Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Շնորհակալություն հայտնելով հրավերքն ընդունելու համար՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ հրավերքի պատճառը ֆեդերացիայի զինանշանը փոխելու առիթով ծավալված ու շարունակվող քաղաքականացված մթնոլորտն է: Ռուբեն Հայրապետյանը հատուկ նշեց, որ ֆեդերացիայի զինանշանը փոխելու գաղափարը հղացել է շատ վաղուց, երբ դեռ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարը չէր սկսվել: Ավելին՝ անգամ վիճակահանությունը չէր կայացել: Եվ մեզանից ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Հայաստանն ու Թուրքիան կհայտնվեն միեւնույն խմբում: Սակայն Թուրքիայի հավաքականի հանդիպումից մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին՝ իբր մեր հին զինանշանի ընդհանուր տեսքը փոխելը, ավելի ստույգ՝ Արարատ լեռան պատկերի անհայտանալը ինչ-ինչ նպատակներ է հետապնդել, մասնավորապես՝ Թուրքիայի հավաքականին չնեղացնելու կամ սիրաշահելու համար: «Ամենայն պատասխանատվությամբ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ նման բան չկա ու չի եղել,- ասաց նա:- Ընդունում եմ նաեւ, որ սխալը եղել է իմ կողմից, որի համար ժողովրդից եւ ֆուտբոլասերներից ներողություն եմ խնդրում: Ավելին, լուրեր են շրջանառվում՝ իբր իմ ու ֆեդերացիայի վրա քաղաքական ինչ-ինչ ճնշումներ են եղել: Պաշտոնապես հավաստիացնում եմ, որ նման բան չի եղել: Ընդամենը դրանք համընկել են: Սխալն ուղղելու նպատակով ես արդեն հանձնարարել եմ, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հանդես գա Հայաստանի պետական զինանշանը կրող մարզահագուստով, որի իրավունքը կա, իսկ ֆեդերացիայի նոր զինանշանի համար հայտարարվել է նոր մրցույթ»:
Ասուլիսում հարցեր եղան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի՝ Բելգիայի եւ Բոսնիայի հետ կայանալիք առաջիկա երկու հանդիպումների մասին: «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի այդ խաղերում հաղթենք,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:- Միշտ էլ հայտարարել եմ, որ պահանջում եմ առավելագույնը: Բայց ամեն բան կախված է հավաքականի հրավիրած թեկնածուների ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականությունից»:
Հնչած հարցերից առավել հետաքրքիր էր հետեւյալը եւ դրա պատասխանը:
– Յան Պոուլսենի հետ վերջին ասուլիսում դանիացի մասնագետը հայտարարեց, որ ձեր առաջադրանքը իրատեսական չէ, ու մեր ընտրանին Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի ընտրական փուլում լավագույն դեպքում կարող է պայքարել խմբում 4-5-րդ տեղերի համար: Ձեր եւ հավաքականի գլխավոր մարզչի արած հայտարարությունների միջեւ եղած անհամաձայնությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Այո, ես մաքսիմալիստ եմ ու ցանկանում եւ պահանջում եմ առավելագույնը: Այդ մասին նախապես տեղյակ են եղել հավաքականի բոլոր մարզիչները: Առաջին անգամ եմ լսում, որ ազգային հավաքականի մարզիչը հրապարակավ նման բան է ասել: Եթե դա, իրոք, այդպես է, նա մեր ընտրանին գլխավորելու բարոյական իրավունք չի կարող ունենալ: