Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ինչի՞ մասին են խոսել

Հոկտեմբերի 9-ին արմատական ընդդիմության մի հատվածը եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հրավերով այցելել են դեսպանատուն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ներկայացմամբ՝ դեսպանը հրավիրել էր «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամներին, հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցության երեք անդամների եւ արմատական ընդդիմության ղեկավարներին, Մարդու իրավունքների պաշտպանին: Հրավերն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ընդունել էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ վարչության անդամ Խաչիկ Քոքոբելյանը: Հրավերն, ըստ Արամ Սաֆարյանի՝ «ի պատիվ Երեւան ժամանած «սեպտեմբերի 11»-ի հանձնաժողովի անդամների էր: Տիկին Յովանովիչի բացման խոսքից հետո ելույթ ունեցավ «սեպտեմբերի 11»-ի փորձագետների խմբի ղեկավարը, ապա խոսեց Սամվել Նիկոյանը: Դրանից հետո իշխանության, ընդդիմության, հասարակական կառույցների ներկայացուցիչները եւ գլխավոր դատախազը հնարավորություն ունեցան միմյանց հետ մոտ ժամուկես շփվելու»:

Մարտի 1-2-ի դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այդ հանդիպումից մեզ փոխանցեց հետեւյալը. «Ես ասացի, որ նույն դահլիճում ամիսներ առաջ հանդիպում եղավ Դեւիդ Կրամերի հետ, եւ հենց այդ ժամանակ միտք հղացավ նաեւ ԱՄՆ-ից փորձագետներ հրավիրել: Քանի որ այսօր այդ նախնական պայմանավորվածությունը կայացել է, նշանակում է՝ ե՛ւ ես էի իմ հարցադրման մեջ անկեղծ, ե՛ւ ամերիկյան կողմը, արդյունքում՝ պայմանավորվածությունը կայացավ, եւ փորձագետներն արդեն այստեղ են»: Ս. Նիկոյանի ներկայացմամբ՝ այն բոլոր բարդությունները, որ զգում է իր գլխավորած հանձնաժողովը՝ ունեցել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության պատճառներն ուսումնասիրած հանձնաժողովը. «Պետական մարմինների հետ աշխատելու հարցում նույն բարդություններն են ունեցել, ինչ՝ մենք, անվստահությունը, որ կա հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից՝ այնտեղ եւս եղել է, այնտեղ էլ կար նախկին նախագահ-գործող նախագահ բարդ հարաբերությունը: Իրենք նույն ճնշման եւ լարվածության տակ են եղել, ինչ՝ մենք, միգուցե մենք մի քիչ ավելի շատ, որովհետեւ, եթե իրենցը արտաքին ահաբեկչության հարց էր, մերը՝ ներքին-քաղաքական»:

«Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս հանդիպումից հատուկ սպասելիք չունի, ուղղակի նշեց մի կարեւոր պահ, այն, որ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին ազատ շփվել դատախազի հետ, հարցեր տալ նրան: Ըստ տիկին Փոստանջյանի, հնարավոր եղավ անմիջական զրույց անցկացնել. «Մասնավոր զրույցներում խոսվեց, թե ինչու չի անցկացվում համաներում, էլի շատ հարցերի մասին, սակայն դա որեւէ արդյունք չէր կարող տալ, բայց, համենայնդեպս, ընդդիմության հուզող շատուշատ հարցեր հնարավոր եղավ իշխանության ներկայացուցիչների հետ անմիջական շփման արդյունքում ուղղել նրանց, մասնավորապես՝ գլխավոր դատախազին»: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը եւ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ տպավորություն ունի հանդիպումից եւ իր կարծիքով՝ ի՞նչ կտա հանդիպումը, ասաց. «Տեսնում եմ ընդդիմադիր դեմքեր, տեսնում եմ գլխավոր դատախազին, տեսնում եմ Նիկոյանին եւ մտածում եմ, որ ԱՄՆ նոր դեսպանը փորձել է այս բոլորին մի տեղ հավաքել՝ թերեւս ինչ-որ բանի հասնելու ակնկալիքով, բայց, կարծում եմ, այս կարգի հանդիպումներով չէ, որ պիտի լուծվեն մեր ներքին հարցերը: Կա միայն մեկ ճանապարհ՝ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ամեն ինչ մի կողմ թողնեն, հանդիպեն եւ փորձեն միասին դիմակայել աշխարհի մարտահրավերներին: Շատերը գուցե չեն զգում, բայց մեզ շրջապատող աշխարհն այսօր շատ փխրուն է: Իսկ այս ամենից առաջ իշխանությունները ունեն քայլ կատարելու առաջնահերթություն՝ քաղաքական հայացքների համար բանտարկվածները պետք է ազատ արձակվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել