Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ բժիշկները հրաժարվում են այցելել քաղբանտարկյալներին, քանի որ խնդիրներ են ունենում աշխատավայրերում:
«Այն բացասական վերաբերմունքը, որ կար կոմունիստական շրջանում՝ հանդուրժողականության, մարդու իրավունքի եւ նրա արժանապատվության նկատմամբ, այսօր գործող իշխանությունների կողմից ի ցույց է դրված: Քանի որ ներկայիս իշխանավորները տարիներ շարունակ գտնվել են կոմունիստական իշխանական բուրգի ամենաստորին հատվածում, այդ հատվածին վայել արհամարհանքով էլ վերաբերվում են մարդուն, նրա իրավունքներին, Եվրոպային եւ ցանկացած մեկին, ով իրենց մասին բացասական կարծիք կունենա կամ կպահանջի իրենցից քայլեր, որն իրենք չեն ցանկանում անել»,- ասում է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա գտնում է, որ Եվրոպայի առաջ քաշած պահանջների չկատարման պատճառով տարբեր եվրոկառույցների՝ արդեն պարբերական դարձած զեկույցներն արտացոլում են մեր իրականությունը քաղաքական եւ դատաիրավական համատեքստերում: Արձագանքելով դիտարկմանը՝ ի՞նչ օգուտ դրանից, եթե, միեւնույն է, դրանք անմիջական անդրադարձ չեն ունենում մեր կյանքի վրա, Վ. Հարությունյանն ասաց. «Ըստ էության, այդ կառույցները հնարավորություն չունեն կամ դեռ հարկ չեն համարում ստիպելու, որ մեր երկրում արվեն այս կամ այն քայլերը, եւ դրանից մեր իշխանությունները չափազանց ոգեւորված են: Դա լավ երեւում է այն ժամանակ, երբ եվրոկառույցների մեր պատվիրակությունները, Հայաստանի վերաբերյալ հերթական անբարենպաստ զեկույցը մեկնաբանելիս, հրճվանքով նշում են, որ դրանք ունեն միայն խորհրդատվական բնույթ, պարտադիր կատարման ենթակա չեն: Նրանք չեն հասկանում, որ մի օր դրանք դառնալու են պարտադիր պայման, եւ եվրոպական համայնքն էլ չի հանդուրժելու այս ամենը՝ սպանություններ, շինծու քրգործեր, մարդու իրավունքների ոտնահարումներ… ինչպես չեն հանդուրժում Իրանում, Հյուսիսային Կորեայում եւ նման այլ երկրներում: Ցանկացած առաջարկ, որ գալիս է եվրոկառույցներից, չեն կատարում, որովհետեւ պարտադրանք չկա: Կարծես սպասում են պարտադրանքի, երբ ստիպվա՛ծ են լինելու ազատել քաղբանտարկյալներին, չկրակել ցուցարարների վրա, հարգել մարդու իրավունքները: Սա է նրանց աշխարհընկալումը՝ քանի հնարավոր է՝ բարբարոս են, իսկ եթե ստիպեն՝ քաղաքակիրթ մարդու դիմակ կհագնեն»:
Ի դեպ, իրավապաշտպաններին հնարավորություն չի ընձեռվում կալանավայրեր այցելելու, սակայն այս կամ այն կերպ կալանավայրերից տեղեկատվություն նրանք ստանում են: Պարոն Հարությունյանին խնդրեցինք ներկայացնել քաղբանտարկյալներին վերաբերվող ամենաթարմ տեղեկությունները: «Նրանք բոլորն էլ այս ամիսների ընթացքում մեզ ցույց տվեցին եւ շարունակում են ցույց տալ քաջության ու խիզախության աննախադեպ օրինակներ: Նրանց գլխավոր խնդիրը եղել եւ մնում է դատաքննությունների փուլում ցույց տալ աշխարհին (մեր ժողովուրդը դա գիտի), թե ինչ է իրականում կատարվել եւ կատարվում Հայաստանում: Նրանք իրենց գործը փայլուն են կատարում, մենք ենք, որ թերանում ենք: Նրանցից ոմանք ունեն առողջական խնդիրներ: Օրենքով կալանավորի նախընտրած բժիշկը կարող է կալանավորի ցանկությամբ այցելել նրան կալանավայրում, կալանավայրերի ղեկավարությունը դրան արգելք չի հանդիսանում, բայց այս վերջին շրջանում, երբ մի քանի հայտնի կալանավորների մոտ բժիշկներ գնացին եւ աշխատավայրերում անախորժություններ ունեցան, մեր բժիշկները ստիպված հրաժարվում են կալանավայրեր գնալուց: Մեկ ամիս է՝ փորձում ենք բժիշկների հետ պայմանավորվել այցելությունների մասին, նրանք խոստանում են, բայց հենց պարզում են, որ պետք է քաղկալանավորի այցելեն՝ հրաժարվում են, վախենում են առողջապահության նախարարության հետ ունենալիք խնդիրներից»,- պատմեց նա: Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ հանրահավաքներում եւ ընդդիմադիր գործիչների հարցազրույցներում անընդհատ խոսվում է հասարակության ինքնագիտակցության աճի մասին: «Դատելով հանրահավաքների բազմամարդությունից եւ որակից՝ մարդիկ սկսում են վերածվել քաղաքացու: Դա բավականին երկար եւ բարդ գործընթաց է, մանավանդ մեզ համար, որ դարերով պետականություն չենք ունեցել: Բայց ցավալի է, որ բժիշկնե՛րն են վերածվում ամբոխի»,- հնչեց պատասխանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ուղերձին՝ Վ. Հարությունյանն ասաց. «Ուղերձով կարող է հանդես գալ միայն ազգընտիր նախագահը: Սերժ Սարգսյանը մեծամասնության քվեն չի ստացել. դրա վառ ապացույցը փետրվարյան հանրահավաքներն են եւ մարտի 1-ի գնդակահարությունը: Եթե նա մեծամասնության քվեն ստացած լիներ՝ գուցե հանրահավաքները ցրելու, մարդու իրավունքները սահմանափակելու եւ այլ խնդիրներ ունենար, բայց՝ ոչ ցուցարարների վրա կրակելու: Կրակում են միայն նրանք, ովքեր գիտեն, որ պարտված են, կորցնում են ամեն ինչ… Այդ ուղերձում անդրադարձ չկար ՀՀ-ին հուզող որեւէ լուրջ թեմայի՝ ԼՂՀ հարց, հայ-թուրքական հարաբերություններ, քաղբանտարկյալներ, «մարտի 1», եվրոկառույցների գնահատականներ: Դրանցից դուրս ցանկացած ելույթ անիմաստ է»: