:

Վահագն. Դե, հեսա մի հատ դնեմ քարտեզը, շուշուտ նայեմ, բերեմ:

Ալեքսանդր. Մի հատ բան արեք, մենք 1-ին հավաքվում ենք, որոշենք, բան անենք: Եղավ, Վահագ ջան:

Փետրվարի 25-ին Արման Մուսինյանն էր զանգել Ալեքսանդր Արզումանյանին:

Արման. Արենսն ուզում ա հանդիպի: Շտապ բայց: 12-ին ասե՞նք:

Ալեքսանդր. Նախագահի՞ հետ:

Արման. Հա: Կասե՞ք ինձ մի հատ:

Ալեքսանդր. Հեսա փորձեմ, հա:

Նույն օրը Ալեքսանդր Արզումանյանը զանգել էր Դավիթ Մաթեւոսյանին:

Ալեքսանդր. Դավիթ ջան, նախագահն ասում ա, որ քանի որ երեկ հայտարարել ա, որ դիմելու ա ՍԴ, գուցե ինչ-որ բան ա պետք, մտադրության նամակ կա ըտենց, մի հատ իրավաբաններից Արտակը պտի իմանա, որ մենք մտադիր ենք հաստատ դիմելու, էլի, ըտենց ինչ-որ դիմումով դիմենք ՍԴ:

Դավիթ. Բայց նամակ ո՞ւմ ենք ուղարկում:

Ալեքսանդր. Ինչ-որ ձեւ կա, որով ասում ես՝ տեղեկացնում ենք սույնով, որ դիմելու ենք:

Դավիթ. Հա, նախնական ձեւ: Հա, ճշտեմ, ասեմ: Ես հավաքել եմ ընդեղ, Արտակը չկա: Մյուսներին հավաքել եմ, հանձնարարությունը տրված ա:

Ալեքսանդր. Լավ, եղավ:

Փետրվարի 26-ին զանգել էր Արման Մուսինյանը;

Արման. Ես վաղն ասուլիսին կոնկրետ բան կա՞, որ պիտի ասեմ, թե՞ ընդհանուր պրոցեսից:

Ալեքսանդր. Մի հատ սաղի հետ առավոտից խորհրդակցի: Բռնվածները քանի՞ հոգի են, ինչ են: Աղմուկ պիտի բարձրացնես: Դու պիտի մեր կապը լինես արտաքին աշխարհի հետ: Հասկանո՞ւմ ես: Կարեւորությունը դա է: Մենք էս կռուգից չենք կարողանում դուրս գանք:

Արման. Եղավ:

Փետրվարի 28-ին զանգել էր Դավիթ Մաթեւոսյանը: Զրույցից, որ վերաբերել է միայն ՍԴ-ում ներկայացվելիք բողոքին առնչվող կազմակերպական խնդիրներին՝ ներկայացնում ենք մի հատված:

Դավիթ. Նախագահը հարցնում ա, ո՞նց ա վիճակը ըտեղ:

Ալեքսանդր. Մի ժամ Թորոսյան Ռուբոյի հետ էի խոսում, ի՞նչ որոշիք դու ընդեղ:

Դավիթ. Հլը ոչ մի բան: Չեկավ Ռուբոն ըտենց էլ: Ճիշտ կլիներ, ինքը գար ըստեղ:

Ալեքսանդր. Հիմա ի՞նչ ասեմ: Ինքը ասում ա՝ տվել եք Վահեին, Վահեի կոնցեպցիան լրիվ ուրիշ ա, ինքը պատրաստ ա:

Փետրվարի 29-ին զանգել էր նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Արման. Ալիկ, ես մի հատ ուզում եմ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեմ:

Ալեքսանդր. Հա, ի՞նչ հարցով, Արման ջան:

Արման. Ուղղակի իրավիճակը քննարկելու:

Ալեքսանդր. Նայի, վաբշե մեր մոտ սկզբունքն ի սկզբանե բան էր, եթե հայտարարություն էր արվում աջակցության, սատարման, որից հետո նախագահն անպայման այցելում էր, կամ խորհրդի հետ, կամ բան էլի, նայած բանից: Հիմա ըսենց ինչ-որ ի՞նչ: Գիտես մենք զբաղված ենք, 24-ժամյա ակցիաներ ենք անում:

Արման. Գիտեմ, գիտեմ:

Ալեքսանդր. Կոնկրետ ի՞նչ քննարկենք, այսինքն՝ ի՞նչ ա ձեր դիրքորոշումը, դուք գտնում եք՝ սա նորմա՞լ ընտրություն էր:

Արման. Դե, էդ էլ եմ ուզում քննարկենք:

Ալեքսանդր. Այսինքն՝ պիտի քննարկես, որ վատ ընտրություն էր, թե պիտի հայտարարություն անես, որ գողացան:

Արման. Հայտարարություն ես արդեն էսօր արել եմ, Ալիկ, «Լրագրով» արդեն կան իմ պրեսս կոնֆերանսի նյութերը, բայց ես ուզում եմ նաեւ իրան հանդիպեմ, ես կհանդիպեմ նաեւ, թերեւս, Սերժին, իմ տեսակետները կարտահայտեմ հանդիպումների ժամանակ եւ իմ առաջարկները կանեմ:

Ալեքսանդր. Ես չգիտեմ, ես կփոխանցեմ, բայց մեր մոտեցումը, իմ մոտեցումը բանն ա էլի:

Արման. Էսքան բան, Ալիկ, փոխանցի:

Ալեքսանդր. Ըստեղ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու բան գոյություն ունի, քաղաքացիները հավաքված են ըստեղ, 250 հազար մարդ:

Արման. Ես գիտեմ, ես տեսնում եմ էդ քաղաքացիներին ամեն օր, Ալիկ:

Ալեքսանդր. Հիմա պետք ա գալ, էդ մարդկանց դիմել:

Մարտի 1-ին, ժամը 02.11-ին, Ալեքսանդր Արզումանյանը զանգում է Արարատ Զուրաբյանին, որի հեռախոսն, ի դեպ, նույնպես գաղտնալսվել է:

Ալեքսանդր. 6 անց կես ներքին զորքերը տրիվոգա է, ապեր:

Արարատ. Եղավ, ապեր:

Ուշադրություն հրավիրենք՝ գործում առկա են Ալեքսանդր Արզումանյանի այդ օրերին ունեցած ոչ բոլոր հեռախոսազրույցները: Վստահ ենք, քանի որ, ասենք, «Առավոտի» թղթակիցներն այդ օրերին զանգել են նրան, սակայն այդ զրույցների գաղտնալսումները չկան գործում: Նախաքննության մարմինը հրապարակել է միայն այն զրույցները, որոնք թերեւս էական է համարել մեղադրանքը հաստատելու համար: Սակայն արդյոք այս զրույցներից կարելի՞ է եզրակացության հանգել, թե բացի ՍԴ բողոք ներկայացնելուց, այդ ընթացքում ցույցեր եւ երթեր անցկացնելուց եւ այդ նպատակով կազմակերպական աշխատանքներ տանելուց (գործում կան մինչեւ մարտի 1-ն արված գաղտնալսումներ, ըստ որոնց՝ Ալեքսանդր Արզումանյանը կարգավորել է վառարաններ, «դվիժոկ» ճարելու եւ նման խնդիրներ) եւ իրենց գործողությունների վերաբերյալ միջազգային հանրությանը տեղեկացնելուց բացի՝ ընդդիմությունը որեւէ այլ բան էր ծրագրում:

Իսկ մարտի 1-9-ը՝ մինչեւ ձերբակալվելը, Ալեքսանդր Արզումանյանի ունեցած այլ զրույցները, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել՝ կներկայացնենք հաջորդ համարում: Նշենք, որ ամենավերջին զրույցը եղել է Աշոտ Մանուչարյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել