«ARTICLE 19» միջազգային կազմակերպությունը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ լուրջ մտահոգություն է արտահայտել Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս արված լրացման առնչությամբ, ըստ որի՝ թվային համակարգի անցման պատճառով մինչեւ 2010-ը կասեցվում է հեռարձակման արտոնագրերի տրամադրումը, «ինչը, ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, լրացուցիչ խոչընդոտ կստեղծի «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու ճանապարհին»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Լիովին գնահատելով գիտատեխնիկական առաջընթացի ավանգարդում գտնվող պետություններին համաքայլ շարժվելու՝ Հայաստանի կառավարության ջանքերը, «ARTICLE 19»-ը, այդուհանդերձ, պնդում է, որ այս օրենսդրական փոփոխությունները, «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու փոխարեն, հետագա խոչընդոտներ են ստեղծում ՄԻԵԴ վճռի կատարման ճանապարհին: Հետեւաբար, նրանք ոչնչով չեն նպաստում Հայաստանում արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությանը: «ARTICLE 19»-ն այսպիսով կոչ է անում Հայաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել արտոնագրերի տրամադրման կասեցումը եւ նախքան թվայնացման համակարգին անցնելը՝ ապահովել «Ա1+»-ի մասնակցությունը բաց, հրապարակային եւ արդար մրցույթի: «ARTICLE 19»-ը նշում է, որ Հայաստանը վավերացրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որոնք հոդված 19-ում եւ 10-ում համապատասխանաբար երաշխավորում են արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային անդամակցելը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է Դատարանի վճիռների անվերապահ կատարում: «ARTICLE 19»-ը հետեւաբար կոչ է անում Հայաստանի կառավարությանը պահպանել արտահայտվելու ազատության ոլորտի իր միջազգային պարտավորությունները եւ ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն այդ պարտավորությունների կատարմանը, այլ ոչ թե էլ ավելի կհեռանան դրանցից»: