Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ դատում են ճիշտ ցուցմունքի համար»

Հոկտեմբեր 09,2008 00:00

Ասում է ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանը

«Առավոտը» դեռ օգոստոսի 8-ին, անդրադառնալով «Մարտի 1»-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված Արման Շահինյանի գործով եւ նրա դեմ, իբր, ցուցմունք տված վկա, ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանի ոդիսականին, մտահոգություն էր հայտնել, որ Ապարանի Հարթավան գյուղի բնակիչ այս տղային «սանձելու» համար տվյալ գործով դատավոր Ռուբեն Ափինյանն ու Հատուկ քննչական ծառայությունը սկսել են աշխատել կեղտոտ մեթոդներով: Կ. Հայրապետյանը Ա. Շահինյանի դատավարության մի քանի նիստերում հայտարարել էր, թե ինքը երբեւէ որեւէ ցուցմունք չի գրել, որ իրեն մի անգամ հրավիրել են Արմավիրի ոստիկանություն՝ իբր, բանակից խուսափելու պատճառաբանությամբ, որտեղ ասել են, թե շփոթմունք է եղել, ու թղթեր են տվել, որ ստորագրի ու գնա տուն, եւ մեկ էլ բանակ զորակոչվելու օրը՝ «սբոռնի պունկտում» տվել են թղթեր, որոնց տակ ինքը ստորագրել է, կարծելով, թե դրանք զորակոչին առնչվող թղթեր են: Սրանից հետո, օգոստոսի 6-ին, Կ. Հայրապետյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան էր տարվել հրամանատարի ուղեկցությամբ՝ դատավոր Ռ. Ափինյանի մոտ, որտեղ ինչ-որ ճաղատ տղամարդու ներկայությամբ Կարենին թելադրել էին այն ցուցմունքի ողջ տեքստը, որից նա դատարանում հրաժարվել էր:

Կ. Հայրապետյանը «Առավոտի» խմբագրությանը հասցեագրած ձեռագիր նամակում գրում է. «Մարտի 1-ի» գործով ինձ այս տարի, օգոստոսի 6-ին, տարել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի շենք, որտեղ դատավոր Ափինյանը ինձ համոզել է գլխացավանքի ու պրոբլեմների մեջ չընկնելու համար դատարանում ասել այն, ինչ յանի ես գրել եմ քննիչին: Ես դատավորին մերժեցի եւ նրան ասացի, որ ես մի քանի անգամ եմ միայն եղել Երեւանում, Ազատության հրապարակում՝ փետրվարի 28-ի, ժամը 15-17-ը, եւ ես դատավորին ասի, որ մարտի 1-ին, լուսադեմին, ես չեմ գտնվել Օպերայի հրապարակում եւ ոչ մի ծեծկռտուքի ներկա չեմ եղել: Այս ամենից հետո դատավորը ջղայնացավ իմ վրա եւ ինձ ներկայացրեց որպես փորձագետ մի տղամարդու՝ քաչալ գլխով, եւ ինձ զաստավիտով ստիպեցին թղթի վրա գրել այն, ինչ գրված էր ցուցմունքում՝ նախկին, ինչը ես նախկինում չէի գրել: Մինչ այդ ես ուզում էի, որ գոնե այդ ժամանակ փաստաբանս ներկա գտնվեր, բայց Ափինյանը ինձ համոզեց, թե գրելու մեջ բան չկա, պիտի գրես, որ ձեռագիրդ տանենք համեմատելու: Ես միամիտ-միամիտ, հավատալով դատավորի խոսքերին, ստիպված գրեցի նրա ասածը՝ լրիվ ցուցմունքը: Գրեմ նաեւ, որ ես այս տարի մայիսի 20-ին մոտ 4 ժամ եւ ավել եղել եմ գլխավոր դատախազության շենքում, կարծեմ՝ 6-րդ հարկում, ինձ նստացրել են միջանցքում եւ թղթեր տվել, որ ստորագրեմ: Ես քննիչ Ջանազյանի մաքուր թղթերը ստորագրել եմ: Ես դատարանում՝ Կենտրոնի, տվել եմ ճիշտ ցուցմունք, եւ այդ ճիշտ ցուցմունքի համար ինձ դատում են»: Թե ո՞ր օրենքով է վկայի հետ քննչական գործողություն կատարվել, այն էլ՝ դատարանի շենքում, գործով դատավորի մասնակցությամբ եւ առանց փաստաբանի, մատնանշել հնարավոր չէ, դա ուղղակի ապօրինություն է: «Առավոտի» մտահոգությունը, որ Կ. Հայրապետյանի ձեռքով եւ առանց փաստաբանի ներկայության արտագրված այդ ցուցմունքը ՀՔԾ-ն կարող է կարել քրգործում՝ որպես նրա տված նախաքննական ցուցմունք, եւ ուղարկել փորձաքննության, որպեսզի հետո ասվի, թե դա գրված է Կարենի ձեռքով, հաստատվեց: Կ. Հայրապետյանի նկատմամբ «կեղծ ցուցմունք» տալու մեղադրանքով քրգործ հարուցվեց: Բացի այն, որ նրա գործում կան Քրդատօրի բազմաթիվ եւ կոպիտ խախտումներ, գործի մեղադրական եզրակացությունն իսկական անհեթեթություն է: ՀՔԾ ասելով, Կարենն առաջին անգամ հարցաքննվել է մայիսի 20-ին: Հարցաքննության տարվել է առանց ծանուցագրի, խաբեությամբ: Որպես անչափահաս՝ նրան պետք է հարցաքննեին ծնողների ներկայությամբ, ինչը չի արվել, եւ դա օրենքի կոպիտ խախտում է: Նրան ՀՔԾ-ում պահել են ավելի քան 4 ժամ, որը եւս ապօրինություն է: Ըստ մեղադրական եզրակացության, դատաձեռագրաբանական փորձագետը եզրակացրել է, որ հունիսի 10-ին վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության բնօրինակում Կ. Հայրապետյանի անունից գրված ցուցմունքի ձեռագիր գրառումները, նաեւ մայիսի 20-ին նրա հարցաքննության «արձանագրությունում (քսերոպատճեն) էջերի ներքեւի մասում տեղավորված «Հայրապետյան» գրառումները, արձանագրության տպագիր տեքստի վերջում տեղավորված «ցուցմունկս կարդացի այն տպված է ճիշտ իմ պատմածով Հայրապետյան» ձեռագիր գրառումները եւ առկա բոլոր ստորագրությունները կատարվել են Կ. Հայրապետյանի կողմից»։ Դեռ հարց է, թե հունիսի 10-ի ցուցմունքը, որը համարվել է որպես Կարենի ձեռագիրը եւ համեմատվել մյուս գրառումների հետ, արդյոք այն տեքստը չէ՞, որը նրան ստիպել են գրել դատավոր Ափինյանն ու անանուն փորձագետը: Եվ հետո, կասկածելի է, թե տղան հասցրել է ցուցմունք տալ հունիսի 10-ին՝ զորակոչի օրը, «սբոռնի պունկտում»: Սրանք հարցեր են, որոնց, թերեւս, կանդրադառնան դատավարության ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել