Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են եկել ամերիկացի փորձագետները

Հոկտեմբեր 09,2008 00:00

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փորձագետներն արդեն մի քանի օր գտնվում են Երեւանում եւ մի շարք հանդիպումներ են ունեցել ոչ միայն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, այլեւ՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ամերիկացիների համար ընդունելի է եղել իրենց սկզբունքը, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է լինի անաչառ. «Իրենք ուղղակի տեղեկատվություն էին հավաքում: Կարծում եմ, իրենց համար էլ հստակ է, որ մեր իրականությունը եւ ամերիկյան իրականությունը քաղաքական առումով բավականին տարբեր են, եւ իրենք էլ ունեին որոշակի մտահոգություն»: Ամերիկացիները ասել են, որ եթե սեպտեմբերի 11-ին պարզ էր, թե կոնկրետ ովքեր են իրականացրել ահաբեկչությունը, ապա մեր պարագայում դեռ չկան անձինք, որոնք ձերբակալվել են զոհերից թեկուզ մեկին սպանելու մեղադրանքով: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ, հանդիպման ժամանակ ինքը հարցրել է, «թե ահաբեկչության զոհերի հարազատներն ինչպե՞ս են ընդունել փորձագետների աշխատանքը, եւ արդյոք հանձնաժողովի վերջնական եզրակացությունն ընդունելի՞ էր հասարակության եւ զոհերի հարազատների համար: Ամերիկացիներն ասացին, թե սկզբում ե՛ւ հանրությունը, ե՛ւ լրատվամիջոցները թշնամական էին տրամադրված իրենց հանձնաժողովի հանդեպ, բայց իրենց հաջողվեց ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որ զոհերի հարազատները դարձան իրենց դաշնակիցները: Իրենք հետաքրքիր բան էին արել: Քանի որ եզրակացությունն իր մեջ պետական գաղտնիք էր պարունակում, եւ, բնականաբար, Սպիտակ տունը պետք է այն նախապես կարդար, եւ որպեսզի որեւէ միջամտություն չլիներ Բուշի վարչակազմի կողմից, իրենք նույն պահին, երբ եզրակացությունը ներկայացրել են Բուշին, այն գիրք դարձրած հանձնել են նաեւ ԱՄՆ-ի բոլոր գրախանութներին»: Փորձագետներն ասել են, թե իրենց խնդիրը չի եղել գտնել մեղավորներին, այլ՝ ընդամենը ներկայացնել փաստերը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը սեպտեմբերի 11-ի եւ մարտի 1-ի միջեւ մեկ ընդհանուր բան է տեսնում. «Երկուսն էլ աննախադեպ, մեծածավալ եւ հասարակական մեծ հնչողությամբ հանցագործություններ, իրադարձություններ են՝ ուղեկցվող հանցագործություններով: Եվ հասարակություններն ակնկալել են ունենալ դրանց պատասխանները՝ մտքում ունենալով իրենց վարկածները»:

Ի դեպ, երեկ ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովը տարածել է պարզաբանում, որտեղ գրված է. «ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փորձագետների այցի նպատակը ԱՄՆ սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի աշխատանքի հետ կապված տեղեկություններն ու գործունեությունից քաղած դասերը ներկայացնելն է: Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի փորձագետները ՀՀ-ում կատարված իրադարձությունների քննության կամ հետաքննության հարցում որեւէ ուղղակի օժանդակություն չեն ցուցաբերի: Նրանք չեն կատարի որեւէ գնահատում ու չեն պատրաստի որեւէ հաշվետվություն հանձնաժողովի աշխատանքի կամ 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել