Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՍՊԻՍ»-ՈՒՄ ՀԻՎԱՆԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽՆԱՄՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 08,2008 00:00

\"\"Առողջ հասարակության զարգացման առաջին գրավականը մարդասիրությունն ու գթասրտությունն են։ Իսկ մարդկային այդ բարձր արժանիքներն ու կարեկցանքը դիմացինի նկատմամբ առաջին հերթին դրսեւորվում են հոսպիսներում, որտեղ բուժում, խնամք ու մխիթարություն են ստանում անբուժելի համարվող, անօգնական ու միայնակ հիվանդները։ «Հոսպիս» բառը լատինական ծագում ունի. այն թարգմանաբար նշանակում է «հյուրասիրություն ցուցաբերող»։ Հնագույն ժամանակներում հոսպիսներն ուխտավորների եւ հիվանդների համար նախատեսված օթեւաններ էին։ Այս երեւույթը՝ ժամանակակից ընկալումներով, վերածնվեց 1967 թվականին Մեծ Բրիտանիայում։ Այսօր արդեն հոսպիսներ գործում են աշխարհի շատ երկրներում։ Հոսպիսային շարժման հիմքը դրվել է նաեւ Հայաստանում։ Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի տարածքում իր գործունեությունն է շուտով սկսելու Հայաստանում առաջին «Հոսպիսը»: Սոցիալ-առողջապահական գործառույթներ իրականացնող խնամքի եւ վերականգնողական այս ձեռնարկությունն «Առողջության զարգացման կենտրոնի» գործունեության հերթական ուղղություններից մեկն է: Երեւանյան «Հոսպիսը» սկզբնական շրջանում կարող է ընդունել 25-30 հիվանդի, հետագայում, սակայն, նախատեսվում է ընդլայնել բուժհիմնարկի հնարավորությունները:

Գաղտնիք չէ, որ կա հիվանդների մի խումբ, ում ապաքինումը գոնե այսօր կիրառվող բուժումների տեսանկյունից արդեն իսկ գրեթե անհնար է համարվում, բայց, միեւնույն ժամանակ, նրանք մեծ հոգատարության եւ ամենօրյա խնամքի կարիք ունեն: Հիվանդանոցներում նման հիվանդներին այլեւս նպատակահար չեն գտնում պահել, իսկ տանը՝ առանձնապես երկար տարիներ հիվանդների խնամելը թե ֆիզիկապես, թե հոգեբանական տեսանկյունից ծայրաստիճան բարդ է, իսկ սանիտարահիգիենիկ տեսանկյունից (նախ եւ առաջ խնամողների համար) որոշ դեպքերում նույնիսկ՝ աննպատակահարմար: Հոսպիսների զարգացումն աշխարհի տարբեր երկրներում աստիճանաբար հանգեցրել է նրան, որ այժմ այս հասկացությունն իր մեջ ներառում է ոչ միայն անհույս հիվանդների հանդեպ խնամք իրականացնելու իմաստը, այլեւ վերականգնողական որոշ գործառույթներ:

Երեւանյան «Հոսպիսի» ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հայկ Մինասյանի տեղեկացմամբ՝ նորաբաց «Հոսպիսը» նաեւ գիտական կենտրոն է լինելու, որի շնորհիվ բարձրակարգ մասնագետները, կիրառելով բժշկագիտության՝ բառիս բուն իմաստով, վերջին եւ ոչ ստանդարտ մոտեցումները նաեւ, կփորձեն անհույս համարվող հիվանդների կյանքը երկարաձգել եւ, ինչու չէ, որոշ դեպքերում նաեւ վերականգնել հիվանդի առողջությունը: Այսինքն՝ «Հոսպիսը» զբաղվելու է նաեւ անբուժելի համարվող հիվանդների համար առաջատար բուժական միջոցառումներ իրականացնելով: «Հոսպիսում» հիվանդների, եթե կարելի է այդպես ասել, կյանքի որակը պետք է փոխվի, նրանց շուրջ համապատասխան հոգեբանական մթնոլորտ պիտի ստեղծվի, հույս ներշնչվի, որ նրանց առողջության վերականգնման համար արվում է առավելագույնը ու գուցե մի բան էլ ավելին»,- նշում է Հայկ Մինասյանը։ Պակաս կարեւոր չէ նաեւ հիվանդի մտերիմների համոզմունքը, որ իրենց բարեկամին հոգատար եւ պրոֆեսիոնալ խնամք իրականացնողներին է վստահել: Նա նաեւ ավելացնում է, որ յուրաքանչյուր նոր, առավել եւս բնույթով նմանը չունեցող ձեռնարկության հիմնումը պայմանավորված է հասարակական կամ, եթե կարելի է ասել, սպառողական պահանջարկով. «Մինչ «Հոսպիսի» ստեղծումը երկարատեւ եւ համակողմանի ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու համար այս տիպի հաստատությունների շուրջ հասարակական կարծիքը, ինչպես նաեւ այժմ առկա ու հեռանկարային պահանջարկը: Միայն մի օրինակ բերեմ, որը, կարծում եմ՝ բավարար է, որպեսզի համոզվենք, որ հոսպիսների գործունեության պահանջարկը մեր երկրում մեծ է. անցած տարի ՀՀ կառավարությունը քննարկել եւ համապատասխան որոշում է ընդունել մեզանում գործող բազմաթիվ խնամքի կենտրոնների աշխատանքների արտոնագրման կարգի խստացման վերաբերյալ: Սա նշանակում է, որ խնամքի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները, բնականաբար՝ առկա պահանջարկից ելնելով, շատացել են, եւ նրանցից ոչ բոլորն են համապատասխանում ժամանակի նորացված պահանջներին: Եվ այս ոլորտը լրացուցիչ կարգավորելու պահանջ է առաջացել»:

«Հոսպիսի» առջեւ դրված լուրջ նպատակներով եւ աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմ ունենալու պահանջներով է պայմանավորված նաեւ մասնագիտական կադրերի խիստ ընտրությունը, որը իրականացվեց «Հոսպիսի» ղեկավարության կողմից:

«Հոսպիսը» բարեգործական կազմակերպություն չէ, թեպետ, Հայկ Մինասյանի տեղեկացմամբ, բարեգործական ձեռնարկները չեն բացառվում: Միաժամանակ նշենք, որ ֆինանսական առումով «Հոսպիսում» հիվանդների խնամքը, բուժմանն ուղղված գործողությունները թեպետ էժան չեն, սակայն այն դժվար թե էականորեն տարբերվի տան պայմաններում իրականացվող ծախսերից: Կենտրոնի ղեկավարը չի բացառում, որ ապագայում որոշ ծախսեր պետպատվերի շրջանակներում կհոգա նաեւ պետությունը:

«Հոսպիսի» հասցեն է՝ Երեւան, Հարավ-արեւմտյան թաղամաս, Անդրանիկի 2Ա (թիվ 19 պոլիկլինիկայի տարածքում): Հեռախոս՝ (010) 746181:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել