Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբեր 09,2008 00:00

Նախորդ շաբաթ նշվեց «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը տեւեց ավելի քան մեկ շաբաթ

Քաղաքում տեղի ունեցան մարզամշակութային մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 28-ը քաղաքում «Գեղարվեստի օր» էր:

Գեղագիտական կենտրոնում կայացած «Մեր քաղաքը» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական պատկերացումներն իրենց քաղաքի մասին: Իսկ Կերպարվեստի թանգարանում ներկայացվեց Վանաձորի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Բազմաշավիղ» խորագրով: Այդ օրը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատվոգրեր հանձնեց Գեղարվեստի դպրոցի մի շարք աշխատակիցների եւ գեղանկարիչների՝ գեղարվեստի զարգացմանը խթանելու համար: Սեպտեմբերի 29-ը «Գրական օր» էր: Լոռու մարզային գրադարանում կայացավ «Երեք սերունդ» գրական ցերեկույթը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում՝ «Մենք ու մերոնք» գրական ընթերցումները: Այդ օրը քաղաքի հանրակրթական դպրոցների սաները հանդիպեցին քաղաքի գրողների հետ, որոնք էլ վարում էին գրականության դասը: Սեպտեմբերի 30-ը Վանաձորում «Երաժշտական օր» էր եւ Թավրիզյանի անվան արվեստի քոլեջում կայացավ համերգ՝ Կամերային երգչախմբի եւ Կամերային նվագախմբի մասնակցությամբ: «Սպորտի օրը» հոկտեմբերի մեկն էր: Տեղի ունեցան մրցաշարեր տարբեր մարզաձեւերից: Հոկտեմբերի 2-ին Հայքի հրապարակում իրենց կատարումներով հանդես եկան Վանաձորի պարային համույթները: «Թատերական օրը» բեմադրվեցին մի շարք ներկայացումներ:

Տոնակատարություններն ամփոփվեցին հոկտեմբերի 4-ին, Հայքի հրապարակում՝ «Վանաձորի օր» խորագրով միջոցառմամբ: Այդ օրն առավոտյան Հայքի հրապարակը բազմամարդ էր, տոնական շքերթի ժամանակ հրապարակ մտան քաղաքի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների սովորողները, առողջապահական հիմնարկների, արտադրական եւ տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ: Շքերթի հանդիսավոր բացմանը վանաձորցիներին շնորհավորանքի խոսքեր հղեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Տոնական համերգին հաջորդեցին սպորտային ցուցադրական ելույթները: Երեկոյան ուրախ դիսկոտեկը տոնակատարությունների կուլմինացիան էր եւ լեփ-լեցուն հրապարակը թնդում էր ուրախ պարերից ու բացականչություններից: Այդ օրը հնչեց նաեւ Սամվել Խալաթյանի հեղինակած «Վանաձոր» երգը, որի երաժշտությունը գրել է երգահան-կոմպոզիտոր Գագիկ Աղաբաբյանը: Իսկ գունեղ հրավառությունն ամփոփեց տոնը՝ այն դարձնելով լիարժեք ու կատարյալ:

Տոնակատարությունից հետո «Առավոտը» զրուցեց քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, որը ողջ օրվա ընթացքում շրջում էր հրապարակում եւ զրուցում համաքաղաքացիների հետ:

– Պարոն Դարբինյան, ինչպես գիտենք, «Վանաձորի օրը» հիմնադրվել էր Ձեր ղեկավարման տարիներին, ասել է թե՝ այս տոնի հիմնադիրը Դուք եք: Ինչպես առաջացավ այս գաղափարը:

– Ինչպես ամեն համայնք, մեր քաղաքն էլ ունի իր գեղեցիկ պատմությունն ու տարեգրությունը: Հետեւաբար, այն պետք է ունենա նաեւ իր ծննդյան օրը: Թեեւ քաղաքի հիմնադրման կոնկրետ օր որեւէ տեղ չի հիշատակվում, մենք 2000թ.-ին ավագանու հետ ընդունեցինք որոշում՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթը նշել որպես «Վանաձորի օր»: Իսկ այս ժամանակաշրջանն ընտրեցինք այն բանի համար, որովհետեւ աշնանը մեր քաղաքը ավելի գեղեցիկ եւ գունեղ է դառնում, բերք ու բարիքի ժամանակաշրջան է: Խորհրդային տարիներին մենք ունեինք գեղեցիկ տոներ՝ Ծաղկի տոն, Երգի տոն, որոնք երկար տարիներ մոռացության էին մատնվել: Մենք վերականգնեցինք նաեւ այդ տոները, դրանց ավելացրինք նաեւ Բարեկենդանը:

– Ի՞նչ է Ձեզ համար այս տոնը եւ ի՞նչ զգացողություն ունեք տոնակատարության ժամանակ:

– Անկեղծորեն ասեմ՝ այս տոնը կարծես իմ ծննդյան օրը լինի, ես իմ ծննդյան օրն այդքան չեմ ուրախանում, որքան «Վանաձորի օրը»: Ես ուզում եմ, որ տարեցտարի տոնը ավելի լավ նշվի: Եվ այսօրվա այս լեփ-լեցուն հրապարակը, մարդկանց ուրախությունը փաստում է, որ դա հաջողվում է: Եթե ինձ հարցնեք, թե որն է քաղաքի համար կատարած իմ ամենամեծ գործը, ապա կասեմ, որ այս տոների ստեղծումն է: Սա մեր համաքաղաքացիների համախմբվածության ու միասնականության տոնն է, բոլորը այստեղ իրար նկատմամբ ջերմ են ու հարազատ: «Վանաձորի օրը» նաեւ քաղաքի մշակութային ոլորտի տարեկան քննությունն ու ամփոփումն է, քանի որ բոլոր երաժշտական խմբերը ներկայացնում են տարվա իրենց լավագույն կատարումները: Մենք քիչ բյուջեով կարողացել ենք կայացնել ու զարգացնել եւ սպորտը, եւ մշակույթը, եւ դրան զուգահեռ աշխատանքներ տանել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: Իսկ դրանք նկատելու եւ տեսնելու համար ընդամենը պետք է հիշենք, թե ինչպիսին էր քաղաքը ինը տարի առաջ: Ես շատ գոհ եմ իմ ժողովրդից, նա գնահատել գիտե: Ինձ համար ուրախալի է նաեւ, որ երբ ես քայլում էի մարդկանց մեջ, մարդիկ ինձ շնորհավորում էին, աչքալուսանք տալիս: Իսկ դա վկայում է, որ այս տոնը բոլորինս է, բոլորիս հոգու եւ միասնականության տոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել