Հետեւում են մնացել նախագահական ընտրությունները, սակայն ընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, քանի որ ընթանում են
ՏԻՄ ընտրություններ, որոնք ուղեկցվում են սեւ փիառով:
Արարատի մարզի Հնաբերդ գյուղ կատարած մեր այցի դրդապատճառը եւս համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների անվան շուրջ շրջանառվող լուրերն էին:
Դեռ մեր նպատակակետ չհասած, զրուցեցինք Հնաբերդի հարեւանությամբ գտնվող Այգեստանի բնակիչների հետ, ովքեր ավելի շատ խոսեցին թեկնածուներից մեկի՝ Զավեն Մեջլումյանի մասին, ով նաեւ գործող գյուղապետն է եւ ում անվան շուրջ էլ հյուսվել է սարդոստայնը: Բազմաթիվ դրական քայլեր նշելուց զատ, նրանք ավելացրին նաեւ, որ, երբ վերջերս լուրեր էին պտտվում համայնքների միավորման, խոշորացման մասին, իրենց գյուղի բնակչության մեծ մասն ուզում էր, որ նոր ձեւավորվելիք համայնքը ղեկավարի Զավեն Մեջլումյանը: Իսկ Հնաբերդում մեր զրուցակիցները չզլացան կետ առ կետ ներկայացնել գյուղապետի կատարած աշխատանքները, կարեւորելով ոռոգման ջրի խնդրի լուծումը: Նրանք չմոռացան հիշատակել, որ Զ. Մեջլումյանի ջանքերով է գյուղը գազիֆիկացվել, լուծվել է խմելու ջրի խնդիրը, իրականություն է դարձել հնաբերդցիների տարիների երազանքը՝ ունենալ գեղեցիկ ու բարեկարգ դպրոց, որը շուտով կբացի իր դռները, խճապատվել, հարթեցվել են փողոցները, որոնք նախկինում եղել են գրեթե անանցանելի:
Որքան էլ զարմանալի էր, չհանդիպեցինք գյուղապետի, այսպես ասած, վատը կամեցողներից մեկին: Իսկ ինչ վերաբերում է մյուս թեկնածուին՝ Հենրիկ Ավագյանին, ոմանք չէին ուզում լսել նրա անունը, ոմանք էլ չէին թաքցնում իրենց վրդովմունքը, նշելով, որ «այն ժամանակ, երբ նա գյուղի հարկահավաքն էր, մարդկանցից փողերը հավաքեց ու փախավ արտասահման, հիմա էլ եկել է, որ Մեջլումյանի սարքած-շինածին տիրանա, որ հետո նորից ինչ իրեն պետք է՝ վերցնի ու փախնի…»: Մի տարեց կին էլ զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող է նա գյուղ ղեկավարել, երբ սեփական ընտանիքը չի կարողանում ղեկավարել: Մեր զրուցակիցները նաեւ ավելացրին, որ իրենք շատ լավ գիտեն, թե ով ով է:
Եվ քանի որ գյուղ էինք հասել, չէինք կարող չզրուցել նաեւ Զ. Մեջլումյանի հետ:
– Պարոն Մեջլումյան, դուք արդեն չորրորդ անգամ եք առաջադրվում որպես գյուղապետի թեկնածու: Համայնքապետի պաշտո՞նն է այնքան գայթակղիչ, թե՞…
– Սկսեմ այնտեղից, որ ես երիցս ընտրված գյուղապետ եմ, այո՛, ընտրված, ոչ թե՝ նշանակված: Ինձ իմ համագյուղացիներն են ընտրել՝ իմ մեջ տեսնելով այն մարդուն, ով կփորձի լուծումներ տալ գյուղում առկա խնդիրներին, ում մտահոգում է մարդկանց դարդ ու ցավը: Ես ընտրվել եմ ոչ այն պատճառով, որ, ինչպես ոմանք են շահարկում, ունեմ «վերեւների դաբրոն», այլ, որովհետեւ վայելում եմ իմ ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը: «Հոգանք մեր համայնքի համար այնպես, ինչպես մեր ընտանիքի համար ենք հոգում». ահա այս սկզբունքով եմ առաջնորդվել 1999թ. դեկտեմբերի 12-ից սկսած, այսինքն՝ իմ ընտրվելու առաջին իսկ օրից: Իսկ համայնքի ղեկավարի պաշտոնն ինձ համար ոչ թե վայելք է, այլ՝ պատասխանատվություն, լուրջ, տքնաջան ու ամենօրյա աշխատանք, եւ այս անգամ էլ առաջադրվել եմ, որ շարունակեմ իմ ժողովրդանպաստ գործունեությունը:
– Ձեր համայնքը թեեւ փոքր է, բայց մեծ գյուղերի նման դեռեւս ունի խնդիրներ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:
– Այո՛, փոքր համայնք՝ բազում պրոբլեմներ, որոնց մի մասն արդեն գտել է իր լուծումները, իսկ ինչ վերաբերում է առաջիկա քայլերին, ապա նշեմ, որ առաջնային եմ համարում գյուղի մշակույթի տան վերանորոգումը, որն ընդգրկված է Սոցհիմնադրամի ծրագրում եւ, կարծում եմ, որ գալիք տարում այն կվերանորոգվի:
Հուրախություն իմ համագյուղացիների, ասեմ, որ շատ շուտով գյուղը կունենա մանկապարտեզ եւ այն շենքում, որտեղ մինչ այժմ հնչում է դպրոցական զանգը, շուտով կլսվեն մանուկների ճիչերը: Փոքրիկների ուրախությունը լիակատար կդարձնի սփյուռքահայ բարերար Ռիչարդ Բոյաջյանի նվիրատվությամբ կառուցված խաղահրապարակը: Ի դեպ, հավելեմ, որ նրա աջակցությամբ է վերանորոգվել հին դպրոցի տանիքը:
Կան հեռահար մի քանի ծրագրեր եւս, որոնցից մեկի իրականացման համար պարոն Բոյաջյանը տվել է իր համաձայնությունը, եւ նպատակ կա գյուղում հիմնել չրի արտադրություն, որով ինչ-որ չափով կլուծվի գյուղացիների զբաղվածության հարցը:
Ինչպես հայտնի է, Հնաբերդի տարածքում է գտնվում պատմական Դվինը, որը հետաքրքրում է ե՛ւ հայ, ե՛ւ օտարերկրյա զբոսաշրջիկներին, եւ գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնելու նպատակով կարեւորում եմ հյուրանոցային համալիրի կառուցումը:
Նշեմ, որ Ասիական բանկով հաստատվել է եւ եկող ամսվա ընթացքում կսկսվեն ներտնտեսային հին ջրագծի վերափոխման աշխատանքները: Քայլեր են ձեռնարկվում գյուղում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Ավելացնեմ նաեւ, որ իմ կողմից չեն անտեսվել տրանսպորտային խնդիրները, որոնց մասին հարց է բարձրացվել մարզպետարանում եւ, կարծում եմ, դրանց շուտով լուծում կտրվեն:
– Ցանկացած ընտրության ժամանակ թեկնածուներից յուրաքանչյուրն ասում է, թե ինքն է արժանավորը: Ինչպե՞ս կողմնորոշվի ընտրողը:
– Ասեմ, որ ե՛ւ ինձ, ե՛ւ մյուս թեկնածուին մեր համագյուղացիները շատ լավ են ճանաչում: Չեմ ուզում հավասարվել մյուս թեկնածուի մակարդակին եւ առաջնորդվել պիտակավորելու, անհիմն մեղադրանքներ առաջադրելու սկզբունքով, բայց կան որոշ հարցեր, որոնց ուզում եմ անդրադառնալ՝ ուղղակի հիշեցման կարգով: Նախ տեղեկացնեմ գյուղի «ղեկավար մարմիններում» աշխատած Ավագյանին (եթե, իհարկե, հարկահավաքը համարվում է ղեկավար մարմին), որ Հնաբերդն ունի 102 հա հողատարածք, 700 բնակիչ, 492 ընտրող: Եթե Հ. Ավագյանը մոռացել է, ապա գյուղացիները շատ լավ են հիշում, որ իր «ղեկավար մարմիններում» աշխատած տարիներին գյուղում ոչ մի կառուցողական աշխատանք չի կատարվել, ընդհակառակը, իրականացվել է ալան-թալանի գործընթացը, իսկ ֆերմայի եւ տեխպարկի չնչին գրոշներով սեփականաշնորհման գործընթացում անմասն չի մնացել նույն ինքը՝ Հ. Ավագյանը: Վերջինս ինձ մեղադրում է գյուղին տրված թունաքիմիկատների օգնությունը յուրացնելու մեջ, բայց ես հայտարարում եմ, որ գյուղը նման տեսակի օգնություն չի ստացել: Իսկ ինչ վերաբերում է իմ ունեցած հողատարածքներին, ապա բոլորն էլ գիտեն, որ դրանց մի մասը ես գնել եմ մինչ գյուղապետ դառնալս, մի մասն էլ՝ հետո:
Թերթերից մեկում տպագրված հարցազրույցում Հ. Ավագյանը նշել է, որ ի սկզբանե հավատարիմ է եղել ՀՀՇ գաղափարախոսությանը, սակայն նույն այդ «հավատարիմը» լարախաղացի նման տեղից տեղ է թռել: Անհերքելի է այն փաստը, որ նա, լինելով ՀՀՇ «հավատարիմը», 2007թ. խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՀԿ վստահված անձ:
Ինչեւէ, ես վստահ եմ, որ ազնիվ ու շիտակ հնաբերդցին չի գայթակղվի կեղծ խոստումներով, թույլ չի տա քանդել այն ամենը, ինչը կառուցվել, ձեռք է բերվել բավական դժվարությամբ, եւ յուրաքանչյուր ընտրող կքվեարկի խղճի մտոք, եւ ես կշարունակեմ իմ գործունեությունը՝ ի շահ իմ հարազատ ծննդավայրի զարգացման, ի շահ իմ ժողովրդի: