Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է»

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"«Մեր հաղթանակն անխուսափելի է»,- ասում է քաղկալանավոր Աշոտ Զաքարյանը

Այսօր լրանում է քաղկալանավոր, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի ծննդյան 42-ամյակը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ս.թ. փետրվարի 25-ին եւ դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների օրը Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, իբր, խոչընդոտելու համար: Ասում ենք՝ իբր, որովհետեւ նախաքննության ընթացքում նրա դեմ ցուցմունքներ տված հանձնաժողովականներն իրենք էին հրաժարվել իրենց նախկին ցուցմունքներից եւ դատարանում հայտարարել էին, որ Ա. Զաքարյանն իրենց աշխատանքին որեւէ կերպ չի խոչընդոտել, չի սպառնացել, խուլիգանություն չի արել, իսկ ցուցմունքներն իրենք գրել են քննիչների պարտադրանքով:

Այսօր անազատության մեջ գտնվելու շարժառիթների, նաեւ ներքաղաքական հարցերի շուրջ մենք զրուցեցինք հենց հոբելյարի հետ:

– Ես, ինչպես նաեւ քաղբանտարկյալ իմ բոլոր ընկերները, այսօր անազատության մեջ ենք հայտնվել ընդամենը մեկ պատճառով՝ մենք հանդիսացել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ: Իշխանությունը մեզ պատժում է հենց այդ պատճառով: Հայաստանում այլախոհությունը դիտվում է որպես հանցագործություն: Դրա վառ ապացույցը զանգվածային կալանավորումներն են, խայտառակ «դատավարությունները» եւ Հայաստանում 70-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը:

– Ձեր դատավարությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Որպես դատավարություն՝ դա գնահատելն ու մեկնաբանելը բավականին բարդ է: Ինչպես իմ, այնպես էլ հետընտրական շրջանի բոլոր այլ դատավարությունները օյինբազություն, կապիկություն էին: Ուրիշ որեւէ գնահատական տալ դրանց հնարավոր չէ: Առաջադրված մեղադրանքը, դրա հիմքը, առհասարակ բոլոր այս դատավարությունների ընթացքն ապացուցում են, որ Հայաստանում արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Եվ բոլոր այն դատավճիռները, որոնք կայացվում են ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ավելի շատ դատավճիռ են Հայաստանի արդարադատության համար, ոչ թե՝ հանուն, այլ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

– Դուք դատապարտվեցիք արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ՝ 2004-ին Ձեզ մեղադրեցին Գյումրիում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդներին ձվերով հարվածողների եւ ընդդիմության համակիրների միջեւ ծագած վեճի ընթացքում, իբր, խուլիգանության, հասարակական կարգը խախտելու, իրավապահներին դիմադրելու համար եւ դատապարտեցին 1 տարվա պայմանական ազատազրկման: Այդ նախադեպն աչքի առաջ ունենալով՝ Դուք այս տարի էլ ակտիվ մասնակցություն ունեցաք ընդդիմության նախաձեռնած համաժողովրդական շարժմանը: Չէի՞ք մտածում, որ կրկին մեղադրյալի կարգավիճակում եք լինելու:

– Իհարկե, մտածում էի, բայց այլընտրանք չկար եւ չկա: Ի՞նչ, նստենք ու հանգիստ սպասենք, թե ոնց են էս երկիրը վերջնականապես կործանելո՞ւ: Էս երկրի յուրաքանչյուր քաղաքացի այլընտրանք չունի, նա պայքարելու է իր համար, իր երեխաների վաղվա օրվա համար: Եվ այստեղ իշխանություն վերցնելու խնդիրը չէ: Մենք երկրի անվտանգության, պետականություն կորցնելու խնդիր ունենք այսօր:

– Իսկ եթե փորձեք հետադարձ հայացքով գնահատել Շարժման գործողությունները, մարտավարությունը, կարծում եք՝ ընդդիմությունն ամեն ի՞նչ է ճիշտ արել երկրում սահմանադրական կարգ եւ օրինականություն վերահաստատելու ուղղությամբ, արդյոք սխալներ չե՞ն եղել:

– Չեմ կարծում, թե Շարժումը սխալներ է թույլ տվել: Իշխանություն կոչվածը բոլոր դեպքերում ամեն կերպ փորձելու էր վերարտադրվել: Դրա արդյունքում կեղծվեցին փետրվարի 19-ի ընտրությունները, տեղի ունեցավ մարտի 1-ի առավոտյան ցուցարարների, բառիս բուն իմաստով, կոտորածը, դրա արդյունքում տեղի ունեցան մարտի 1-ի երեկոյան իրադարձությունները: Կարծում եմ, Շարժման ընտրած մարտավարությունը ճիշտ էր: Մենք Հայաստանում իշխանափոխության փորձելու ենք հասնել միմիայն օրինական ճանապարհով: Այլընտրանք չկա, որովհետեւ այլ ճանապարհներով իշխանության եկածը այլ ճանապարհով էլ հեռանալու էր: Սա, գուցե, սուբյեկտիվ է, բայց իմ կարծիքն է: Բայց այն, որ Շարժումը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, դատապարտված է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու՝ դրանում որեւէ մեկը կասկածելու իրավունք չունի: Եվ իշխանափոխությունը անհրաժեշտություն է ոչ թե իշխանություն վերցնելու, այլ՝ պետության անկումը, կորուստը կասեցնելու, մեր անվտանգության համար: Մարդիկ իրենց իշխանությունը 1-2 օրով կամ ամսով երկարացնելու կամ լեգիտիմացնելու համար այսօր արդեն Ղարաբաղի հարցն են աճուրդի հանել:

– Ասում եք՝ իշխանափոխություն միայն օրինական ճանապարհով: Այսօր այդպես մտածելու համար գործող իշխանության պարագայում նման նախադրյալներ կա՞ն:

– Ես համոզված եմ, որ մեր շարժումն ունի բավարար կամք եւ վճռականություն, որպեսզի գործը հասցնի իր վերջնական նպատակին եւ Հայաստանում ստեղծի օրենքի իշխանություն՝ բռնազավթած իշխանությունը վերադարձնելով ժողովրդին:

– Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա ներքաղաքական վիճակը:

– Տպավորությունս այն է, որ իշխանությունները խուճապի են մատնված: Դա են վկայում այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունենում այս օրերին՝ հանրահավաքների արգելում, Հյուսիսային պողոտայում մարդկանց ցրելը, նաեւ՝ Սարգիս Հացպանյանի հետ կապված միջադեպը:

– Բայց արդյո՞ք դրանք ոչ թե իշխանությունների ինքնավստահ լինելու դրսեւորում են, այլ՝ խուճապի նշաններ:

– Ամեն ինչ շատ հարաբերական է: Իշխանությունն այսօր շատ լուրջ՝ լեգիտիմության, խնդիր ունի թե՛ ներսում, թե՛ դրսում: Այն, ինչ թվարկեցի, իսկապես, խուճապի եւ վախի դրսեւորումներ են: Բայց միեւնույն ժամանակ, ես ուզում եմ զգուշացնել բոլոր այն տականքներին, ովքեր այսօր հլու-հնազանդ ծառայում են հանցագործ ռեժիմին, կատարում են նրա տված ապօրինի հրահանգները եւ ձեռք են բարձրացնում կանանց ու երեխաների վրա, միեւնույն է՝ դրա համար հատուցելու են, թող չկասկածեն: Դա միայն ժամանակի խնդիր է:

– Այսօր Ձեր ծննդյան օրն է: Ո՞նց եք նշելու, մտածե՞լ եք:

– Իհարկե, մի փոքր անսովոր է, երբ ծննդյանդ օրն անցկացնում ես անազատության մեջ, բայց, կարծում եմ, դրանում սարսափելի ոչինչ չկա: Սա էլ է մարդու համար: Խնդիր չէ:

Հ. Գ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալներից մեկը՝ իր, Աշոտ Զաքարյանի խցակիցների եւ քրեակատարողական այլ հիմնարկներում անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալների անունից հայտնեց, որ իրենք շնորհավորում են իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը եւ վստահ են, որ հաջորդ այդ օրը Աշոտ Զաքարյանը կտոնի ազատության մեջ՝ իր զինակիցների եւ հարազատների հետ միասին: «Առավոտը» միանում է շնորհավորանքին եւ մաղթանքներին: Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել