Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂՆ ԻՐՈՔ ՑՈՒՑԱՐԱ՞Ր ԷՐ

Հոկտեմբեր 09,2008 00:00

\"\"Պարոնյան փողոցում ոստիկանության զորքերի փշալարեր տեղափոխող մեքենայի կողմից վրաերթի ենթարկված Գեւորգ Թեւանյանը հակասական վկայություններ է տալիս իրեն վրաերթի ենթարկողի մասին:

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը խոստացավ հաջորդ նիստերից մեկում ապահովել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 27-ամյա բնակիչ Գեւորգ Թեւանյանի ներկայությունը, որին վրաերթի էր ենթարկել ոստիկանության զորքերի «ՈՒԱԶ»՝ փշալարեր տեղափոխող մեքենան: Նա նման պատրաստակամություն թերեւս չհայտներ, եթե վստահ չլիներ, որ Գեւորգ Թեւանյանը հաստատելու է նախաքննության վարկածը, այն է՝ ոստիկանական «ՈւԱԶ»-ի ղեկին եղել է «քաղաքացիական հագուստով երիտասարդ»: Այդ մասին նա, ըստ քննիչի արձանագրած ցուցմունքի՝ պնդել է ապրիլի 7-ին իբրեւ տուժող հարցաքննության ընթացքում: Այստեղ նաեւ հայտնել է, թե երբ մարտի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, «հետաքրքրությունից դրդված» եկել է Մյասնիկյանի արձանի մոտ եւ հետո շարժվել Մաշտոցի պողոտայի կողմը՝ «տեսա, որ փողոցում միայն քաղաքացիներ են, եւ շուրջբոլորը ոստիկաններ ու զինվորներ չկան»: Հավելել է, թե այդ տարածքը գտնվում էր «ջարդարարների», «մասսայական անկարգություններ կատարողների» «տիրապետության» տակ. «Հաստատ կարող եմ ասել, որ մեքենայի ղեկին նստած էր այդ ջարդարարներից որեւէ մեկը, որն, իմ կարծիքով, մեքենան ցանկանում էր վարել ոստիկանների ուղղությամբ եւ մխրճել նրանց շղթայի մեջ»: Նկատենք, որ «ջարդարար», «մխրճել» եւ նման բառերի ընտրությունը առնվազն զարմանալի են միջնակարգ կրթություն ունեցող, շինարարությամբ ու հողագործությամբ զբաղվող գյուղացու համար: Ի դեպ, Գեւորգ Թեւանյանն, ըստ իր ցուցմունքի՝ 2008-ի հունվարից ՀՀԿ անդամ է:

Վերջերս նույն Գեւորգ Թեւանյանն իրեն այցելած լրագրողին («ԺԵ», 1-ը հոկտեմբերի) պատմել էր, որ մեջքով կանգնած է եղել եւ չի տեսել իրեն վրաերթի ենթարկածի դեմքը եւ առհասարակ ոչ մի մանրամասն չի հիշում այդ օրվա դեպքերից: Հիշում է միայն, որ դեպքից մի քանի օր անց արթնացել է հիվանդանոցում: Իսկ նրա ընտանիքի անդամները պատմել են, որ միայն հեռուստատեսությամբ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նիստին վերաբերող ռեպորտաժը դիտելուց հետո են իմացել, որ Գեւորգին վրաերթի ենթարկածը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար: «Ո՞նց կարող էր ցուցարարը ոստիկանական մեքենան խլել, կամ՝ էդ քանի՞ գլխանի էր էդ ցուցարարը, որ մեքենան առներ ու էդքան ժողովրդի մեջ քշեր,- զարմացել էր Գեւորգի հայրը՝ Կառլեն Թեւանյանը:- Ցուցարար ա եղել, ոստիկան, թե զինվոր՝ իրենք պետք է պարզեն, Գեւորգն ի՞նչ իմանա…»:

Նշենք, որ իր առաջին՝ մարտի 8-ի հարցաքննության ընթացքում Գեւորգ Թեւանյանն ասել էր այն, ինչ պատմել էր լրագրողին, թե հիշում է միայն այն, որ փշալար բացող մեքենան հարվածել է իրեն, եւ չի հիշում, թե ինչ է եղել դրանից հետո:

Սակայն գործում կան նաեւ ցուցմունքներ, որոնք հաստատել են նախաքննության վարկածը: Այդ ՈՒԱԶ-ի վարորդ Սերոբ Գրիգորյանը, որը ժամկետային զինծառայող է, ցուցմունքում նշել է, թե երբ հրաման է ստացել ավտոմեքենան մոտեցնել Մաշտոցի պողոտայի սկզբնամասին եւ «փշալարի մի ծայրն ամրացնել մայթեզրին»՝ ամբոխից քարեր են նետել իրենց ուղղությամբ. «Ես հանեցի ավտոմեքենայի բանալին եւ համածառայող զինվոր Արգիշտի Կարակելյանի հետ միասին փախանք Սուրբ Սարգիս եկեղեցու բակ: Փախչելիս տեսա, որ ամբոխից մի քանի հոգի տեղաշարժելով եւ հրելով մեր ավտոմեքենան՝ փորձում են հետ տանել խաչմերուկի ուղղությամբ»: Քննիչի հարցին ի պատասխան՝ պարզաբանել է, թե առանց այդ ավտոմեքենայի բանալիի էլ՝ «հնարավոր է շարժիչը գործի գցել բանալիի կողպեքի հոսանքալար լարերն իրար միացնելու միջոցով: Բացի այդ՝ նշեմ, որ բանալու անցքը դեֆորմացված էր, եւ հնարավոր էր շարժիչն աշխատեցնել նաեւ ինչպես նույնատիպ այլ բանալիով, այնպես էլ պտուտակահանով»: Մեկ այլ զինվոր՝ Խաչատուր Մարգարյանը ցուցմունք է տվել, թե դրանից հետո տեսել է, որ «ՈՒԱԶ» մեքենան գալիս էր դեպի իրենց. «Եվ այն վարում էր մի անծանոթ քաղաքացի եւ հասնելով բարձրահարկ նորակառույց շենքի տակ գտնվող սուպերմարկետի դիմացի հատվածին՝ ավտոմեքենան կանգնեցրեց եւ իջնելով ավտոմեքենայից՝ նորից հետ փախավ դեպի ամբոխի կողմը»:

ԱԺ հանձնաժողովի նիստում Վահագն Հարությունյանն ասել էր, թե հարցաքննվել են խանութի աշխատակիցներ, որոնք տեսել են վրաերթի ենթարկողին՝ մի երիտասարդի: Իրականում զինվորներից բացի՝ այս դրվագով հարցաքննվել է միայն Պարոնյան 8 շենքը հսկող ոստիկան Էդգար Մխիթարյանը, որը շքամուտքից, ըստ իր ցուցմունքի՝ տեսել է, թե ինչպես է ոստիկանական մեքենան թեքվում դեպի այդ շենք. «Հարվածեց կանգնած ավտոմեքենային եւ խանութի դիմացի քարի հարթակին ու կանգնեց: Ես հասկացա, որ վարորդը չէր կարողացել տիրապետել ավտոմեքենայի ղեկին կամ խամ քշող էր: Մեքենան կանգնելուց հետո վարորդի կողմից դուռը բացվեց, եւ մի երիտասարդ քաղաքացի դուրս նետվեց ու վազելով հետ գնաց: Մոտ 20 րոպե հետո 30-40 տղամարդ՝ այն բանից հետո, երբ չկարողացան շարժի գցել ավտոմեքենան, այն հրելով մի փոքր առաջ տարան ու այրեցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել