Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 2-րդ միջազգային մրցույթից Ազգային օպերային թատրոնի մենապարողներ Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը վերադարձել են հաղթանակած:
Աշխարհի տարբեր երկրների միջազգային մրցույթներում բարձր պարգեւների արժանացած հայաստանցի բալետի արտիստները ուրախացնում եւ ոգեւորում են մեզ: Ցավոք, նրանցից շատերը դափնիներով վերադառնում են հայրենիք ու անմիջապես էլ հեռանում՝ այստեղ չգտնելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ, միջավայր ու համապատասխան վարձատրություն:
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Սոչիում կայացել է աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 2-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված բալետմայստերի կնոջ՝ Նատալյա Բեսսմերտնովայի հիշատակին: Ազգային օպերային թատրոնի մենապարողներ Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը փայլուն են հանդես եկել, մասնավորապես՝ Ռ. Մուրադյանը ստացել է առաջին մրցանակ եւ ոսկե մեդալ, իսկ Ս. Ավետիսյանը՝ երկրորդ մրցանակ եւ արծաթե մեդալ:
«Առավոտի» հետ զրույցում արտիստները տեղեկացրին, որ մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբում: Ավագ տարիքայինում մասնակցել են 13 երկրի շուրջ 60 բալետի արտիստներ Ռուսաստանից, Վենեսուելայից, Կորեայից, Ուկրաինայից, Բելառուսից եւ այլ երկրներից:
11 անվանի բալետմայստերներից (այդ թվում՝ Մարինա Լեոնովա եւ Միխայիլ Լավրովսկի՝ Ռուսաստան, Բորդո Շարլ Ժյուդ՝ Ֆրանսիա, Մարգերտա Պարիլլա՝ Իտալիա) կազմված ժյուրին գլխավորել է Գրիգորովիչը:
Վերջինս, ծանոթ լինելով հայկական բալետային դպրոցի անվանի ներկայացուցիչներ Վիլեն Գալստյանին, Հովհաննես Դիվանյանին, 17 տարի Ռուսաստանի բալետի ակադեմիան ղեկավարած Մաքսիմ Մարտիրոսյանին, նրանց չի հրավիրել լինել ժյուրիի կազմում: Չնայած սրան, ըստ հայաստանցի արվեստագետների շրջանում տարածված լուրերի, Գրիգորովիչը մոտ ժամանակներս մեր օպերային թատրոնում ձեռնամուխ կլինի Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրման աշխատանքներին: Այս առիթով հայ արտիստները միայն նշեցին, որ Գրիգորովիչը հրաժեշտ տալիս իրենց ասել է՝ կհանդիպենք Երեւանում:
Խոսելով մրցույթի օբյեկտիվության մասին, Ռ. Մուրադյանն, ափսոսանք հայտնելով, ասաց, որ համամիտ չէ ժյուրիի մի քանի որոշումներին: Օրինակ, որ մրցույթի երկրորդ փուլ չի անցել իրենց գործընկեր Նարեկ Մարտիրոսյանը: «Չեմ կարծում, որ Ուկրաինայից ժամանած Օգսանա Բոնդարեւան արժանի էր Գրան պրիի»,- ասում է Ռուբենը: Ինքնաքննադատաբար էլ հայտնեց, որ Հայաստանում մոդեռն բալետի պրոբլեմն առկախ է մնում. «Երեք հայաստանցիներս էլ նույն համարով հանդես եկանք, ինչն այնքան էլ լավ չդիտվեց ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից»:
Հիշեցրինք, որ ժամանակին Բրազիլիայում կայացած մի մրցույթին Ռ. Մուրադյանը ներկայացել էր հայաստանցի մենեջեր Գրիգոր Պետրոսյանի հետ, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել էր անցյալ տարի: Արտիստն այս մասին ասաց. «Ժամանակին, այո, ունեի մենեջեր: Հիմա նա ինձ պարզապես հարկավոր չէ… Ավելի կարեւոր է այն, որ Հայաստանն ունենա բալետային մասնագետներ»:
Իսկ թե չե՞ն պատրաստվում հետեւել իրենց կոլեգաների օրինակին՝ մեկնելով եվրոպական թատրոններ, կամ գուցե արդեն մրցույթից հետո ստացել են առաջարկներ, մեր զրուցակիցների պատասխանը հաստատուն էր՝ մնալու են Հայաստանում ու պարելու են հարազատ թատրոնում: Զրույցի ավարտին Ս. Ավետիսյանը հիշեց, որ ժյուրիի անդամները շնորհակալություն են հայտնել հատկապես իրենց՝ ասելով. «Կարոտ էինք մնացել իսկական առնական պարի»: