Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հոկտեմբեր 08,2008 00:00

Մրցաշրջանը դեռ չի ավարտվել

\"\"Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում անցկացվելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի մրցանակների միջազգային ավանդական 13-րդ խաղարկությունը:

Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն մասնակցության հայտ ստացվել է Ռուսաստանից (երեք թիմ), Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից ու չբացառեց, որ մասնակցել ցանկացող երկրների թիվը կարող է ավելանալ: Ինչպես միշտ, այս անգամ էլ սպասվում է, որ Հայաստանում մրցագորգ կմտնեն աշխարհի, Եվրոպայի, այլ մայրցամաքների առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են առանձին քաշային կարգերում մեր ազգային հավաքականի առաջին երեք համարները, ինչպես նաեւ երիտասարդականի երկու առաջատար ըմբիշները:

Լյովա Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի ըմբիշները մրցաշրջան 2008-ը կեզրափակեն Կրասնոդարում կամ Ֆրանսիայում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցելով, որից հետո հավաքականները կսկսեն ուսումնամարզական հավաքները՝ եկող տարվա պատասխանատու մրցումներին նախապատրաստվելու նպատակով: Տարին կսկսվի հունվար ամսին Հայաստանի առաջնությունով, որին կհաջորդեն Ուկրաինայում եւ Իրանում միջազգային ավանդական մրցաշարերը, իսկ ապրիլի սկզբներին մեր լավագույն ըմբիշները Վիլնյուսում հանդես կգան Եվրոպայի առաջնությունում:

Նախապատրաստվում են Հայաստանի հետ հանդիպմանը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Վանդերէյկենը հրապարակել է հոկտեմբերի 11-ին՝ Հայաստանի եւ հոկտեմբերի 15-ին՝ Իսպանիայի ընտրանիների հետ ՖԻՖԱ-ի 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումներին նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը: Նրանք են:

Դարպասապահներ. Ստեյն Ստեյնեն («Բրյուգե»), Սիլվիո Պրոտո («Ժերմինալ»), Բրիան Վանդենբուսխե («Հերենվեն», Հոլանդիա):

Պաշտպաններ. Ֆիլիպ Դամս («Բորուսիա», Մյոնխենգլադբախ, Գերմանիա), Մարկ Դե Ման («Ռոդա», Հոլանդիա), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դանիել Վան Բույտեն («Բավարիա», Գերմանիա), Յելե Վան Դամմ («Անդերլեխտ»), Անտոնի Վանդեն Բորե («Ջենոա», Իտալիա), Տոմաս Վերմալեն («Այաքս», Հոլանդիա), Գիլ Սվերտս («ԱԶ» Ալկմաար, Հոլանդիա):

Կիսապաշտպաններ. Գաբի Մունդիգայ («Բոլոնիա», Իտալիա), Ստեվեն Դեֆուր («Ստանդարտ»), Տիմի Սիմոնս («ՊՍՎ» Էյնդհովեն, Հոլանդիա), Ֆարիս Հարուն («Ժերմինալ»), Յան Վերտոնգեն («Այաքս», Հոլանդիա), Գիյոմ Ժիլ («Անդերլեխտ»), Աքսել Վիստել («Ստանդարտ»):

Հարձակվողներ. Ստեն Հույսեգեմս («Տվենտե», Հոլանդիա), Մուսա Դեմբելե («ԱԶ» Ալկմաար, Հոլանդիա), Ուեսլի Սոնկ («Բրյուգե»), Ստեյն Դե Սմետ («Մերկլ Բրյուգե»), Տոմ Դե Սուտեր («Մերկլ Բրյուգե»):

Ամենաազդեցիկ անհատականությունները՝ սպորտում

Ցուցակը, որում ընդգրկվել է 25 մարդ, կազմել է ամերիկյան «Business Week» հանդեսը: Հարցմանը մասնակցել է 35 հոգի՝ մարզիկներ, ընկերությունների ղեկավարներ, լրագրողներ եւ գիտնականներ: Նրանց առաջարկված է եղել իրենց թեկնածուներին ընտրել նախապես ներկայացված 300 հոգու ցուցակից: Արդյունքների ամփոփումից հետո առաջին եռյակը, համապատասխանաբար, կազմել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն եւ «Ֆորմուլա-1» մրցարշավի ղեկավար Բեռնի Էքլսթոունը:

Տասնյակում տեղ են գտել «Adidas» ֆիրմայի ղեկավար Հերբերտ Հայները, ֆուտբոլիստներ Դեւիդ Բեքհեմը, Կրիշտիանու Ռոնալդուն, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, աշխարհի առաջնությունների հետ կապված հովանավորչական գործառույթները, հեռուստահեռարձակումների իրավունքները եւ լիցենզիաների տրամադրումը կարգավորող ճապոնական «Դենցու» ընկերության ղեկավար Խարույուկի Տակախասին:

Համաշխարհային սպորտում ամենաազդեցիկ 25 անհատականություններից են նաեւ Իտալիայի վարչապետ եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, «Ֆորմուլա-1»-ի աստղեր Լյուիս Հեմիլտոնը եւ Միխայել Շումախերը, Միլանի «Ինտեր» ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել