Տարբեր պատճառաբանություններով խուսափում են հրապարակային աշխատանքից՝ նույնիսկ օրենքի ոտնահարման գնով:
Քանի որ այս տարվա հոկտեմբեր ամիսն «ընտրական» է հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, գյուղապետերը ընտրողներից ձայներ կորզելու համար հատկապես այս օրերին դարձել են բարեգործներ եւ աջ ու ձախ ծախսում են համայնքի բյուջեն՝ տանիքներ են նորոգում, թաղման ծախսերն են հոգում, փոխանցում են ուսանողների վարձավճարները, լուծում են տատիկ-պապիկների դեղորայքի հարցերը եւ այլն: Օգտվելով ՀՀ սահմանադրության հոդված 27-ի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից, դեռեւս օգոստոսի վերջերին, պատահականության սկզբունքով գրավոր նամակներ ենք ուղարկել Գեղարքունիքի մարզի Նորաշենի համայնքապետ Գառնիկ Գասպարյանին, Լուսակունքի գյուղապետ Էդվարդ Օհանյանին, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանին ու Ապագայի գյուղապետ Իշխան Մարգարյանին: Նրանցից խնդրել էինք մեզ տրամադրել հունվարի 1-ից օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում իրենց համայնքապետարանի ավագանու կայացրած որոշումների պատճենները: Չբավարարվելով ուղարկված նամակներով՝ նշված գյուղապետերին նույն խնդրով դիմել ենք նաեւ հեռախոսազանգի միջոցով, սակայն՝ ապարդյուն, նրանցից ոչ մեկն «Առավոտին» չտրամադրեց սպառիչ պատասխաններ: Մեզ արձագանքել է միայն Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը. «Խնդրում ենք ձեզ, Դալարիկի գյուղապետարանի ս/թ հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 18-ը կայացած որոշումների մասին տեղեկատվություն ստանալու համար օգտվեք Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից»: Թեեւ գյուղապետը պարտավոր էր իր ղեկավարած մարմնի մասին մեզ տեղեկատվություն տրամադրել միանգամից՝ առանց «միջնորդավորված» տարբերակների, այնուամենայնիվ, փորձեցինք մեր փնտրած տեղեկությունը գտնել վերոնշյալ կայքից (https://armavir.region.am): Հավանաբար Պ. Սաղաթելյանը երբեւէ այդ կայքից չէր օգտվել եւ չգիտեր, որ այդտեղ ավագանու որոշումները տեղադրված չէին:
Մի քանի անգամ փորձել ենք հանդիպել նաեւ Ապագայի գյուղապետ Իշխան Մարգարյանի հետ, որից շատ դժգոհություններ ունեն իր համագյուղացիները: Նա չի ցանկանում շփվել ԶԼՄ-ների ներկայացուցչի հետ: Նրա այդքան «ոչ ժողովրդավար» լինելու պատճառը կարող ենք հասկանալ՝ հոկտեմբերի 19-ին իր համայնքում կայանալու են գյուղապետի ընտրություններ, նա թեկնածու է եւ իր դեմ պայքարում է 4 հոգի: Հավանաբար պարոն Մարգարյանը խուսափում է լրագրողներից, որպեսզի իր բացթողումների եւ դժգոհությունների մասին «վերեւներում» չիմանան, եւ դա իր մրցակիցները չօգտագործեն իր դեմ:
Լուսակունքի գյուղապետ Էդվարդ Օհանյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, որ մեզանից որեւէ նամակ է ստացել, ապա ավելացրեց. «Դուք բան ու գործ չունե՞ք՝ ընկել եք մեր հետեւից»: Նրա զայրույթի պատճառը հայտնի է՝ դեռեւս նախորդ տարի «Առավոտը» անդրադարձել էր այս համայնքի խնդիրներին, նույնիսկ մեր հոդվածի հիման վրա Վարդենիսի ոստիկանական բաժանմունքում նյութեր էին պատրաստվում քրեական գործ հարուցելու համար, եւ հիմա գյուղապետը «զգուշանում» է երկրորդ անգամ հայտնվել նույն կարգավիճակում:
Տեղեկացնենք վերը նշված գյուղապետերին, որ անկախ իրենց ցանկությունից, «Առավոտը» հետամուտ է լինելու, որ նրանցից ստանա ավագանու որոշումների պատճենները: