Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱԿՆԻՇՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

Հոկտեմբեր 08,2008 00:00

«Վազ»-2107 մանկիշի ավտոմեքենա՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ երեկ այսպիսի պարգեւ ստացան «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացած՝ Տավուշի մարզի Իջեւանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանն ու Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանը: Չնայած տարեցտարի հայկական կրթադաշտը փորձ է արվում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, սակայն լավագույն ուսուցիչների պարգեւ-ավտոմեքենաները համառորեն մնում են «սովետական» մակնիշի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խոստացավ. «Մյուս տարի մեքենաների մակնիշներն անպայման կփոխվեն»: Իր շնորհավորանքի ելույթում Տ. Սարգսյանը նաեւ խոստացավ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը: Լրագրողները կոնկրետ թվեր պահանջեցին: «2009-ի համար մեր թիրախային աշխատավարձի չափը 120 հազար դրամն է, իհարկե, նայած ծանրաբեռնվածության՝ ուսուցիչների աշխատավարձերը կտարբերվեն իրարից»,- հնչեց պատասխանը: Վարչապետը նաեւ նշեց, որ անելու են այնպես, որ ուսուցչի մասնագիտությունը մեր երկրում դառնա ամենակարեւորը: Լրագրողներին հետաքրքրեց, թե ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է արժանի այս պարգեւներին: «Պիտի ձգտենք նրան, որ Հայաստանում աշխատող բոլոր ուսուցիչներն արժանի լինեն այն պարգեւներին, որ այսօր հանձնեցինք լավագույն ուսուցիչներին»,- նշեց վարչապետը: Երեկ «ՀՀ վաստակավոր մանկավարժ» կոչմանն արժանացավ՝ 8, «Մովսես Խորենացի» մեդալի՝ 8, «ՀՀ վարչապետի հուշամեդալի»՝ 3, «ՀՀ վարչապետի շնորհակալագրի»՝ 6, ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի»՝ 3, ԿԳՆ պատվոգրերի՝ 4 մանկավարժ: «Լավագույն տնօրեն» կոչմանն արժանացավ Վայոց ձորի Մալիշկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, որին ոչ թե սովետական ավտոմեքենա, այլ համակարգիչ բաժին ընկավ:

«Առավոտը» կոչումների եւ պատվոգրերի արժանացած ուսուցիչների հետ խոսեց կրթական ոլորտի որոշ խնդիրների մասին: ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացած Երեւանի թիվ 135 դպրոցի ուսուցչուհի Էսֆիրա Խառատյանից հետաքրքրվեցինք, թե կոչումը կամ մեդալը բավարա՞ր է ուսուցչի վաստակը գնահատելու համար: «Այն անգնահատելի է, ուսուցչին իրականում աշակերտն է գնահատում»,- հնչեց պատասխանը: «Մովսես Խորենացի» մեդալի արժանացած՝ Շիրակի Գյումրու «Օյանջյան» վարժարանի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանն ասաց. «Այս մեկ օրում երեւաց այսքան տարիների աշխատանքի գնահատականը: Իսկ կրթական խնդիրներից է ֆինանսավորման թերի եւ դասագրքերի՝ անհասկանալի լեզվով գրված լինելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել